Հաղթել է սեփական ժողովրդին

Հաղթել է սեփական ժողովրդին

Լսում եմ Բագրատ սրբազանին, շրջում եմ Հանրապետության հրապարակ եկած մարդկանց միջով` ականջ դնելով նրանց զրույցներին եւ մտածում եմ. Իմ խեղճ, միամիտ ժողովուրդ, ինչքա~ն վատ ես ճանաչում Նիկոլ Փաշինյանին, որ հույսեր ես փայփայում, թե նա ինքնակամ հրաժարական կտա: 2018-ի անհավանական ավանտյուրան իրականացնելով` իշխանության եկած, իշխանության հասնելու համար մերկ ձեռքով փշալար բռնած, այսքան «հրի ու ջրի» միջով անցած, այսքան ավերածություններ արած, այսքան կարմիր գծեր անցած, այսքան թուքումուր տարած մարդը, պարզ չէ՞, որ ընդամենը մեկ կրեդո ունի, մեկ ծրագիր` պահել իշխանությունն ամեն գնով: Հակառակ դեպքում` այս 6 տարվա ընթացքում բազմաթիվ առիթներ են եղել իշխանությունը խաղաղ եղանակով փոխանցելու` իր որեւէ թիմակցին, կամ` ընտրությունների ճանապարհով որեւէ քաղաքական ուժի: 

Եթե նա 2020-ին չհանձնեց, 2021-ին չհանձնեց, 2022-ին չհանձնեց, ինչո՞ւ պետք է 2024-ին հանձնի: Չէ՞ որ արդեն կայուն իմունիտետ է ձեռք բերել իրեն ուղղված ատելության ու հայհոյանքի, հանրային պարսավանքի ու դատապարտումների, անգամ` ծաղրի ու նվաստացման հանդեպ: Չէ՞ որ արդեն գտել է տարբեր աշխարհաքաղաքական կենտրոնների միջեւ խույս տալու, խաբելու եւ ժամանակ ձգելու ճանապարհը: Իր վրա հնարավոր չէ ազդել խնդրանք-աղաչանքներով, հայրենիքի հանդեպ ունեցած սիրո եւ հարգանքի զգացումն արթնացնելով, պետության ինքնիշխանության, պետականության կործանման կանխատեսումներով: 

Նրա վրա չազդեց այն, որ դարձավ Արցախը հանձնող ղեկավարը, նրա վրա չազդեցին 5 հազար ջահել-ջիվան զոհերը: Մի մարդ, ով իր պետության ինքնիշխանության անկումը ներկայացնում է որպես ինքնիշխանության վերելք, Արցախը հանձնելը համարում է բնականոն բան, Կիրանցը երկուկես անելը` պետականության հաղթանակ, սպասել, որ հանուն պետության եւ պետականության որեւէ քայլ կանի, առնվազն միամտություն է: Նա, ըստ էության, պատերազմ է հայտարարել իր ժողովրդին, հաղթել այդ պատերազմում եւ որոշել է լինել Հայաստանի վերջին վարչապետը: