«Հրապարակ». Արցախցին իրեն իջևանցուց, երևանցուց, վանաձորցուց չի տարբերում

«Հրապարակ». Արցախցին իրեն իջևանցուց, երևանցուց, վանաձորցուց չի տարբերում

Արցախցիները կրկին իշխանության թիրախում են հայտնվել: Ավելի վաղ հայտնել էինք, որ Ասկերանի քաղաքապետ Հայկ Շամիրյանն է տնային կալանքի ենթարկվել, իսկ Ստեփանակերտի ու Մարտակերտի քաղաքապետները կալանավորվել են: Նրանց բոլորին միանման մեղադրանքներ են առաջադրվել` փոխադրամիջոցները Արցախից Հայաստան բերելու եւ շահագործելու համար, դա դիտել են որպես պետությանը, այս պարագայում` Լեռնային Ղարաբաղի հանրապետությանը պատճառված վնաս եւ բավական չէ քրեական գործեր են հարուցել, նաեւ պետական նախկին պաշտոնյաներին, Արցախից բռնի տեղահանված համայնքապետերին 8 ամիս անց կալանաավորել են: Անգամ չեն կանչել` պահանջել այդ մեքենաները, միանգամից կալանքի են տարել: Մինչդեռ Արցախից բերված մնացած ավտոպարկը ամիսներ շարունակ արեւի ու անձրեւի տակ փչանում է` ոչ մեկը դրանք չի օգտագործում: Մի կողմից պարզ չէ, թե ինչ իրավունքով է Արցախը լուծարած ՀՀ իշխանությունը որպես Արցախի իրավահաջորդ հանդես գալիս եւ ինչու է նման գործեր հարուցում` գուցե Ադրբեջանի պահանջով, որն իր գույքն է հետ ուզում: Եւ գուցե ենթատեքստում այն միտքն է, թե ինչու եք այդ մեքենաները բերել Հայաստան` թողնեիք մեր գործընկեր Ադրբեջանին, ինչպես թողնվել է ահռելի քանակ գույք, զենք, զինտեխնիկա եւ այլ հարստություններ: 
Պարզ է, որ այս կալանքները կիրառվեցին «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանը զուգընթաց` արցախցիներին վախեցնելու եւ պայքարից հետ պահելու նպատակով, քանի որ փողոց ելնող մարդկանց մեջ մեծ թիվ են կազմում արցախցիները:  

Այն, որ այս իշխանությունների համար խափանման միջոց կալանքը ընդդիմադիրների դեմ մահակ է` պատժամիջոց, այլևս անառարկելի փաստ է, սակայն հարցը նրանում է. ինչո՞ւ հենց այսօր և ինչո՞ւ նման անհեթեթ մեղադրանքներ: Արցախի պատգամավոր Մետաքսե Հակոբյանը «Հրապարակի» հետ զրույցում անդրադառնալով թեմային ասում է. «Պետք է մի բան հաշվի առնել, որ եթե թշնամու կողմից օկուպացված են Արցախի քաղաքները, այդ դեպքում այս մարդիկ այժմ էլ գործող քաղաքապետներ են: Հայաստանի իշխանությունների թեթև ձեռքով Արցախը հանձնվել է թշնամուն: Ակնհայտ է, որ քաղաքապետներին կալանավորելը ոչ օրինաչափ է: Այս իշխանությունների համար Արցախն Ադրբեջան է և ստացվում է, որ նրանք ջանք ու եռանդ չեն խնայում Ադրբեջանի իշխանություններին հաճոյանալու համար, նրանց համար նաև շահեկան է մի ձեռքով մի քանի նապաստակ խփելը: Ինչ վերաբերում է ավտոմեքենաներին, որի համար մարդկանց են մեղադրում, ապա դրանցով մարդկանց են տեղափոխել պարզապես:

Քաղաքապետերը Հայաստան եկել են իրենց իսկ ավտոմեքենաներով, իրենց ընտանիքներին էլ Երևան են բերել իրենց մեքենաներով, տվյալ մեքենաներով մարդկանց են օգնել, պատկերացնո՞ւմ եք ու դրա համար այսօր պատժվում են: Իբրև եղել են փաստաթղթային խնդիրներ, բայց նույն այս իշխանությունները թույլ են տվել, որպեսզի դրանք ՀՀ-ում հաշվառվեն, այսինքն` սկզբում ոչ մի խնդիր չկար ու միայն այսօր պարզվեց, որ դրանց հետ կապված անօրինություններ կան: «Անի գրանդ» հյուրանոցում օրեր առաջ վերոնշյալ քաղաքապետերը հանդիպել են: Այս իշխանություններն ամեն ինչին շատ լավ հետևում են ու գիտեն, որ տվյալ համայնքի ղեկավարները մեծ սեր ու հարգանք վայելող մարդիկ են առաջին հերթին, ուստի նրանց ձայնը լսելի է: Նրանք ենթադրել են, որ այս մարդկանց պայքարին շատերն են միանալու, զուտ այն բանի համար, որ շատերն են սիրում, վստահում, հավատում նրանց, որոշել են կալանքի տակ պահել, այդքան մի բան: Տրամաբանությունն այդտեղ է տանում, սա ուղիղ քաղաքական հետապնդում է: Իրավական տեսանկյունից էլ է սա խայտառակ գործ, ոչ մի բան օրինաչափ չէ: Փորձում են այս քայլով վախեցնել մեզ` արցախցիներիս, բայց որևէ արցախցի, ով պայքարի է դուրս գալիս, որևէ մեկից չի վախենում: Ինչո՞ւ, որովհետև արցախցին իրեն իջևանցուց, երևանցուց, վանաձորցուց չի տարբերում: Հայրենիքը ձեռքներիցս գնում է, սա հայի պայքար է, իսկ հայ մարդը չի կարող ուղղակի նայել` դիտորդի նման, թե ինչ է կատարվում: Մարդկանց վախեցնելու փորձ անելով, հակառակ էֆեկտն են ստանում, այնպես են անում, որ մարդիկ ոչ մի անգամ հետքայլ չանեն ու պայքարն ավելի վճռական փուլ տանեն», - ասում է Հակոբյանը: 

Իսկ ի՞նչ ազդեցություն ունեն քաղաքապետներն այս պայքարում, նրա՞նք են համակարգում արցախցիների համախմբված պայքարը. «Որևէ կերպ չի համակարգվում նման բան: Ինձանից սկսած, մենք ոչինչ չենք համակարգում, ոչինչ չենք առաջարկում: Գուցե կան անձնական ձգտումներ, բայց որպես այդպիսին չկա համակարգում ասվածը: Մարդկանց պարզապես Բագրատ սրբազանի հետ հանդիպումները ոգևորում են, որպես ուղենիշ են գնում այնտեղ: Մարդիկ ոգևորված են,  բացի այդ շատ լավ գիտեն, թե ինչ է հայրենիքը: Հասկանում են, թե ինչ է կատարվում այժմ Կիրանցում, մենք ի վերջո ամեն ինչ մեր կաշվի վրա ենք զգացել», - եզրափակում է պատգամավորը: 

Վավերագրական ֆիլմերի ռեժիսոր Արշակ Զաքարյանն էլ անդրադառնալով Արցախի քաղաքապետերի կալանավորմանը նշում է, որ ինչպես թուրքերն ու ադրբեջանցիներն են ատում արցախցիներին, այդպես էլ նրանց ատում են Հայաստանի օրվա իշխանությունները. «Ոչ մի զարմանալի բան չկա, թուրքը միշտ էլ արցախցիներին ատել է, միշտ էլ մտածել է` ինչ վատություն անի նրանց: Չե՞ք զգացել, որ սրանք հատուկ ատելություն ունեն արցախահայերի նկատմամբ, դրա համար էլ մեծագույն սիրով Արցախը հանձնեցին Ադրբեջանին` իրենց եղբայրներին: Բոլոր թուրքերն էլ արցախահայերին չեն սիրել, ոչ մի զարմանալի բան չկա: Այսօր` ինչպես բոլոր հայերը պետք է մասնակցեն Բագրատ սրբազանի գլխավորած պայքարին ու ամեն ինչ լավ կլինի: Ընկճվելու կարիք չկա` Աստծո շնորհիվ ամեն ինչ լավ է լինելու», - ասում է Զաքարյանը: