Դա ուլտիմատում չէ, դա լրիվ ուրիշ բան է նշանակում

Դա ուլտիմատում չէ, դա լրիվ ուրիշ բան է նշանակում

ՀՀ պետական բուհերի խոշորացման եւ գիտահետազոտական ինստիտուտների հետ ինտեգրման հարցը նախ շաբաթներ առաջ քննարկվեց Գիտությունների ազգային ակադեմիայի ընդհանուր ժողովում, ապա նաեւ՝ օրեր առաջ կայացած տարեկան ընդհանուր ժողովի ժամանակ, որին ներկա էին մի շարք պաշտոնատար անձինք, այդ թվում՝ ԿԳՄՍ նախարարը, Բարձրագույն կրթության եւ գիտության կոմիտեի նախագահ Սարգիս Հայոցյանը։ 

Ս․ Հայոցյանին մի քանի հարց ուղղեցինք, որն առնչվում է բուհերի խոշորացման եւ գիտահետազոտական ինստիտուտների հետ ինտեգրմանը, մասնավորապես, որ գիտնականները դժգոհ են՝ ոչ մի քննարկումներում, նախաձեռնություններում ակադեմիան ներգրավված չէ, իսկ իրենց առաջարկները մնացել են թղթի վրա։ «Գոյություն ունի կրթության ոլորտի զարգացման ռազմավարություն, օրենք, որը պետք է կատարվի, եթե ինչ-որ մի բան այդ օրենքին ուղղահայաց է գնում, ակնհայտ է, որ դրանք ենթակա չեն դիտարկման, այսինքն՝ այստեղ հարցն այն է, որ մենք գնում ենք օրենքը կատարելո՞ւ, թե՞ չկատարելու ուղղությամբ»,- նկատեց նա։

Դիտարկե՞լ են ԳԱԱ-ի առաջարկները։ «Դե, առաջարկները նրա մասին են, որ եկեք չանենք այն, ինչ գրված է օրենքում, այլ անենք մի քիչ ուրիշ բան, որը կարող է ինքնին շատ լավ գաղափար է, բայց ոնց որ օրենքի շրջանակներում չէ»։
Ի՞նչ կասի գիտնականների այն հայտարարության մասին, ըստ որի՝ կառավարությունն ուլտիմատումով է խոսում գիտնականների հետ։ «Կառավարությունն ուլտիմատումով երբեք չի խոսում գիտնականների հետ․․․»,- նշեց Ս․ Հայոցյանը։

Այդ դեպքում՝ եթե ոչ ուլտիմատում, ապա ինչպե՞ս է բնութագրում այն վերջնագիրը, ըստ որի՝ կառավարությունը մինչեւ 2027-ը ժամանակ է տվել գիտական կազմակերպություններին՝ կողմնորոշվելու՝ միանո՞ւմ են ակադեմիական քաղաքին, թե՞ ոչ, այլ կերպ ասած՝ ենթարկվո՞ւմ են կառավարության խոշորացման ծրագրին, թե՞ հրաժարվում են, այլապես, ինչպես բարձրաձայնել են գիտական ինստիտուտների տնօրենները, պետությունը կդադարեցնի գիտական այդ ինստիտուտների ֆինանսավորումը։ «Դա ուլտիմատում չէ, եւ հետո՝ «այլապեսի» հարց չկա․․․, դա չի կոչվում «այլապես», հայտարարությունը հնչում է հետեւյալ կերպ, որ պետական ֆինանսավորում կտրամադրվի խոշորացված բուհերին ու գիտական կազմակերպություններին․․․, դա լրիվ ուրիշ բան է նշանակում»,- վստահաբար պնդեց Ս․ Հայոցյանը։

Այս դեպքում առնվազն կարող ենք եզրահանգում անել, որ չխոշորացված բուհերին եւ գիտական ինստիտուտներին չի տրամադրվելու պետական աջակցություն։ «Ցանկացած պոզիտիվ պնդման միշտ կարելի է նեգատիվ եզրակացություն անել»,- նկատեց ԿԳՄՍՆ պաշտոնյան։

Բայց կառավարությունն արդեն իսկ հրաժարվում է գումարներ հատկացնել, ներդրումներ անել այն շենքերի վրա, որոնք հետո տեղափոխելու են ակադեմիական քաղաք։ Սրա մասին դեռ մի քանի շաբաթ առաջ մեզ հետ զրույցում նշել էր ԳԱԱ նախագահը։ «Միջավայրը բարեկարգելու, բարելավելու համար դրամաշնորհ տրամադրվում է ցանկացած դրամաշնորհառուի, եւ նախատեսված է, եթե չեմ սխալվում, մինչեւ 10 մլն դրամ, բայց կապիտալ ներդրումների՝ շենքերի կառուցման համար, այո, չի արվում, քանի որ արվում է «Ակադեմիական քաղաք» ծրագիրը, ինչը շատ տրամաբանական է»։

Ինչ վերաբերում է ակադեմիական քաղաքի շրջանակներում կազմակերպվող քննարկումներին, որոնք արվում են ամեն կլաստերի ներսում՝ առանձին-առանձին, ապա․ «Քննարկումներն ընթացքում են, նոր սկսվող, լարված պրոցես է, նորմալ է այդ մասով, բայց կոնստրուկտիվ միջավայրում գնում է»։

Անդրադառնալով քննարկումների ժամանակացույցին, Ս․ Հայոցյանը նշեց, որ քննարկումները, ըստ էության, մինչեւ 2030-ն են նախատեսված, բայց «քննարկումների որոշակի փուլեր կան, որոնք պետք է ավարտվեն որոշակի տրամաբանությամբ, որպեսզի ինչ-որ պրոցեսներ գնան, քանի որ չենք կարող անվերջ քննարկել»,- նշեց նա ու հավելեց, որ բուհերի, գիտական կազմակերպությունների հետ քննարկումները մինչեւ 2027-ն են նախատեսված։         

Ի դեպ, «Ակադեմիական քաղաք» ծրագրի շրջանակում ԳԱԱ-ն գիտության եւ կրթության ինտեգրման առավել արդյունավետ, քիչ ռիսկային ու իրատեսական մի քանի տարբերակ է առաջարկել։ Այն է՝ ակադեմիական քաղաքի կլաստերներում բուհերի հետ ինտեգրում/միավորում են այն պետական գիտական կազմակերպությունները եւ կամ դրանց կառուցվածքային միավորները, որոնց գործունեությունը գերազանցապես համընկնում է տվյալ կլաստերի գործառույթների հետ (փոխադարձ համաձայնությամբ)։

Հաջորդիվ՝ ռիսկային գործոնները հնարավորինս բացառելու նպատակով կլաստերների ձեւավորումն իրականացվում է փուլային տարբերակով (պիլոտային ծրագրերի իրականացում)։

Մյուս տարբերակն այն է, որ, ակադեմիական քաղաքի կլաստերների ձեւավորմանը զուգահեռ, ԳԱԱ համակարգում մասնագիտական գործունեության ոլորտներով մոտ գիտական կազմակերպությունների հենքի վրա ձեւավորվում են գերազանցության գիտական կենտրոններ/ցանցեր, ինստիտուտներ ու միջազգային կազմակերպություններ (գլոբալ հետազոտական ուղղություններով մեկական կենտրոն), որոնք կարող են համագործակցել հանրապետության բոլոր բուհերի հետ։

Ինչպես նաեւ՝ հանրապետության գիտական, տեխնոլոգիական եւ/կամ պաշտպանական խնդիրների լուծման համար ձեւավորվում են հատուկ նշանակության գիտական/գիտատեխնոլոգիական կազմակերպություններ, որոնք գործում են վերոնշյալ երկու կառույցներից դուրս։

Թե ինչ արձագանք կստանա ակադեմիայի՝ 4 կետից բաղկացած առաջարկը, որպես այլընտրանք ակադեմիական քաղաքի փոխարեն, դժվար չէ կռահել, քանի որ ինչքան էլ ԿԳՄՍ նախարարը փորձեց հավաստիացնել, որ ակադեմիայի հետ աշխատում են սինխրոն եւ նույն ուղղությամբ, ակնհայտ է, որ դա այդպես չէ։ Ավելին՝ ԳԱԱ նախագահն իր հաշվետու խոսքում ընդգծեց, որ ակադեմիայի հանդեպ պետական գերատեսչությունների անտարբերություն կա, մի կողմից մերժվում են իրենց հայտերը՝ ակադեմիական շենքերի պահպանման ծախսերի ապահովման մասով, մյուս կողմից՝ արդեն 10-րդ տարին է, ինչ ակադեմիայի անդամների եւ թղթակից անդամների ընտրություններ չեն անցկացվում։ «Դրա պատճառով ակադեմիայի անդամների թիվը երկու անգամ նվազել է, իսկ միջին տարիքը 79.1տ է։ Որեւէ այլ երկրի ակադեմիայում նման բան չկա, բոլորն էլ ընդունված կարգով իրականացնում են ընտրություններ եւ պարբերաբար թարմացնում են համակարգը։ Այս ճանապարհով ակադեմիան տարվում է դեպի սպառում։ Հարց․ արդյո՞ք դա է մեզ պետք։ Իմ կարծիքով՝ ոչ, համոզված եմ՝ դուք էլ եք այդպես մտածում։ 80 տարվա պատմություն ունեցող համակարգը պետք է պահպանվի, զարգացվի եւ ծառայեցվի երկրի զարգացմանն ու բարգավաճմանը»,- ընդգծել էր ԳԱԱ նախագահը։