Լույս է տեսել Հրապարակ մշակութային հավելվածի նոր համարը

Լույս է տեսել Հրապարակ մշակութային հավելվածի նոր համարը
մշակութային հավելված

Սիրելի՛ ընթերցող․

Այսօր՝ դեկտեմբերի 21-ի «Հրապարակ» օրաթերթի համարում, կարող եք ընթերցել նաեւ Հրապարակ Մշակութային Հավելվածի 12-րդ համարը։ 

Համարում կարող եք կարդալ բանաստեղծ Գեւորգ Թումանյանի «Հարցազրույց քաղաքապետի հետ» վերնագրված բանաստեղծությունը։ 

Գրականագետ Ստեփան Թոփչյանը «Գոյության տագնապն ու կյանքի մղումը» արվեստագիտական հոդվածում խոսում է Երվանդ Քոչարի արվեստի մասին․ «Քոչարի աղքատ Ղազարոսը միայնակ է մղձավանջային գոյ-չգոյ-գոյ շրջապտույտում: Միայնակ, որովհետեւ պատերազմի բոլոր ճակատներում, խաղաղ բնակչության կոտորածերի, ցեղասպանությունների, մահատարած բռնագաղթերի ճանապարհներին Քրիստոսին խաչում էին անընդհատ: Որովհետեւ սկիզբ էր առել համաշխարհային աննախադեպ օտարում-միայնացում-ոչնչացում, որովհետեւ այդպես չէր կարելի ապրել, որովհետեւ այդպիսի կյանքը մարմրում է մահվան գերության մեջ»։

Հայագետ, պատմաբան Կլոդ-Արմեն Մութաֆյանը գրել է Նյու Յորքի Մետրոպոլիտենի թանգարանում բացված «Հայաստա՜ն» ցուցահանդեսի մասին․ ««Հայաստա՜նը», որ ավելի ճշգրիտ կլիներ անվանել՝ «Քրիստոնյա Հայաստանի արվեստը մինչեւ 18-րդ դարը», հիասքանչ ցուցահանդես է, բայց որպես հայկական ցուցահանդես՝ այն ձախողված է, չպատշաճող այնպիսի հաստատության համար, ինչպիսին է Մետրոպոլիտեն արվեստի թանգարանը»։ 

Բանաստեղծ, թարգմանիչ Լեւոն Բլբուլյանը հետահայց ներկայացնում է իր զրույցը ռուս գրականության ականավոր վարպետներից մեկի՝ Անդրեյ Բիտովի հետ, ով պատմում է, թե ինչպես ծնվեցին «Հայաստանի դասերը»․ «Խոստովանեմ՝ այն ժամանակ Երեւան գալու միտք չունեի, պարզապես նախօրյակին ինձ իջեցրին Ճապոնիա մեկնող ինքնաթիռի շարժասանդուղքից, եւ... ես հայտնվեցի Երեւանում: Այնպես որ, կարելի է ասել, Խորհրդային Միությունը, ԿԳԲ-ն՝ ձեռքիցս բռնած, ինձ բերին Հայաստան: Այն ժամանակ ես, իհարկե, դառնացած էի ու վիրավորված, բայց հիմա շատ գոհ եմ, որ այդպես դասավորվեց»։

Թատերագետ Գայանե Մկրտչյանը ներկա է եղել Էդգար Բաղդասարյանի նոր՝ «Էրկեն կիշեր» ֆիլմի պրեմիերային եւ անդրադարձել դրան․ «Մարմնավաճառի մուտքը շքեղ մեքենա, իբրեւ երրորդ աչք, սրություն է հաղորդում ընտանեկան փոխհրաձգությունը, իսկ փախչողների գթասրտությունը սպանված մոր գրկում գլխապատառ լացող մանչուկի նկատմամբ ավելի է ընդգծում ավելորդ հարազատին թուրքի գթասրտությանը թողնելու տմարդիությունը, թեկուզեւ մեկ օր»։ 

Հ-Գ․ Սա մեր մշակութային նախագծի վերջին համարն է, մյուս տարվանից Հրապարակ Մշակութային Հավելվածը կդառնա «Մշակութային Հրապարակ» ամսաթերթ։