Նեթանյահուն «վիրավորել» է ԱՄՆ-ի պաղեստինամետ ուսանողներին

Նեթանյահուն «վիրավորել» է ԱՄՆ-ի պաղեստինամետ ուսանողներին

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն վրդովմունք է հայտնել ԱՄՆ-ի համալսարաններում ի պաշտպանություն Պաղեստինի բողոքի ցույցերի կապակցությամբ, դրանք անվանել հակասեմական և պահանջել դադարեցնել այդ ցույցերը։
«Այն, ինչ կատարվում է ամերիկյան համալսարանների շենքերում, սարսափելի է։ Հակասեմական ամբոխները գրավել են առաջատար համալսարանները: Նրանք կոչ են անում ոչնչացնել Իսրայելը։ Նրանք հարձակվում են հրեա ուսանողների վրա։ Նրանք հարձակվում են հրեա ուսուցիչների վրա։ Սա հիշեցնում է այն, ինչ տեղի ունեցավ գերմանական համալսարաններում 1930-ականներին։ Սա պետք է դադարեցվի և միանշանակ դատապարտվի։ Բայց դա տեղի չունեցավ։ Մի քանի համալսարանների ղեկավարների արձագանքն ամոթալի է»,- ասել է Նեթանյահուն, ում հայտարարությունը հրապարակել է վարչապետի գրասենյակը։

Նրա խոսքով՝ ԱՄՆ-ում և ամբողջ արևմտյան հասարակության մեջ «հակասեմիտիզմի աճ» է նկատվում, ինչը սպառնում է «սարսափելի հետևանքներով»։ 

«Իսրայելը փորձում է պաշտպանվել ցեղասպանությունից, խաղաղ բնակիչների հետևում թաքնված ահաբեկիչներից, բայց հենց Իսրայելն է մեղադրվում ցեղասպանության, սովի և պատերազմական այլ հանցագործությունների մեջ։ Այս ամենը մեկ մեծ սուտ է։ Բայց սա նորություն չէ։ Մենք պատմության մեջ տեսել ենք, որ հակասեմական հարձակումներին միշտ նախորդել են դատապարտումներն ու զրպարտությունները, հրեա ժողովրդի հասցեին հնչեցված անհավանական ստերը, բայց մարդիկ հավատացել են դրանց»,- նշել է Նեթանյահուն։

Նա ընդգծել է հակասեմիտիզմը դադարեցնելու հրատապ անհրաժեշտությունը․ «Խնդրում եմ բոլորիդ, և՛ հրեաներին, և՛ ոչ հրեաներին, բոլոր նրանց, ովքեր մտահոգված են մեր ընդհանուր ապագայով և մեր ընդհանուր արժեքներով, ոտքի կանգնել, բարձրաձայնել, լսելի լինել: Դադարեցրեք հակասեմիտիզմը հիմա»,- եզրափակել է նա: