Կյանքի համար վտանգավոր «սեւ բորբոսի» բուժման նոր եղանակ 

Կյանքի համար վտանգավոր «սեւ բորբոսի» բուժման նոր եղանակ 

Նոր դեղամիջոցի փորձարկումները կենդանիների վրա, դրական արդյունք են տվել «սեւ բորբոս» կոչված սնկային ինֆեկցիայի բուժման մեջ։ Այս մասին հայտնում է Antimicrobial Agents and Chemotherapy (AAC) պարբերականը։ Մուկորմիկոզը, որը հայտնի է նաեւ «սեւ բորբոս» անունով, մարդու կյանքի համար վտանգավոր սնկային ինֆեկցիա է, որը առաջացնում է աչքերի շուրջ եղած հյուսվածքների բորբոքում, քթից թարախահոսում, ցավ եւ տենդ։ Սովորաբար հիվանդությունը ախտահարում է իմունային դեֆիցիտ ունեցող մարդկանց։

Հիվանդության տարածումը մեծացել էր կորոնավիրուսային պանդեմաիյի շրջանում։ Նորագույն հետազոտությունների ընթացքում գիտնականները մկների վրա հաջողությամբ փորձարկել են հակասնկային «Ամֆոտերիցին Բ» (MAT2203) դեղամիջոցի հաբերը։ Մուկորմիկոզի համար սովորաբար այս դեղամիջոցի ներերակային ներարկման տարբերակն է կիրառվում։ Գիտնականները նշում են որ դեղահաբի ընդունումը կարող է ավելի հեշտ եւ անվտանգ բուժման միջոց դառնալ։ Այն նաեւ կարող է թույլ տալ ավելի տեւական բուժում իրականացնել, առանց արտահայտված տոքսիկ էֆեկտի, որը հատկանշական է ներերակային ներարկմամբ բուժմանը։