Իսկ ակադեմիա՞ն

Իսկ ակադեմիա՞ն

Այնպես է ստացվել, որ հայ ժողովրդի պետականությունը հիմնված է եղել երեք «կետերի» վրա․ հոգևոր և աշխարհիկ իշխանություններ, ազգային մտավորականություն։

Հիմա, հոգևորն ի դեմս Բագրատ Սրբազանի՝ անում է իր քայլը։ Աշխարհիկը, հըմ․․․

1998 թվականին Վանո Սիրադեղյանը մի կարևոր միտք էր արտահայտել առ այն, որ մեկ հոգին չի կարող ստանձնել երկրի պատասխանատվությունը, դա պետք է լինի այնպես, ինչպես  «Ղարաբաղ» կոմիտեի դեպքում էր։ Նրա մտավախությունն այն էր, որ ցանկացած մեկին, շուրջբոլորը վխտացող օտարերկրյա, նույնիսկ, այլմոլորակային գործակալները կապանքների մեջ կառնեն․․․

Ենթադրաբար՝ այդպես էլ ստացվել է։ Այլապես՝ ինչպե՞ս հասկանալ այն, որ 2018 թվականին Գյումրիից քայլողների առաջնորդը հայտարարեց․ «Սերժ Սարգսյանը  մտադրված է ադրբեջանականացնել Հայաստանը»։ Ու, հիմա, այդ առաջնորդին է մեղսագրվում Հայաստանի ադրբեջանականացման մտադրությունը։ Դիտելով 2018 թվականի հարցազրույցի տեսագրությունը, դժվար է պատկերացնել, որ այդ ազնվագույն երիտասարդն ինքնակամ կգնար այդպիսի քայլի։ Հետևաբար՝ նա հայտնվել է մութ ուժերի կապանքների մեջ։ Նրան այդ կապանքներից ազատելու համար դեպի Երևան է շարժվում Բագրատ Սրբազանի առաջնորդած հայրենասերների, արժանապատիվ մարդկանց մի հոծ բազմություն՝ աշխարհիկ իշխանությանը կապանքներից ազատելու համար։ 

Իսկ երրորդ կե՞տը` ՀՀ գիտությունների ազգային ակադեմիան, ինչո՞վ է զբաղված։ Հնարավոր է, որ ավելի լուրջ գործով․ այլմոլորակային քաղաքակրթությունների ուսումնասիրությամբ․․․ կամ տարածաժամանակային բնագավառի՝  սև խոռոչների բացահայտմամբ․․․ Չլսված անտարբերություն՝ հայրենի իշխանության նկատմամբ․․․

Այլ կերպ հնարավոր չէ բնութագրել երրորդ «կետի» կրավորական դիրքորոշումը։

Գագիկ Վարդանյան