Երկու կողմի համար էլ Փաշինյանն արդեն обработанный материал է․ քաղտեխնոլոգ

Երկու կողմի համար էլ Փաշինյանն արդեն обработанный материал է․ քաղտեխնոլոգ

Ոգով՝ դուխին, եռագույնով՝ սեւ ու սպիտակին ու տաճարով փողոցին հաղթելու, հողը պաշտպանելու վճռականությամբ, Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ սրբազանի գլխավորած երթը մայիսի 9-ին Երեւանում կլինի։ «Մայիսի 9-ին մենք Աստծո կամոք կլինենք Երևանում»,- մայիսի 4-ին Կիրանցում հայտարարեց սրբազանը՝ տալով համաժողովրդական շարժման վճռական փուլի մեկնարկը։ 

Շարժումն օրհնեցին զոհված զինծառայողների ծնողները։ «4 տարի սպասել ենք այս օրվան։ Մենք այս շարժման զինվորն ենք»,- հայտարարեցին նրանք ու մեկնարկեց Կիրանցից-Երեւան քայլող երթը։

Հաղարծինում Բագրատ սրբազանը խորհրդանշական կերպով հնչեցրեց զանգերը, Սուրբ Պատարագ մատուցեց։ Ծովագյուղում նա հայտարարեց՝ առանց Վեհափառ հայրապետի օրհնության մենք չենք գործում։ Մեկնարկած շարժումն ընդլայնվում է, քաղաքացիական նախաձեռնություններ, անհատներ են միանում։ Շարժմանը միացել է նաեւ Նիկոլը, բայց ոչ Փաշինյան։ «Ամենասկզբից էլ միացել եմ քայլերթին ու արդեն 3 օր է` հորս հետ քայլում եմ: Ես միացել եմ իմ հարևան գյուղերի` Ոսկեպարի, Բաղանիսի, Կիրանցի երեխաներին։ Ուզում եմ, որ այդ երեխաները կարողանան գնալ դպրոց»,–ասել է տասնամյա աչաջուրցի տղան` Նիկոլը։ 

Տեխնոլոգիաները, սցենարները, էմոցիոնալ դրսեւորումները նման են, իսկ երբեմն էլ կրկնում են 2018-ի սցենարը։ Քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանը «Հրապարակին»-ին ասում է՝ բնական երեւյթ է, ՔՊ-ն Ջին Շարփի /«գունավոր հեղափոխությունների գաղափարախոսի»/ տեխնոլոգիաները ինքը չէր ստեղծել։ Ու թեեւ Կիրանց-Երեւան երթը կրկնում է Գյումրի-Երեւանի որոշ դրսեւորումները, ինչպես մասնագետներն են ասում՝ զարգացումները տարբեր են լինելու։ Փաշինյանը հաշտ ու խաղաղ չի գնալու, թե ինչ կլինի` դժվար է ասել, բայց պարզ է մի բան՝ նա այլեւս դուրս գրված գործիչ է։

«Փաշինյանը դուրս գրված է, ինչպես ասում են, նա обработанный материал է, ընդ որում, բոլոր ուժային կենտրոնների կողմից։ Դրա մասին են վկայում Ֆրիդոմ Հաուսի հայտնի զեկույցը, որը իշխանականների խոսքով լուրջ բան չէր, բայց որին հաջորդեց Պետդեպի զեկույցը, որն ավելի դաժան էր։ Դրա մասին է վկայում այն ծիծաղելի ֆինանսական օժանդակությունը, որը ապրիլի 5-ին հայտարարվեց»,-նշում է քաղտեխնոլոգը՝ շեշտելով, Ռուսաստանը եւս Փաշինյանին «դուրս է գրել»։

Ինչ վերաբերում է արդյունքին՝ Կարեն Քոչարյանի խոսքով, գլխավոր խնդիրն այն է, թե որ ուժային կենտրոնն առաջինը կլինի․ «Հիմա մրցակցություն է գնում, դրա համար իրար ասում են՝ դու «ռսի ագենտ» ես, «դու ամերիկացու ագետ» ես»։

Ի դեպ «ռսի ագենտ» -ի թեման, որ մերձիշխանական քարոզիչներն են փչում, կեսկատակ այսօր մեկնաբանեց նաեւ Բագրատ սրբազանը։ «2 տարի բնակվել եմ Անգլիայում, 10 տարի` Կանադայում ու պարզվում է, որ այդ ժամանակ էլ եմ ռուսական ագենտ եղել։ Կրեմլից ֆինանսավորվել եմ, մեկ–մեկ էլ Անգլիական պալատն է ֆինանսավորել, որովհետև Եղիսաբեթ երկրորդի շքանշան էլ են տվել։ Սա ասում եմ նրանց համար, ովքեր փող են ստանում հայրենիք կործանելու համար»։

Իսկ պետական համակարգը կմիանա՞ շարժմանը։ Սրան, ըստ քաղտեխնոլոգի, ականատես կլինենք ամենավերջում, եթե ակնհայտ դառնա, որ ամեն ինչ փլուզվում է իշխանության համար։ Նույն փուլում նաեւ ՔՊ-ից առնետավազքը կլինի։ Իսկ թե ինչ կասի Փաշինյանը մայիսի 7-ին սպասվելիք ասուլիսին, թերեւս էական չէ, քանի որ գործընթացը սկսված է։ Ամենայն հավանականությամբ նա կփորձի օրակարգը շեղել ու հերոսություն ներկայացնել, որ Պուտինի երդմնակալությանը չի մասնակցելու, բայց ինչպես Կարեն Քոչարյանն է նկատում՝ Փաշինյանն այնտեղ գտնվելու հրավեր էլ չունի։ ՌԴ նախագահի արարողակարգի համաձայն, սովորաբար, երդմանակալությանը օտար պետությունների ղեկավարներին հրավերներ չեն ուղարկվում, ներկա են լինում միայն ՌԴ-ում հավատարմագրված դեսպանները։

Մարիաննա Ղահրամանյան