Հաղթանակը միայն ձերը չէ

Հաղթանակը միայն ձերը չէ

Եվ այսպես․ կրկին կրճատումներ են, այս անգամ զանգվածային եւ կրկին բողոքի ալիք ու քննարկումներ՝ օպտիմալացնե՞լ կառավարման համակարգը՝ ֆինանսական խնայողություններ անելով եւ գործազրկությունը «խթանելով», թե՞ սոցիալական հարց լուծել՝ այսքան մարդու համար աշխատատեղ ապահովելով եւ դանդաղ բարեփոխումների ճանապարհով գնալով։ Իրականում խնդիրն այդքան բարդ չէ, որքան թվում է առաջին հայացքից։

Եթե կրճատումների արդյունքում մենք ունենալու ենք կտրուկ բարեփոխումներ, իսկապես օպտիմալ կառավարում եւ խնայված միջոցներն էլ խելամիտ են օգտագործվելու՝ վերջնարդյունքում նոր աշխատատեղեր ստեղծելով, ապա անպայման պետք է գնալ այդ քայլին, որքան էլ այն ցավոտ լինի։ Սակայն, եթե մարդկանց «փողոց» ենք նետելու՝ դրա դիմաց ոչինչ չշահելով, եւ խնայված միջոցներն էլ ծառայելու են միայն մի խումբ մարդկանց արտերկրյա վոյաժներին կամ շքեղ ու թանկանոց մեքենաներ առնելուն, ապա ոչ միայն անիմաստ են այս կրճատումները, այլեւ՝ անբարոյական։

Ի վերջո, այդ հազար կամ 1500 հոգին՝ պետական ծառայողները, շատ երիտասարդ չեն, եւ վերապատրաստվելը, վերապրոֆիլավորվելը, նոր գործ ու զբաղմունք գտնելը նրանց համար շատ բարդ է լինելու։ Ողջ կյանքում չինովնիկի գործն արած մարդը չի կարող մի օրում բիզնեսմեն դառնալ կամ ստեղծագործական աշխատանքով օրվա հացը վաստակել։ Եվ անգամ եթե նրանք չարտագաղթեն երկրից, հայտնի չէ, թե այդ սթրեսի, շոկի արդյունքում ինչ տրավմաների են ենթարկվելու եւ ինչ հոգեվիճակ են ձեռք բերելու։ Չէ՞ որ, երբ առավոտից իրիկուն խոսվում է ժողովրդի իշխանության, նրա հաղթանակի մասին, այս խումբն էլ է ժողովրդի մի մասնիկը, նա էլ իրավունք ունի իր հաղթանակի պտուղները վայելել, իր ձայնն ու պահանջը լսելի դարձնել, աշխատանք եւ եկամուտ, ամենակարեւորը՝ ապագա ունենալ։