Գերլարված իրավիճակ՝ Քիմիկների գործով դատական նիստին

Գերլարված իրավիճակ՝ Քիմիկների գործով դատական նիստին

Հակակոռուպցիոն դատարանում այսօր տեղի է ունեցել քիմիկների զորամասի անհետ կորած պայմանագրայիննների գործով հատական նիստը։ Այն տեւել է մի քանի րոպե, անցել՝ լարված մթնոլորտում։ Ծնողները դատարանի բակում աղմկել են, պահանջել շարունակել դատական նիստը։ 

Անհետ կորած զինծառայողի մայր Անահիտ Ադոյանը «Հրապարակ»-ի հետ զրույցում ասաց․ «Դատը հետաձգեցին, քանի որ քիմիկների հրամատար, դասալիք, դավաճան Արսեն Աբգարյանը, որը պատերազմի ժամանակ զորքին թողել ու փախել է, նոր փաստաբան էր բերել։ Փաստաբանը գործին ծանոթ չէր, միջնորդեց դատը հետաձգել, որ գործին ծանոթանա։ Գործով դատավոր Սարգիս Դադոյանը, չառարկեց, դատը հետաձգեց»։ 

Հիշեցնենք, որ այս գործով  ամբաստանյալի աթոռին Զինված ուժերի գլխավոր շտաբի պետի նախկին տեղակալ Անդրանիկ Մակարյանն է, եւ քիմիկների զորամասի հրամանատար Արսեն Աբգարյանը։  44-օրյա պատերազմի ժամանակ, հոկտեմբերի 21-ին, Աբգարյանի խումբը՝ 62 պայմանագրայիններ, Զանգելան մեկնելու առաջադրանք են ստացել Մակարյանից։ Հասել են քաղաքի դպրոցի մոտ, երբ ժամեր առաջ արդեն Զանգելանի բարձունքների վրա ադրբեջանցիներն էին նստած։

Ըստ քննության՝ Աբգարյանի անփութության հետևանքով են զինծառայողները ադրբեջանցիների հսկողության տակ անցած տարածք հասել, իսկ Մակարյանը, որ Զանգելանի մարտական հատուկ առաջադրանքի պատասխանատուն էր, տեղեկանալով, որ խումբը շրջափակման մեջ է հայտնվել, օգնության չի շտապել, նահանջի հրաման է տվել, ինքը վերադարձել է Կապան։ Ըստ մեղադրանքի, անգործություն է ցուցաբերել՝ ծանր հետևանքներով։

Անցած դատին վկայի կարգավիճակով ցուցմունք է տվել ԳՇ նախկին պետ Օնիկ Գասպարյանը։ Ադոյանն ասաց, որ Գասպարյանի վկայության փուլը դեռ չի ավարտվել, նա այսօր էլ պիտի գար դատարան։