Միգրանտները կարող են կործանել Ռուսաստանը․ Պատրուշև

Միգրանտները կարող են կործանել Ռուսաստանը․ Պատրուշև

Անօրինական միգրացիան մեծ ռիսկերի աղբյուր է և պայմաններ է ստեղծում Ռուսաստանի փլուզման համար, հայտարարել է ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշևը Սանկտ Պետերբուրգում անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչների XII միջազգային հանդիպման ժամանակ։

Պատրուշևի խոսքով՝ միգրանտների հոսքերն ահաբեկչական և հումանիտար սպառնալիքներ են ստեղծում։
Դրանք «քանդում են էթնո-դավանաբանական հավասարակշռությունը և նախադրյալներ են ստեղծում ոչ միայն սահմանների փոփոխության, այլև երկրների կազմալուծման համար», - ասել է նա համաժողովից հետո, որին մասնակցել են Չինաստանի, Իրանի, Բրազիլիայի և այլ երկրների հետախուզական ծառայությունների պաշտոնյաներն ու ներկայացուցիչները, որոնց Կրեմլն անվանում է «բարեկամական»։

Անօրինական միգրացիան նաև «սերտորեն կապված է կազմակերպված հանցավորության, զենքի, թմրանյութերի, մարդկանց և մարդկային օրգանների ապօրինի շրջանառության հետ», - թվարկել է Պատրուշևը:
ՌԴ տվյալներով՝ 2015 թվականից ի վեր առնվազն 3,5 միլիոն ներգաղթյալ դարձել է Ռուսաստանի մշտական ​​բնակիչ։ Սա, ըստ պաշտոնական վիճակագրության, Ռուսաստանի բնակչության միգրացիայի աճն է, որը վերջին տասնամյակում փոխհատուցել է բնական անկումը, այսինքն՝ մահացության գերազանցումը ծնելիության նկատմամբ։
Առաջիկա 20 տարում, ըստ Ռոսստատի, ևս 5 միլիոն միգրանտներ կդառնան Ռուսաստանի Դաշնության մշտական ​​բնակիչներ։ Սա պետք է ծածկի բնական անկման մոտ 40%-ը, որը կառավարության ժողովրդագիրների գնահատմամբ մինչև 2046 թվականը կկազմի 12,7 միլիոն մարդ: