Թբիլիսիի վրա «սև ամպեր» են կուտակվում․ Պետդեպը միացել է ԵԽ-ի քննադատությանը

Թբիլիսիի վրա «սև ամպեր» են կուտակվում․ Պետդեպը միացել է ԵԽ-ի քննադատությանը

ԱՄՆ Պետքարտուղարությունը կրկին քննադատել է «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրինագիծը (այլ կերպ ասած՝ օտարերկրյա գործակալների մասին օրենքը), որը կրկին ներկայացրել է Վրաստանի իշխող՝ Վրացական երազանք կուսակցությունը և խորհրդարանի կողմից ընդունվել առաջին ընթերցմամբ։

ԱՄՆ Պետդեպի մամուլի քարտուղարի տեղակալ Վեդանտ Պատելը, մասնավորապես, մեկնաբանել է Եվրախորհրդարանի բանաձեւը, որը խորհուրդ է տալիս չսկսել ԵՄ-ին Վրաստանի անդամակցության շուրջ բանակցությունները այն պայմաններում, երբ երկրում սկսի գործել «օտարերկրյա գործակալների մասին» օրենքը։ 

Բացի այդ, լրագրողը խնդրել է ԱԳՆ ներկայացուցչին մեկնաբանել այն տեղեկությունը, ըստ որի՝ Կոնգրեսում «լուրջ քննարկում կա, թե ինչպես արձագանքել Վրաստանի կառավարության գործողություններին»։

Չնայած ԱՄՆ-ի ու Եվրոպայի ճնշումներին, ինչպես նաև երկրի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի և ընդդիմադիր շրջանակների կոշտ քննադատությանը, բողոքի ակցիաներին՝ Վրաստանի խորհրդարանը հաջորդ շաբաթ հանձնաժողովային լսումներ կանցկացնի օտարերկրյա գործակալների մասին օրինագծի վերաբերյալ, ապա այն քվեարկության կդնի լիագումար նիստում։ Այս մասին լրագրողներին հայտնել է Վրաստանի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին։

«Հաջորդ շաբաթ օտարերկրյա գործակալների մասին օրենքի շուրջ քննարկումներ կլինեն ինչպես հանձնաժողովի մակարդակով, այնպես էլ՝ նիստում», - ասել է Պապուաշվիլին։