Վճարել ոչ թե ամբողջական, այլ տվյալ պահի դրությամբ առկա պարտքի չափով

Վճարել ոչ թե ամբողջական, այլ տվյալ պահի դրությամբ առկա պարտքի չափով

ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ Բաբկեն Թունյանը այսօր՝ ապրիլի 26-ին, «ՀՀ հարկային օրենսգրքում» փոփոխություններ կատարելու մասին նախագծի քննարկման ժամանակ տեղեկացրեց, որ առաջարկում է ավտոմեքենաների տարեկան գույքահարկը տեխզննման պահին վճարվի ոչ թե ամբողջական, այլ տվյալ պահի դրությամբ առկա պարտքի չափով։

«Երբ քաղաքացին մեքենան տանում է տեխզննման, համակարգը ստուգում է տվյալ մեքենայի հետ կապված նրա հարկային պարտավորությունները։ Եթե տվյալ տարվա գույքահարկը քաղաքացին չի վճարել, ապա նա պարտավոր է վճարել այն ամբողջովին։ Սա մեր քաղաքացիներին կազատի բազմաթիվ գլխացավանքներից, քանի որ երբեմն քաղաքացին ամբողջ տարվա գույքահարկը վճարում է տարվա սկզբին, բայց մեքենան վաճառում է ու ընկնում բազմաթիվ թղթաբանությունների մեջ»,- ասաց Թունյանը։

«Հիմա ենթադրենք  մարդը ինչ-ինչ խնդիրներ է ունեցել և հաշիվները կալանքի տակ են ընկնում։ Հիմա ինքն ուզում է իր մեքենայով տաքսի վարի, որ փող աշխատի՝ պարտքերը փակի, ասում ենք՝ չէ, մինչև պարտքդ չփակես, չենք թույլ տա տեխզննություն անցկացնել, այսինքն՝ այդ մարդուն դատապարտում ենք հավերժ մնալ հարկադիր կալանքի տակ։ Այդ նպատակահարմարությունը պետք է քննարկել»,-ասաց նա։