Փաշինյանի այսօրվա ասուլիսը նման է «ցորենի դաշտում որոմ ցանելուն»

Փաշինյանի այսօրվա ասուլիսը նման է «ցորենի դաշտում որոմ ցանելուն»

Այսօր սպասվում է Նիկոլ Փաշինյանի «հրատապ» եւ մի շարք լրատվամիջոցների, այդ թվում նաեւ՝ «Հրապարակի» կողմից բոյկոտված ասուլիսը։ Տավուշում սկսված եւ Երեւան եկող «Հանուն Հայրենիքի» շարժման թափ հավաքելուն զուգընթաց՝ այս ասուլիսը մատնում է Հայաստանի գործող իշխանությունների վախերը, եւ նաեւ միջոց է ծառայելու շարժման եւ առհասարակ ժողովրդի մեջ որոմ ցանելու, պառակտում մտցնելու։

Գրեթե կասկածից վեր է, որ Փաշինյանն այսօր հերթական պոպուլիստական, դեմագոգիկ եւ մանիպուլյատիվ հայտարարություններն է անելու։ Գրեթե կասկածից վեր է, որ այսօր նաեւ ֆեյք լուրերի տեղատարափ է լինելու, կամ, ինչպես Արայիկ Հարությունյանն է նշել, «հրավառություն» եւ հետեւելով նրա իսկ խորհրդին, մարդիկ պետք է թե այդ «ֆեյք լուրերին», թե այն տարածող Նիկոլ Փաշինյանին պարզապես «բանի տեղ չդնեն»։

Սա որպես առաջիկա օրվա համար վարքագծային սկզբունք պետք է լինի։ Ի դեպ, եթե անդրադառնանք քրիստոնեական Սուրբ Գրքին՝ Աստվածաշնչին, ապա հստակ է, որ թե որոմ ցանողները եւ թե ցանված որոմը վերջում հայտնվելու են կրակների մեջ եւ վերանալու։ Այսօր չհայտնվեն, վաղն են հայտնվելու։ Ուստի ցանկացած մեկը՝ հատկապես փաշինյանական ճամբարից, հարկ է, որ հեռատեսություն ցուցաբերի եւ սեփական քթից այն կողմ էլ տեսնի ու հոտառություն ունենա, հասկանալու համար, թե արդյոք իրեն պետք է դառնալ որոմ ցանող եւ հետո հայտնվել «ի վերուս պատժի կրակների հնոցում»։