Աշխարհը բոյկոտում է Պուտինի երդմնակալության արարողությունը

Աշխարհը բոյկոտում է Պուտինի երդմնակալության արարողությունը

ԱՄՆ Պետքարտուղարությունը կրկին հայտարարել է, որ ՌԴ-ում կայացած նախագահական ընտրություններն արդար չի համարում, սակայն ճանաչում է Պուտինին որպես երկրի նախագահ։ 

Կրեմլում արձագանքել են ամերիկյան արտաքին գերատեսչության հայտարարությանը և հայտնել է, որ կտրականապես համաձայն չեն Ռուսաստանում ընտրությունների վերաբերյալ ԱՄՆ գնահատականի հետ։

«ԱՄՆ-ն չի հավատում, որ Ռուսաստանում պետության ղեկավարի ընտրությունները եղել են ազնիվ ու արդար, սակայն, չնայած դրան, Վլադիմիր Պուտինին ճանաչում է որպես երկրի նախագահ»։ Այս մասին ճեպազրույցում հայտնել է ԱՄՆ Պետդեպի մամուլի ծառայության ղեկավար Մեթյու Միլլերը։

Նա բացասական պատասխան է տվել այն հարցին, թե արդյոք ԱՄՆ-ն ներկայացված կլինի Պուտինի՝ մայիսի 7-ին նախանշված երդմնակալության արարողությանը։ Լրագրողներից մեկի հարցին, թե դա նշանակում է, որ Վաշինգտոնը բոյկոտելու է արարողությունը, Միլլերն ասել է․ «Մեր ներկայացուցիչն այնտեղ չի լինելու։ Դուք ինքներդ կարող եք եզրակացություններ անել»:

Ռուսաստանում նախագահական ընտրությունները տեղի են ունեցել մարտի 15-17-ը, որին մասնակցել է չորս թեկնածու։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի տվյալներով՝ Պուտինը ստացել է ձայների 87,28%-ը։ Այսօրվանից նա հինգերորդ ժամկետով կստանձնի պետության բարձրագույն ղեկավարի պաշտոնը։

ԱՄՆ Սպիտակ տունը և Պետդեպարտամենտը ավելի վաղ հայտարարել էին, որ Ռուսաստանում ընտրական գործընթացը համարում են ոչ ժողովրդավարական։

Երեկ էլ ԵՄ արտաքին քաղաքականության ծառայության ներկայացուցիչ Պիտեր Ստանոն ասել է, որ եվրոպական դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը դեմ է երդմնակալությանը դաշինքի երկրների ներկայացուցիչների մասնակցությանը։ Բացի այդ, Բալթյան երկրների դիվանագետները հրաժարվել են մասնակցել միջոցառմանը, Գերմանիան և Չեխիան նույնպես ներկայացված չեն լինի (նախօրեին Բեռլինը և Պրահան հետ կանչեցին իրենց դեսպաններին): Արարողությանը չի մասնակցի նաև Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ով, սակայն, մայիսի 8-ին առանձին բանակցություններ կվարի Պուտինի հետ։

Միաժամանակ, Reuters-ի փոխանցմամբ՝ Ֆրանսիայի և Սլովակիայի դեսպանները ներկա կլինեն Պուտինի երդմնակալությանը։