Ալեն Սիմոնյանն ու ՔՊ-ականները կարող են իրենց երախտագիտությունը հայտնել Մատվիենկոյին 

Ալեն Սիմոնյանն ու ՔՊ-ականները կարող են իրենց երախտագիտությունը հայտնել Մատվիենկոյին 

Արձագանքելով Հայաստանի խորհրդարանի խոսնակ աշխատող Ալեն Սիմոնյանի՝ ԵՄ անդամ պետությունների խորհրդարանների ղեկավարների համաժողովի ժամանակ Ռուսաստանի հասցեին հնչեցված մտքերին, ՌԴ ԴԽ նախագահ Վալենտինա Մատվիենկոն ասել է, որ ինքը պատասխան է ակնկալում Հայաստանի խորհրդարանից: Մատվիենկոն մասնավորապես ուզում է իմանալ, թե ում անունից է նման հակառուսական հայտարարություններ տարածել Սիմոնյանը՝ նախապես հստակեցնելով, որ Սիմոնյանը չի արտահայտում հայ ժողովրդի տեսակետը: «Ես գրավոր հարցում կուղարկեի Հայաստանի խորհրդարանին՝ հարցնելու, թե ում անունից է նա խոսել, եւ արդյո՞ք Հայաստանի խորհրդարանը համաձայն է այդ հանդիպման ժամանակ հնչած գնահատականներին»:

Կատարելով իր անմիջական ղեկավարի հրապարակային հանձնարարականը՝ ՌԴ Դաշնային խորհրդի միջազգային հարցերով հանձնաժողովի նախագահ Գրիգորի Կարասինը նամակ է հղել ՀՀ Ազգային ժողովին՝ պարզաբանելու, թե «արդյոք Ալեն Սիմոնյանի բացահայտ հակառուսական արտահայտություններն արտացոլո՞ւմ են Հայաստանի ԱԺ պաշտոնական դիրքորոշումը»: Իսպանիայի Պալմա քաղաքում ԵՄ երկրների խորհրդարանների նախագահների հանդիպման ժամանակ Սիմոնյանը Ռուսաստանին մեղադրել էր Ադրբեջանի հետ Հայաստանի դեմ ուղղված հիբրիդային հարձակումների համար՝ միաժամանակ Հայաստանի աջակցությունը հայտնելով Ուկրաինայի տարածքային ամբողջականությանը, որի դեմ Ռուսաստանը 2 տարուց ավելի պատերազմում է: 

Ռուսաստանի ԴԽ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Գրիգորի Կարասինի նամակը հասցեագրված է ԱԺ աշխատակազմին, եւ քանի որ աշխատակազմը կատարում է Ալեն Սիմոնյանի հանձնարարությունները, ապա ակնհայտ է, թե ինչ պատասխան է ուղարկելու ԱԺ աշխատակազմը Կարասինին, եթե, իհարկե, ընդհանրապես հարկ համարի պատասխանել: Մինչդեռ հարցն ուղղված է ոչ այնքան Հայաստանի խորհրդարանի նախագահի աշխատակազմին, որքան ամբողջ խորհրդարանին, նրա բոլոր խմբակցություններին եւ պատգամավորներին: Մատվիենկոն հարցնում է, թե արդյոք Հայաստանի խորհրդարանը համաձա՞յն է հնչեցված գնահատականներին, եւ սա այն դեպքն է, երբ լռությունը համաձայնության նշան է:

Մատվիենկոյի հարցն առաջին հերթին ուղղված է Հայաստանի խորհրդարանի երկու ընդդիմադիր` «Հայաստան» եւ «Պատիվ ունեմ» խմբակցություններին: Ալեն Սիմոնյանը հանդես է գալիս որպես Հայաստանի խորհրդարանի նախագահ, եւ այս խմբակցությունների լռությունը նշանակում է, որ նրանք եւս համաձայն են Սիմոնյանի հնչեցրած գնահատականների հետ: Եթե համաձայն չեն, ապա առնվազն կարող են դրա մասին հայտարարել: Մատվիենկոն ուզում է, որ Սիմոնյանի հնչեցրած մտքերի նկատմամբ դիրքորոշում արտահայտեն խորհրդարանի ՔՊ-ական պատգամավորները, եթե, իհարկե, նրանք բան ունեն ասելու, եթե, իհարկե, ամբողջովին չեն կիսում պատասխանատվությունն Ալեն Սիմոնյանի հետ: Նրանցից մեկը` Գուրգեն Արսենյանը, պատրաստվում է Ռուսաստանում Հայաստանի դեսպան աշխատել, ինչպե՞ս կարող է մարդը դեսպան աշխատել մի երկրում, որին ինքը համարում է ագրեսոր, որին ինքը մեղադրում է Հայաստանի դեմ հարձակումների կազմակերպման մեջ: ՔՊ-ական այլ պատգամավորներ էլ ակտիվորեն ներգրավված են Ռուսաստանում բիզնես գործունեության մեջ: Նրանք եւս պատասխանելու բան չունեն Ռուսաստանի իշխանություններին: 

Մատվիենկոն ոչ միայն հարցնում է, այլեւ սպառնում. «Մենք չենք անտեսի այս կարգի ռուսաֆոբ, հակառուսական ելույթը»: Բայց գուցե սա հենց այն է, ինչին ձգտում է Ալեն Սիմոնյանը՝ հանդես գալով նման բացահայտ հակառուսական հայտարարություններով: Գուցե նրա ուզածն էլ հենց այն է, որ Ռուսաստանի իշխանությունները որքան հնարավոր է կոշտ սպառնալիքներ հնչեցնեն իր հասցեին, ինչքան կոշտ` այնքան լավ, կարող էին նույնիսկ մահվան դատավճիռ կայացնել՝ դրանով փրկելով իրեն, ապահովելով երջանիկ ապագա:

Ալեն Սիմոնյանը հասկանում է, որ իր եւ իր քաղաքական թիմի գործունեությունը Հայաստանում մոտենում է ավարտին: Այդ ավարտն իրենց համար ունենալու է չափազանց ողբերգական հետեւանքներ, քանի որ ստիպված են լինելու պատասխան տալ պաշտոնավարման ժամանակ Հայաստանին հասցված աղետների եւ դրանց հետեւանքների համար: Ինչպես Փաշինյանը, նրա ընտանիքի անդամները, այնպես էլ Ալեն Սիմոնյանը, ուզում են միջազգային հանրությանը ցույց տալ, որ իրենց գոյությունը Հայաստանում վտանգված է, որ իշխանությունը կորցնելուց հետո իրենց ֆիզիկական գոյությունը Հայաստանի տարածքում անհնարին է լինելու, եւ իրենք միայն փրկության միակ հնարավորություն ունեն` ապաստան ստանալ ազատ եւ ժողովրդավարական Արեւմուտքում, որին հավատարմորեն եւ անմնացորդ ծառայել են իրենց իշխանության տարիներին: Ինչպես Հայաստանից Եվրոպա փախչող ցանկացած փախստական է ինչ-որ գործ սարքում, որ կարողանա հանձնվելուց հետո ապացուցել, որ իր գոյությունը Հայաստանում վտանգված է, եւ ինքը հարկադրված է եղել փախչել երկրից, հիմա էլ Ալեն Սիոմյանն ու մյուս ՔՊ-ականներն են զբաղված փախստականի «քեյս» սարքելով: 

Մատվիենկոյի սպառնալիքներից հետո Ալեն Սիմոնյանին կարելի է շնորհավորել. նա կարող է համարել, որ ապաստանի հարցը լուծված է անվերապահորեն: Սիմոնյանը կարող է Եվրոպա կամ ԱՄՆ փախչելիս իր հետ վերցնել Մատվիենկոյի ելույթի ձայնագրությունը, դրանով դիմել ԵՄ անդամ ցանկացած երկրի միգրացիոն մարմնի եւ ասել՝ տեսեք, թե ինչպես է ինձ սպառնացել ագրեսոր երկրի երկրորդ կամ երրորդ դեմքը: Դուք պատկերացնո՞ւմ եք, թե ինչ հետեւանքների մասին է ակնարկում այս արյունարբու կինը, մի՞թե ես կարող էի ինձ անվտանգ զգալ մի երկրում, որտեղ այլեւս պաշտպանված չեմ հազարավոր ոստիկաններով, ձեռնասուն քննիչներով ու դատարաններով:

Մնում է, որ մյուս ՔՊ-ականներն էլ, օգտվելով առիթից, հայտարարեն, որ համակարծիք են Սիմոնյանի հայտարարություններին, եւ այդ դեպքում Մատվիենկոյի սպառնալիքներն անմիջականորեն կվերագրվեն նաեւ իրենց, իրենք եւս իշխանությունը կորցնելուց հետո կկարողանան Արեւմուտքում քաղաքական ապաստանի հույս ունենալ: Այնպես որ, պետք չէ ժամանակ կորցնել, այլ պետք է անհատապես հայտարարել Ալեն Սիմոնյանի հետ համակարծիք լինելու մասին եւ ողջունել Մատվիենկոյին հայհոյելն ու ծաղրելը:

Ավետիս Բաբաջանյան