Տխուր մտորումներ

Տխուր մտորումներ

ՀԱԿ վարչության անդամ Արմեն Խաչատրյանը «Հրապարակի» հետ հարցազրույցում նկարագրել է Հայաստանում տիրող իրավիճակը: Սխեմատիկ ձևով ասված՝ ՀՀ-ում առկա է ավտորիտար ռեժիմ, ընդ որում՝ ավելի ծանր ու վտանգավոր, քան նախկինների օրոք, քանի որ նախկինում հրապարակային խոսքի համար քրեական գործեր չեն հարուցել և ազատությունից չեն զրկել: Նկարագրվածը նիկոլական «ժողովրդավարության բաստիոնի» իրական պատկերն է: Ինչն, ի դեպ, չեն ցանկանում նկատել Արևմուտքում, քանի որ Նիկոլը դեռևս չի ավարտել ստանձնած «առաքելությունը»: Այն է՝ Ռուսաստանին Հարավային Կովկասից հեռացնելը և տնտեսական ու ռազմաքաղաքական առումով Թուրքիային ենթարկվելը: Թուրքիա ասելով էլ պետք է նկատի ունենանք նաև նրա կրտսեր եղբայր Ադրբեջանին: Հանուն այդ երկու նպատակների կյանքի կոչման՝ ՀՀ վարչապետի աթոռից կառչած անձին Արևմուտքից տրվել է քարտ-բլանշ:

Քարտ-բլանշը բանկային հասկացություն է: Այն նշանակում է վստահորդի (լիազորողի) կողմից վստահված (հավատարմատար) անձին տրամադրվող անսահմանափակ իրավասություններ վստահորդի անունից գործառնություններ իրականացնելու առումով: 

Հաջորդ հարցը. 2018-ին մարդիկ դուրս եկան փողոց, որպեսզի վերացնեին նախկինների օրոք գոյություն ունեցող բարքերը, սակայն դրանք ոչ թե վերացան, այլ ավելի ծաղկեցին: Ո՞րն է պատճառը: Կարծում եմ՝ պատճառը թաքնված է անձնական հարթությունում: 2018-ի ապրիլից 2020 թվականի սեպտեմբեր ամիսները հեղափոխության առաջնորդ Նիկոլի աստեղային ժամն էր: Ասեմ, որ այն տևեց բավական երկար: Իսկ այնուհետև եկավ թե՛ իր և թե նրան պաշտողների արթնացման պահը՝ պատերազմում խայտառակ պարտության տեսքով: Զարմանալի էր դրա ազդեցությունը, եթե հաշվի ենք առնում պարտության ծրագրավորված լինելը: Այդ երևույթի բացատրությունը ևս կարելի է գտնել նրա հոգեկանում: 

Արմեն Խաչատրյանը հանրության գրագետ հատվածի նման Նիկոլի իշխանությունը բնորոշելու համար օգտագործում է «հրեշին սպանողը դարձավ ավելի վատ հրեշ» ճշմարիտ դատողությունը: Իսկ ինչո՞ւ է հերոսը վերածվում հակահերոսի: Ամեն անգամ ջրի ակունքը զավթած հրեշին սպանելուց հետո հերոսի մոտ առաջանում է երկու գործոն՝ մարդկանց վրա իշխելու հնարավորություն և հարստություն: Վարչապետ կարգվելուց առաջ Նիկոլն ուներ առաջինի ավելի հզոր տարբերակը: Դա ոչ թե ընդհանրապես իշխանությունն էր մարդկանց վրա, այլ անառարկելի իշխանություն նրանց հոգիների վրա: (Փակագծերում ասեմ, որ հենց դրանով է բացատրվում նաև իրեն անընդհատ Քրիստոսի հետ համեմատելու (մեղա՜, մեղա՜) աննորմալ վարքագիծը): Իսկ վարչապետ կարգվելուց հետո ձեռք բերեց նաև երկրորդը՝ հարստությունը: Բայց դա պատճառ չէր, որպեսզի Նիկոլը վերածվեր հրեշի: Վերջինիս դեպքում պատճառն առաջին գործոնի վերացումն էր, ինչը նրա համար շատ ավելի ծանր կորուստ էր, քան մեզ համար Արցախի կորուստը: 
Ի դեպ, այդ գործոնի վերացման առաջին ազդանշանը Իջևանի տարածքում բնակիչների կողմից անօրինական ծառ կտրելն էր: Ինչի արձագանքը մեզ տարօրինակ թվաց. դա «արյան գետեր հոսեցնելու»՝ իջևանցի ոստիկանապետին տրված հրահանգն էր: Իհարկե, Նիկոլն ուշքի եկավ, և արյան գետերի հոսք չեղավ, բայց… Այդ դրվագին նախորդել էր, վերհիշենք, 10 միլիոն ծառ տնկելու գաղափարը: Ու հանկարծ հենց նրա հայրենակիցներն են ռիսկ անում և ծառ կտրում՝ թեկուզ կենսական անհրաժեշտությունից դրդված: Փաստորեն, ոչ թե ծառ են կտրում, այլ առաջնորդի հեղինակությունն են զրոյացնում:

Իսկ հիմա վերադառնանք ոստիկանական բռնարարքներին, որ գերազանցում են այն ամենին, ինչ առկա էր նախկինների օրոք: Կորցնելով անառարկելի իշխանությունը մարդկանց հոգիների վրա՝ Նիկոլին ոչինչ չի մնում, քան այդ իշխանության վերահաստատումը նրանց կենցաղի (ազատությունից զրկելը) և մարմինների (բերետավորների կողմից ծեծուջարդը) վրա: Դա այնքան է ուժգնանում, որքան վատանում են Հայաստանի գործերն Իլհամի ու Արևմուտքի հետ փոխհարաբերություններում: Իսկ վատանալու դրսևորումն Արևմուտքի կողմից «քցվելն» էր ու Իլհամի դեմ մեն-մենակ իր հայտնվելը: 

Ինքը մեկ անգամ արդեն սխալվելլ էր իր հաշվարկներում՝ նախապես ծրագրավորված խայտառակ պարտությունից հետո Իլհամը չէր բավարարվել միայն յոթ շրջաններով և աչք էր տնկել նաև Լեռնային Ղարաբաղի տարածքի վրա: Ռուսաստանն էլ աչք էր փակել այդ երևույթի վրա: Այնուհետև եկել էր Արևմուտքի կողմից առաջին անգամ «քցվելու» պահը. այնտեղից պահանջել էին իջեցնել  Ղարաբաղի կարգավիճակի նշանաձողը, ինչը նախկինում երբեք չէր քննարկվել: Եվ այսպես, սխալը սխալի հետևից, և գործը հասել էր «դիվան բաշուն», որի դերում հանդես եկավ Իլհամը: Իսկ Նիկոլին էլ մնաց հանուն իշխանության պահպանման՝ «ժողովրդավարության բաստիոնը» ոստիկանապետությամբ փոխարինելը:  

Վերջաբանի փոխարեն. Ժամանակին ՎԵՏՕ շարժման հիմնադիր Նարեկ Մալյանի կողմից բեմադրվել էր Ռումինիայի նախկին ղեկավար Չաուշեսկուի և նրա կնոջ գնդակահարության տեսարանը: Իրականում Նիկոլը կրկնում է ոչ թե Չաուշեսկուի, այլ իտալական «դուչեի» (իտալերենով՝ առաջնորդ) կյանքի ուղին, ինչ մասին մեկ-երկու անգամ գրել եմ «Հրապարակի» էջերում: Այնպես չէ, որ վերջինիս նկատմամբ ճակատագիրն ավելի բարեհաճ էր: Ընդհակառակը, այն ավելի դաժան էր, սակայն նրա գործունեության վերջը տրամաբանական ավարտն էր սկզբի և ընթացքի:

Հ. Գ. Մարդ նայում է Սրբազանի առաջնորդած երթին ու սեփական հայրենիքին տեր կանգնելու պատրաստ ժողովուրդ է տեսնում: 6 տարի առաջ Նիկոլի առաջնորդած խմբակի երթը ոնց որ թե բոմժերի հավաքածու լիներ: