2001-ից պայքարել ենք` օգտագործելով ամենադաժան տերմինոլոգիան, բայց երբեք դրա համար չեն կալանավորել

2001-ից պայքարել ենք` օգտագործելով ամենադաժան տերմինոլոգիան, բայց երբեք դրա համար չեն կալանավորել

«Հրապարակի» զրուցակիցը ՀԱԿ վարչության անդամ Արմեն Խաչատրյանն է:

- Ոստիկանները հերթական անգամ աչքի ընկան անհամաչափ գործողություններով, Կիրանցում մարդկանց ծեծի ենթարկեցին, եւ նման պայմաններում այս իշխանությունները հանդգնում են խոսել ժողովրդավարությունից: Ի՞նչ եք կարծում` ո՞րն է լինելու ՔՊ-ական իշխանության հաջորդ քայլը:

- Հայաստանն այսօր շատ հեռու է կանգնած ժողովրդավարական սկզբունքներից, ավելին` տեւական ժամանակ է, ինչ Հայաստանը թեւակոխել է ավտորիտարիզմի դարաշրջան, որտեղ շատ ավելի վատ իրավիճակ է, քան առաջներում: Առաջ մենք՝ բոլորս, հստակ գիտեինք, որ ապրում ենք ավտորիտար երկրում, բոլորս էինք այդ կարծիքին: 2018-ի հեղափոխությունը եկավ իբրեւ այդ բարքերը վերացնելու համար, բայց փաստացի հրեշին սպանողը դարձավ ավելի վատ հրեշ: Մենք այսօր ապրում ենք ավելի ծանր, ավելի վտանգավոր ավտորիտար ռեժիմով երկրում, քան առաջ: Ես 2001-ից ընդդիմադիր եմ, պայքարել եմ բոլոր ռեժիմների դեմ, օգտագործել ենք ամենադաժան ու քննադատական տերմինոլոգիան, հավաքների ժամանակ, երթերի ժամանակ տարբեր վանկարկումներ ենք արել, բայց երբեք դրա համար մեզ չեն ձերբակալել, չեն կալանավորել, մեր դեմ քրեական գործեր չեն հարուցվել: Այլ պատճառներով, իհարկե, եղել են տարբեր դեպքեր, մարտի 1-ից հետո հարյուրավոր քաղբանտարկյալներ եղան, որոնք մինչ օրս չեն արդարացվել, բայց այն, ինչ կատարվում է հիմա, պարզապես աննախադեպ է. համացանցում ինչ-որ բան գրելու համար մարդկանց կալանավորել, անհնազանդության կոչերի համար գործեր հարուցել ու կալանավորել: Անգամ ապրիլի 24-ին հայտնի միջադեպից հետո մարդկանց ձերբակալեցին, վարույթներ հարուցեցին: Այս ամենը բավարար է՝ հասկանալու համար, թե Հայաստանն ինչպիսի հետընթաց է ապրել` բոլոր առումներով:

- Այսօրվա պայքարը շատերը համարում են ամորֆ պայքար, քանի որ այդպես էլ արդյունք չի արձանագրվում, բայց 2001-2004 թվականներին էլ իրավիճակն այսպիսին էր, ընդդիմադիրներին պառակտում, վախեցնում էին: Իրավիճակը, ըստ Ձեզ, ինչո՞վ է նման եւ ինչո՞վ տարբեր:

- Այն ժամանակ մի տարբերություն կար` արտաքին առումով կար որոշակի կայունություն, այսպես հեղհեղուկ չէր իրավիճակը, կար բանակ, որը վերահսկում էր սահմանի իրադրությունը, մենք լուծում էինք հաղթող պետության ներքին խնդիրներ, որոնք այն ժամանակ շատ կարեւոր էին: Այո, ընդդիմությունն այն ժամանակ էլ անջատ-անջատ էր գործում, բայց չէի ասի, թե այսօրվա նման պառակտված էր: «Ա1+»-ի փակվելուց հետո սկսվեց մի հզոր շարժում, որը, ըստ էության, նախապատրաստեց 2003-2004 թվականների շարժումները, իսկ դա ստեղծեց կորիզ` խորհրդարան գնալու, տեղի ունեցավ մարտի 1-ը եւ այլն: 2008-ի շարժման կարեւոր առանցքային դերակատարները Հայոց համազգային շարժումից էին, այլ կուսակցություններ էլ կային: Իրավիճակը սարսափելի չէր, բայց այն ժամանակվա իշխանությունը, ի տարբերություն այս իշխանությունների, շատ ուժեղ էր, միասնական ու գաղափարական: Չեմ ուզում որակումներ տալ, բայց նրանց գաղափարը, գաղափարախոսությունն էին միավորում, որակով էլ տարբերվում էին….

- Բայց Նիկոլ Փաշինյանն էլ ունի «գաղափարախոսություն»․ Թուրքիայի, Ադրբեջանի հետ ցանկանում է եղբայրանալ, «Խաղաղության խաչմերուկ» կառուցել, առեւտուր անել թուրքերի հետ:

- Չէ, դրանք գաղափարախոսություն չեն, երբ ամեն ինչ տա, հանձնի, վերջացնի, մեկ շաբաթ անց ամեն ինչ մոռանալու է: Նախկին իշխանություններին միավորում էր ոչմիթիզականության գաղափարը, որը մե՛կ ազգ-բանակի էր վերածվում, մե՛կ՝ այլ բանի, բայց կարեւորն այն էր, որ կար գաղափար: Նրանք սխալ ուղղությամբ էին գնում, բայց հասկանում էին հարցի բովանդակությունը, գիտակցում էին, թե ինչ տեղի կունենա, եթե Հայաստանը պարտություն արձանագրի: Ես Սերժ Սարգսյանի փաստաբանը լինել չեմ ուզում, բայց նա կարողացավ 2016-ի պատերազմը կանգնեցնել:

- Ընդդիմության փոխարեն եկեղեցին` Բագրատ սրբազանն է իր ուսերին վերցրել պայքարի ծանր բեռը: ՀԱԿ-ի որոշ անդամներ դրական գրառումներ են անում սրբազանի մասին, նկատելի է, որ կուսակցությունում նրան համակրում են: 

- Եկեք ընդունենք մի բան, որ տավուշյան պրոցեսն ինքնաբուխ, ազնիվ ժողովրդական պրոցես է: Մենք չենք տեսնում այնտեղ որեւէ ուղղվածություն: Կարող էր այն վնասարար լինել, եթե շարժումը վերածվեր սուրբ հայրենիքի թեմայի կամ ոչմիթիզականության, մենք պետք է ճիշտ ընկալենք իրավիճակները: Խոսքը շատ ավելի ընդգրկուն պրոցեսների մասին է, եւ բնավ միայն Տավուշով չի սահմանափակվում խնդիրը: Եթե պրոցեսներն այս ընթացքով գնան, մեր կորուստներն անհամեմատ ավելի մեծ են լինելու, քան կարող ենք պատկերացնել: Ադրբեջանի պահանջները կատարելով՝ մենք ոչ մի խաղաղության պայմանագրի չենք հասնելու: Եթե չեղավ խաղաղության պայմանագիր, ու մենք նորից ունեցանք էսկալացիա, հիմքից կքանդվի անվտանգության հյուսիսային համակարգը: Ինչ վերաբերում է Բագրատ սրբազանին, նա մեր եկեղեցու համակրելի սպասավորներից է, որի մասին միշտ դրական խոսքեր ենք լսել ու տեղյակ ենք նրա դրական գործունեությունից: Անբարոյական ստեր են նրա մասին տարածում, թե իբրեւ տղաներ ունի, բիզնեսով է զբաղվում, բայց դա իրականում ոչ թե բիզնես է, այլ նվիրական աշխատանք: Մարդկանց աջ ու ձախ օգնում է՝ բիզնես հիմնել, եւ դա անում է անշահախնդիր: