Ես այդ մահացած ու չթաղված ժողովրդի մասն եմ
Շառլ Ազնավուրն ասում էր՝ ես հակաքաղաքական եմ, բայց երբ խորանում ես նրա հարցազրույցների, մտքերի մեջ, հասկանում ես, որ որ ոչ մի հայ չի կարող դուրս մնալ քաղաքականությունից, որովհետև հային այնպիսի սոսկալի ցավ է տրվել, որ անխոս, անձայն տանել հնարավոր չէ։ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված հարցազրույցներից մեկում (Le Parisien) | «Հայերի 100 տարվա մենությունը» խորագրով հոդվածը պատասխանում է այն հարցին, թե ինչքանով աշխարհահռչակ երգիչը հակաքաղաքական․
«Այո, դա ճիշտ է, ես այդ մահացած ու չթաղված ժողովրդի մասն եմ»,- հոդվածն այս հնչեղ տողերով է սկսում ու շարունակում․ «Երկար ժամանակ քամին ավազով ու մոռացությամբ էր պատում այդ զանգվածային սպանությունը, և միայն 1980-ականներին աշխարհի ժողովուրդները սկսեցին քիչ- քիչ ընդունել 20-րդ դարի սկզբին մեկուկես միլիոն հայերի առաջին ցեղասպանությունը»։ Ի՜նչ իմանար երգիչը, որ 2018-ին Հայաստանում իշխանության է բերվելու մեկը, ով իր բազում բերաններից մեկով ասելու է․
«Պարզ նպատակ ունենք՝ որպեսզի մենք իմանանք, մեր ամեն մի 1.5 միլիոն հայրենակիցների հասցեները, տեղերը: Դա շատ կարևոր է ապագայում նաև մեր հարաբերությունների կառուցման համար, դեմը ապրիլի 24 է, 1,5 էր, 2 միլիոն էր, թե պակաս էր, դա պետք է լինի խիստ հասցեական, բայց դա եթե չենք արձանագրում, միշտ կարա հակառակ կողմը ասի, որ էդպիսի բան չի եղել և մինչև հիմա էլ ասում է»։ Կպատկերացնե՞ր Շառլը, որ Հայաստանում իշխանության կբերվի մեկը, ով բերվելու օրվանից ցեղասպանությունը ժխտելու քաղաքականությամբ կզբաղվի։ Եթե կենդանի լիներ Շառլը այդ բաց բերանին կասեր՝ ես այդ մահացած ու չթաղված ժողովրդի մասն եմ։ Ինձ էլ հաշվիր։ Հաշվիր նաև ողջ հայ ժողովրդին, ովքեր մնացին մահացած- չթաղված։
1991-1992 թվականների ձմռանը Արցախը և, մասնավորապես, մայրաքաղաք Ստեփանակերտը շրջափակման մեջ էր ադրբեջանական զինուժի կողմից։ Քաղաքը թիրախավորվել և ռմբակոծվում էր։
Ազնավուրի մասնակցությունը ստիպեց միջազգային հանրությանը ուշադրություն դարձնել արցախյան հարցին։ Արցախյան ազատամարտի օրերին Հայաստան ու Արցախ էր ուղարկում տարատեսակ օգնություն։ Անգամ լեգենդ էր տարածվել զինվորների շրջանում, թե Ազնավուրի ուղարկած զենքերն ավելի լավ են կրակում, իսկ դրանցով կռվելիս մեռնելն ամոթ է։
Կպատկերացնե՞ր Ազնավուրը, որ 2018-ին իշխանության բերվածը կհանձնի Արցախը, կասի՝ դա Ադրբեջանինն է։ Կպատկերացնե՞ր, որ Արցախը ողջ պատմության մեջ առաջին անգամ հայաթափվեց։ Ու հայաթափողը նույն Թուրքիայի ոճով կասի՝ ես չեմ արել։
Շառլ Ազնավուրի բառերով ամփոփեմ․ «Բայց մեռյալներն անպաշտպան են, և նրանց հիշատակն ու արժանատպատվությունը հարգելը ողջերի գործն է, որպեսզի ողբերգության հերքումը երկրորդ անգամ չսպանի նրանց»։ 2018-ից հետո դա չարվեց։ Իսկ թե ինչու չարվեց, դրա պատասխանն էլ Ազնավուրը տվել է․
«Անպատժելիությունը վատ օրինակ է ծառայել»։ Թուրքիայի և Հայաստանը կապիտուլյացիայի, կործանման տարած իշխանությունը, որոնք մի միավորի մեջ են այլևս՝ խրախուսվելով անպատժելիությունից, շարունակում են գործել․․․
Վերջում կուզեի հիշեցնել Նիկոլա Ազնավուրի խոսքերը․
«Հայրս ՝ Շառլ Ազնավուրը, շատ էր սիրում Արցախը, նա շատ լավ հիշողություններ ուներ Գանձասար, Վանք և այլ գեղեցիկ վայրեր այցելելուց»։
Կարծիքներ