Թակարդ՝ Հայաստանի համար

Նիկոլ Փաշինյանն ու մի շարք, այսպես կոչված, արեւմտամետ ուժեր խորամանկելու եւ հայ հասարակությանը խաբելու ձեւ են գտել. ուզում են Հայաստանին եւ հայ ժողովրդին տանել կառափնարան, բայց ոչ թե ստիպողաբար կամ պարտադրանքով, այլ համոզելով` այնպես, ինչպես կարելի է մարդուն սպանել ոչ թե նրա վրա կրակելով, այլ զոհին ինքնասպանության հասցնելով: Փաշինյանն ու այդ ուժերը միաժամանակ եւ սինխրոն հայտարարեցին հանրաքվե կազմակերպելու անհրաժեշտության մասին: Նիկոլ Փաշինյանին հանրաքվեն պետք է Ադրբեջանին տարածքներ հանձնելու եւ Ադրբեջանի հետ կապիտուլյացիայի մասին համաձայնագիր ստորագրելու համար, իսկ արեւմտամետ կուսակցություններն ու ՀԿ-ներն ուզում են հանրաքվե անել Հայաստանի՝ ԵՄ անդամության հայտ ներկայացնելու համար: ԵՄ անդամակցության հայտ ներկայացնելու համար հանրաքվեի անհրաժեշտություն չկա, բայց Ադրբեջանի պահանջները բավարարելու համար հանրաքվե պետք է` Հայաստանի Սահմանադրությունն է նման պահանջ ներկայացնում: Արեւմտամետ կոչվող ուժերն օգնելու են Փաշինյանին՝ խաբել ու մոլորեցնել հայ հասարակությանը. մարդիկ հանրաքվեին կմասնակցեն՝ մտածելով, որ լուծում են Հայաստանի ԵՄ անդամակցության հարցը, բայց իրականում կքվեարկեն Հայաստանի անդամահատման օգտին:
Ադրբեջանը պահանջում է, որ Փաշինյանը գնա սահմանադրական փոփոխությունների, Հայաստանի գործող Սահմանադրությունը պահանջում է, որ Հայաստանի տարածքի փոփոխությունները`զիջումները, արվեն հանրաքվեով: Բայց Փաշինյանը գիտի, որ իր հանրային վստահության մակարդակն այնքան ցածր է, որ ինքն ինչ նախաձեռնությամբ էլ հանդես գա, միեւնույն է` արդյունքը բացասական է լինելու:
Փաշինյանը կարող է գնալ կեղծիքի եւ, օրինակ, դեմ քվեարկածների քվեները դարձնի կողմ, բայց իրեն պետք է, որ իր կազմակերպած հանրաքվեին գոնե 680 հազար մարդ մասնակցի: Սակայն եթե հանրաքվեի դրվի միայն տարածքային զիջումների հարցը, իսկ կյանքը ցույց է տվել, որ զիջողի դերում միայն Հայաստանն է` Ադրբեջանը միայն ստանում է, մարդիկ ուղղակի կբոյկոտեն այդ հանրաքվեն: Մարդկանց մասնակցությունը կեղծելը հնարավոր է, բայց մի քիչ ավելի կոպիտ եւ ակնհայտ կլինի: Դրա համար Փաշինյանը, այսպես կոչված, արեւմտամետ, այսինքն՝ Արեւմուտքի կողմից սնվող եւ վերահսկվող ուժերի եւ գործիչների հետ համատեղ թակարդ է սարքում հայ հասարակության համար: Այդ ուժերը հայտարարում են, որ դիմելու են կառավարությանը՝ 4 ամսվա ընթացքում ԵՄ-ին միանալու հայտ ներկայացնելու հարցով հանրաքվե կազմակերպելու պահանջով, Փաշինյանն էլ, ընդառաջելով այդ պահանջին, կարող է ընդլայնել հանրաքվեի օրակարգը եւ դրանում մտցնել նաեւ տարածքային փոփոխությունների, գուցեեւ նոր սահմանադրության ընդունման հարցը:
Թակարդի իմաստն այն է, որ մարդկանց կքարոզեն, որ դուք քվեարկելու եք հանուն Հայաստանի եվրոպական ապագայի, որ Հայաստանը դառնա ԵՄ անդամ, իսկ իրականում մարդիկ կգնան եւ կքվեարկեն հանուն տարածքային զիջումների: Շարքային հայ մարդը կմտածի, որ ինքը կարող է գնալ եւ կողմ քվեարկել ԵՄ անդամության հայտին, իսկ, օրինակ, սահմանային փոփոխություններին կարող է «ոչ» ասել, բայց Փաշինյանի համար կարեւոր է, որ մարդիկ գնան ընտրատեղամաս, ինքը մասնակցության ցուցանիշ ապահովի, իսկ մնացածն արդեն ինքը կկազմակերպի՝ նկարելով իր համար ցանկալի արդյունք:
Հայաստանն այս հանրաքվեն ու դրան հետեւող տարածքային զիջումներն անում է դարձյալ Ադրբեջանի ճնշման եւ սպառնալիքների ազդեցության տակ: Հայաստանի իշխանությունները, ի դեմս ԱԳՆ-ի, եւ, այսպես կոչված, արեւմտամետ կուսակցությունների առաջնորդները հայ հասարակությանը վախեցնում են Ադրբեջանի կողմից կազմակերպվելիք նոր ագրեսիայի մասին կանխատեսումներով: Ըստ նրանց՝ Ադրբեջանը հիմա չի հարձակվում Հայաստանի վրա միայն այն պատճառով, որ նոյեմբերին հյուրընկալում է ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության համաժողովը` COP 29-ը, երբ այդ համաժողովն ավարտվի, Ադրբեջանը նորից հարձակվելու է Հայաստանի վրա, որ գրավի իր ուզած տարածքները: Ադրբեջանին հարձակվելու առիթ չտալու համար պետք է հասցնել մինչեւ նոյեմբեր անցկացնել հանրաքվե, համաձայնել տարածքային զիջումներին, ինչի պայմաններում Ադրբեջանն այլեւս կարիք չի ունենա հարձակվել Հայաստանի վրա:
Փաշինյանն ուզում է հերթական տարածքային զիջումների պատասխանատվությունը դնել հայ հասարակության վրա, ասել, որ կա՛մ դուք համաձայնում եք զիջել, կա՛մ լինելու է պատերազմ: Կիրանցի դեպքում մի քիչ սիրուն չստացվեց. հայ հասարակությունը կարծես դեմ էր զիջումներին, դրանց պատասխանատվությունը մնաց միայն իր եւ իր իշխանության վրա: Բայց դե հիմա պետք են ավելի ակնհայտ զիջումներ, նա ո՞նց մարդկանց ասի, որ, օրինակ, Ադրբեջանը մեզ չի վերադարձնելու Արծվաշենը կամ այլ ակնհայտ հայկական տարածքներ, որոնք օկուպացվել են իր պաշտոնավարման ընթացքում, եւ ինքն ընդունում է դրանց հայաստանապատկան լինելը: Բայց նա կարող է մարդկանց ասել, որ կա՛մ դուք հրաժարվում եք այդ տարածքներից, կա՛մ իրավունք եք տալիս Ադրբեջանին՝ նոր պատերազմ սկսել Հայաստանի դեմ եւ նոր տարածքային ձեռքբերումներ ունենալ, քանի որ իր ղեկավարած Հայաստանը չի կարող ինքն իրեն պաշտպանել, քանի դեռ Հայաստանի գերագույն գլխավոր հրամանատարն ինքն է, պարտությունը երաշխավորված է: Արեւմտամետ ուժերի առաջարկած ԵՄ հայտի մասով հանրաքվեն էլ կօգնի՝ գեղեցիկ փաթեթավորում ապահովել այդ զիջումներին` զիջենք մի քանի արդեն կորցրած տարածքներ` ԵՄ-ում լինելու հեռանկարի դիմաց:
Հայաստանը երբեք չի լինելու ԵՄ անդամ: Նույնիսկ ԵՄ անդամի թեկնածուի կարգավիճակ ստացած Վրաստանի իշխանություններն են հասկացել, որ իրենց ուղղակի խաբում են` գեղեցիկ խոստումներ տալով եւ երկիրը ոչնչացնելով: Դրա համար, ի պատասխան «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքը չեղարկելու պահանջին, Վրաստանից պատասխանեցին, որ կչեղարկեն օրենքն այն ժամանակ, երբ Վրաստանը կդառնա ԵՄ անդամ: Միայն թե, ի տարբերություն Վրաստանի իշխանությունների, որոնք ինքնուրույն են, ունեն ազգային արժանապատվության եւ սեփական երկիրը պաշտպանելու գիտակցում, Հայաստանի իշխանությունն ու նրան սատարող եւ արեւմտյան երկրների ազդեցության տակ գտնվող գործիչների զանգվածը գործում է բացառապես վերադասի հրահանգով: Նայեք այդ մարդկանց ու նրանց կենսագրությունը եւ կհամոզվեք, որ նրանց մեծ մասը, եթե ոչ բոլորը, ունի ամերիկյան կամ ԵՄ որեւէ երկրի քաղաքացիություն, Հայաստանի կործանումը նրանց համար կրիտիկական նշանակության հարց չէ, ի վերջո, իրենք ծառայում են իրենց հայրենիքին: Իսկ Նիկոլ Փաշինյանը նրանց բացատրել է, որ հայրենիքն առաջին հերթին քաղաքացիություն է: Կործանելով Հայաստանը` նրանք հայրենիքի դավաճան չեն դառնում:
Ավետիս Բաբաջանյան
Կարծիքներ