ՀՀ-ի կողմից Պաղեստինի ճանաչումը կնպաստի Արցախի ինքնորոշման իրավունքի բարձրաձայնմանը

ՀՀ-ի կողմից Պաղեստինի ճանաչումը կնպաստի Արցախի ինքնորոշման իրավունքի բարձրաձայնմանը

«Հրապարակի» զրուցակիցն «Իսրայելահայեր» թերթի գլխավոր խմբագիր Արտյոմ Չերնամորյանն է.  

- Արաբական աշխարհը միահամուռ ողջունել է Հայաստանի կողմից Պաղեստինի պետության ճանաչումը. Պաղեստին, Եգիպտոս, Հորդանան, Կատար, Օման, Քուվեյթ, Իրաք, Սաուդյան Արաբիա, Ծոցի արաբական համագործակցության պետությունների խոհուրդ և այլն: ՀԱՄԱՍ-ն էլ հատուկ շնորհակալություն է հայտնել Հայաստանին: Նման ռեզոնանսը սպասելի է՞ր:

Ա.Չ. - Նման ռեզոնանսն ընդունելի և սպասելի էր, քանի որ Հայաստանը վերջին տարիներին ավելի է սերտացրել իր հարաբերությունները Պարսից ծոցի երկրների հետ, հատկապես՝ Եգիպտոսի (թեկուզ հիշենք այս տարվա մարտին Երևանում նախագահ Աբդել Ֆաթթահ աս-Սիսի և վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը): Այսինքն Հայաստանը սկսել է իր սուվերեն, ինքնուրույն քաղաքականությունը վարել և սրանով է նաև պայմանավորված, որ բարձրացրել է Հայաստանի սուբյեկտայնությունը միջազգային հանրության շրջանում: Եթե նախկինում մեր երկիրը դիտարկվում էր որպես Ռուսաստանի հետ նույն ծիրում գործող պետություն, ապա այժմ ավելի անկախ ու ինքնորույն քաղաքականությու ունի Հայաստանը: Ես նաև սրանով եմ պայմանավորում արաբական երկրների այսպիսի դրական արձագանքը:

- Իսրայելի արձագանքը բավականին կոշտ է. այդ երկրի ԱԳՆ է կանչվել ՀՀ դեսպանը՝ նկատողություն ստանալու համար, Նեթանյահուի գրասենյակից էլ հայտարարել են Երևանի քայլի բացասական և լուրջ հետևանքների մասին: Իսկ ի՞նչ տրամադրություններ են Իսրայելում ընդհանրապես, մի երկրում, որտեղ ընդամենը 4 տարի առաջ է մեր երկիրը դեսպանատուն բացել:

Ա.Չ. - Այո, Իսրայելը շատ ծանր ընդունեց այս լուրը: Իսրայելի ԱԳ նախարար Իսրայել Կացը գերատեսչություն է հրավիրել ՀՀ դեսպան Արման Հակոբյանը, որտեղ նրան խիստ դժգոհություն են հայտնել: Եղան նաև կառավարության կողմից հայտարարություններ, որ Հայաստանը «թանկ գին է վճարելու» այս որոշման համար: Բայց Հայաստանն, իմ կարծիքով, բոլոր ռիսկերը կշռադատել էր և այս որոշումը կայացրել է նաև իր արևմտյան գործընկերների հետ որոշակի շփման և նրանց հետ համագործակցության արդյունքում, ոչ թե արաբական պետություններին ուղղակի դուր գալու համար: Հանրային, կենցաղային մակարդակում էլ հրեաները մեծ մասամբ հեգնանքով ու բացասաբար են արտահայտվում Հայաստանի որոշման մասին: Երեկ ամբողջ համացանցը ողողված էր հակահայկական հայտարարություններով, «լավ ենք արել, որ Ադրբեջանին ենք օգնել» և այլն, և այլն: Ադրբեջանական լոբբին էլ օգտվեց այս իրավիճակից և սկսեց հակահայկական բազմաթիվ հոդվածներ տպագրել թե իսրայելական, թե այլ լրատվամիջոցներում: 
Չասեմ՝ Հայաստանի կողմից Պաղեստինի ճանաչումը թիվ մեկ լուրն էր Իսրայելում, բայց գլխավոր լուրերից մեկն էր և չկար մեկ լրատվամիջոց, որ չանդրադառնար այդ թեմային, որոշները՝ չափավոր, որոշները ծայրահեղ շեշտադրումներով:

- Հայաստանում մեծ դիսկուրս է բացվել առ այն, թե արդյո՞ք արժեր նման քայլի գնալ: Փորձագիտական հանրության մի մասը կողմ է այդ որոշմանը, որոշ մասը՝ երեսպաշտություն է համարում՝ հաշվի առնելով ՀՀ իշխանությունների կողմից Արցախի ինքնորոշման իրավունքի ստորադասումը, եթե կուզեք՝ վերացումը:

Ա.Չ. - Իմ կարծիքով, սա ողջամիտ քայլ էր: Ուշ թե շուտ՝ Հայաստանը պետք է ճանաչեր Պաղեստին պետությունը: Եթե Հայաստանն այդ որոշումն ընդունած 144-րդ երկիրն է, ապա մեծ վտանգ չկա Հայաստանի համար: Ընդհակառակը, իմ կարծիքով, սա կարող է նպաստել Արցախի ինքնորոշման իրավունքի, արցախցիների՝ իրենց հայրենիք վերադառնալու իրավունքի հարցի բարձրաձայնմանը: Զուգահեռներ կարելի է տանել Արցախի և Պաղեստինի միջև, բայց եթե Արցախում խոսքը էթիկ զտումների և ցեղասպան գործողությունների մասին է խոսքը, ապա Գազայում տեղի ունեցողն, ըստ իս, ցեղասպանություն չէ: Նշեմ նաև, որ մեզ՝ իսրայելահայերիս համար շատ անսպասելի էր ՀՀ-ի կողմից Պաղեստինի ճանաչումը: Լավ կլիներ, որ մեզ տեղյակ պահեին այս քննարկումների մասին, դեսպանատունն էլ մեզ տեղեկացներ որոշման հավանականության մասին, որպեսզի մենք էլ նյութեր պատրաստեինք և իսրայելական ԶԼՄ-ներում մեր հակափաստարկները ներկայացնեինք: Կարելի է ասել, ՀՀ կառավարությունն ինչ-որ իմաստով հարվածի տակ դրեց Իսրայելի հայկական համայնքին, թեև, բնականաբար, խոսքը մեր կյանքին սպառնացող վտանգի մասին չէ: 

- Կարծիք կա նաև, նման քայլի Երևանը գնացել է Անկարայի «պատվերով», հիշեցնում են օրերս կայացած Էրդողան-Փաշինյան հեռախոսազրույցը: Ի դեպ, Թուրքիայի ԱԳՆ-ն ևս ողջունել է Հայաստահի որոշումը: 

Ա.Չ. - Կտրականապես անընդունելի եմ համարում նման վարկածներն ու պնդումները, թե Հայաստանն այդ քայլին գնացել է Թուրքիայի նախաձեռնությամբ: Ավելի՛ն, վերջին ամիսներին, գրեթե ամենաշաբաթյա պարբերականությամբ Հայաստան են այցելում եվրոպական և արևմտյան երկրների բարձրաստիճան պաշտոնյաներ, դիվանագետներ, ուստի, վստահ եմ, որ Պաղեստինի ճանաչումը տեղի է ունեցել արևմտյան գործընկերների հետ շփումների արդյունքում: Հիշենք նաև, որ միայն նախորդ ամիս՝ մայիսի 13-ից հետո եվրոպական չորս պետություն՝ Իսպանիան, Սլովենիան, Նորվեգիան և Իռլանդիան, ճանաչել են Պաղեստինի պետությունը:  

- Թուրքիայի հետ սինքրոն գործող Ադրբեջանից պաշտոնական արձագանք չկա. սա ինչո՞վ կբացատրեք: Իսրայելի հետ ռազմական գործակցությունն այնքան է կաշկանդում, որ չե՞ն ձայնակցում մեծ եղբորը:

Ա.Չ. - Չնայած Ադրբեջանը մայիսին 10-ին կայացած ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի արտակարգ նիստի ժամանակ կողմ է քվեարկել ՄԱԿ-ին Պաղեստինի անդամակցության վերաբերյալ բանաձևին, բայց վստահ եմ՝ ցանկացած քայլ, որ Բաքուն անում է միջազգային հարթակներում՝ համագործակցում է հրեական դիվանագետների հետ և առնվազն տեղյակ է պահում հրեաներին իրենց որոշումների հետ կապված: Ինչ վերաբերվում է Ադրբեջանի արձագանքի բացակայությանը, ապա այն միանգամայն տրամաբանական է, քանի որ այդ երկիրը չի կարող դրական գնահատել Հայաստանի կատարած դրական քայլերը: