Միջազգային իրավապաշտպան «Freedom House» կազմակերպության եւ ՔՊ-ական իշխանությանը հարաբերությունները սահուն չեն ընթացել այս տարիներին: Եթե 2018-ից հետո «Freedom House»` մեր հասարակության նման, ոգեւորված էր իշխանափոխությամբ եւ հույսեր էր կապում, որ փողոցից եկած երիտասարդների իշխանությունը երկրում դեմոկրատիա, խոսքի ազատություն է հաստատելու, մարդու իրավունքներն ու դատարանների անկախությունն է ապահովելու, կոռուպցիայի դեմ է պայքարելու, տնտեսական ազատ դաշտ, հավասար մրցակցություն է ապահովելու, ապա տարեց տարի այդ հույսերը մարեցին, իսկ վերջին տարիներին արդեն ակնհայտ դարձավ, որ ՔՊ-ն ոչնչով չի տարբերվում ՀՀԿ-ից, իսկ եթե անգամ տարբերվում է, ապա տարբերությունը հօգուտ ՔՊ-ի չէ:
Եւ «Freedom House»-ը` հավատարիմ իր մանդատին, սկզբում զգուշորեն, ապա ավելի վճռական սկսեց խոսեց քաղաքական ճնշումների եւ ժողովրդավարությունից հետընթացի մասին: Իսկ 2024-ի զեկույցում առհասարակ արձանագրեց, որ «2023-ին Ժողովրդավարական կառավարման վարկանիշը նվազել է՝ Կառավարության կողմից ուժի կոնսոլիդացիայի, կենտրոնական իշխանությունների կողմից ընդդիմադիր քաղաքապետերին պաշտոնանկ անելու, և իշխող կուսակցության ֆինանսական միջոցների թափանցիկության պակասի պատճառով»:
Հենց այս զեկույցին արձագանքելով էլ ՔՊ-ի ամենակարկառուն օրենսդիրներից մեկը` ՔՊ խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը ճեպազրույցներից մեկի ժամանակ հայտարարել էր. ««Freedom House»-ը չի որոշում՝ ՀՀ-ն ժողովրդավար է, թե՝ ոչ»: Ապա ինքն իր կարծիքի ու իր մեծության գիտակցումով ասել էր. «Կրկնում եմ՝ ՀՀ-ն համաշխարհային երկրների շարքում ամենաժողովրդավար երկրներից մեկն է։ Այդպես շարունակելու է մնալ, այդպես է լինելու այսուհետ միշտ»:
Ի դեպ, 2020-ին «Freedom House»-ի հերթական զեկույցի մասին էլ ասել էր. «Կարծում եմ, որ միջազգային կառույցները ներհայաստանյան իրավիճակների մասին գնահատականներ հնչեցնելիս պետք է առաջին հերթին առաջնորդվեն ներհայաստանյան հասարակական և քաղաքական կյանքի նրբություններով ու ըստ այդմ հնչեցնեն իրենց գնահատականները, ոչ թե համեմատականի մեջ դնեն այլ երկրների հետ ու այդ հիմքով գնահատականներ հնչեցնեն»: Իսկ ներհայաստանյան նրբությունները ձեզ հուշում են, որ նռնակնե՞ր նետեք ցուցարարների վրա, քաղաքապետե՞ր կալանավորեք` առանց հիմքերի, փակեք ձեզ քննադատողների բերանը` քրեական գործեր հարուցելով եւ այլն:
Իհարկե, այս թիմի մեծամտությանն ու մեծախոսությանը միայն կարելի է նախանձել, բայց առավել ուշագրավ է սրանց ոչ հետեւողականությունը, անփութությունը: Այն, որ այս թիմի մի անդամը չգիտի, թե ինչ է անում կամ ասում մյուսը: Չգիտեն, թե ինչ կարելի է ասել ու անել, ինչ` չի կարելի: Չեն գիտակցում, որ իրենց ամեն մի բլթոցը կարող է ինչ որ հետեւանքներ ունենալ: Որ բլթցնելուց հետո պետք է կարողանաս նաեւ, իրենց հասկանալի լեզվով ասած` «ատվեչայ լինես» ասածներիդ համար:
Ընդամենը մի քանի ամիս առաջ այս թիմի մի ճ կլասի ներկայացուցիչ մեծ-մեծ փրթացնում է, իսկ մի քանի ամիս անց` այսօր իրենց թիմի պարագլուխը ընդունում է «Freedom House»-ի ներկայացուցիչներին, ջերմ ընդունելության արժանացնում:
Պաշտոնական հաղորդագրության մեջ ասված է. «Նիկոլ Փաշինյանը նշել է, որ Freedom House-ի զեկույցները կարևոր ազդակ են հաղորդում կառավարությանը՝ ռեֆորմներն առաջ մղելու գործում, շեշտել է, որ ժողովրդավարական ինստիտուտների զարգացումն ու բարեփոխումների օրակարգը կառավարության համար ռազմավարություն է...»:
Իսկ որտեղ է Արթուր Հովհաննիսյանը, գուցե նորից ճեպազրույց տա եւ ասի` «Կապ չունի` վարչապետ-մարչապետ չեմ ճանաչում, «Freedom House»-ը չի որոշում՝ ՀՀ-ն ժողովրդավար է, թե՝ ոչ»:
Արեգ Մարգարյան
