Կա չորս մեղադրյալ, միայն Մանուկյանն է կալանավորված` մոնտաժված ձայնագրության հիման վրա

Կա չորս մեղադրյալ, միայն Մանուկյանն է կալանավորված` մոնտաժված ձայնագրության հիման վրա

Չորեքշաբթի օրը Տավուշի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի՝ Իջևան քաղաքի նստավայրում տեղի է ունեցել ԱԺ նախկին պատգամավոր, դաշնակցական Սուրեն Մանուկյանի և մյուսների գործով դատական նիստը, որի ընթացքում հետազոտվել են ապացույցները։ Հանրային մեղադրողն ընթերցել է Թաթուլ Պողոսյանի ձայնագրության զննության արձանագրությունը։

Ըստ Սուրեն Մանուկյանի, վերծանումն ու ձայնագրությունն իրար չէին համապատասխանում։ Նրա խոսքով՝ դա մոնտաժված տարբերակ է, որն անթույլատրելի ապացույց է։ Մանուկյանը անհասկանալի է համարել այն, որ 22 ամիս շարունակ դատարանը պահում է այս ձայնագրությունը և կողմերին չի տրամադրում։ «Էնտեղ նշվում է, որ ես Պարսկաստանում եմ ձերբակալվել. եթե խոսքն իմ մասին է, ես էնտեղ չեմ ձերբակալվել։ Նշվում է, որ դեպքը եղել է 2 ամիս առաջ։ Ձայնագրությունը ոնց հասկանում եմ՝ ապրիլ ամսին է եղել։ Այսինքն՝ այդ ժամանակ ես արդեն 7 ամիս էր, որ ձերբակալված էի։ Էնտեղ ընդամենն ասվում է՝ Սուրոն՝ դեպուտատ, դրանից ավելի գործի հետ կապված ոչ մի բան չկա։ ՉԵմ հասկանում՝ ի՞նչ կապ ունի այս ամենը այս քրեական գործի հետ»։ 

Հիշեցնենք, որ դեռևս 2022 թ. օգոստոսի 11-ից քրեական գործ էր հարուցվել և քրեական հետապնդում էր սկսվել ՀՅԴ Հայաստանի ԳՄ անդամ, 6-րդ գումարման ԱԺ պատգամավոր Սուրեն Մանուկյանի նկատմամբ: Վերջինս մեղադրվում է խմբի կազմում «Ազատ դեմոկրատներ» կուսակցության նախագահ Խաչատուր Քոքոբելյանի հորը առևանգելու և նրա որդիներից առանձնապես խոշոր չափերի գումար շորթելու համար։ Քրեական գործով Սուրեն Մանուկյանի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը, և 2022 թ. օգոստոսի 11-ից սկսած նա ազատազրկված է։

Հայտնենք նաև, որ Սուրեն Մանուկյանն իրեն առաջադրված մեղադրանքը համարում է շինծու, այն չի ընդունում և իրեն մեղավոր չի ճանաչում։ Փաստաբանները բազմիցս հայտնել են, որ քրեական գործի նյութերում չկա որևէ ողջամիտ ապացույց, որը թույլ կտա հետևություն անել Ս. Մանուկյանի մեղսակցության մասին։

Թեմայի մասին «Հրապարակը» զրուցել է դատարանում Մանուկյանի շահերի ներկայացուցիչ, փաստաբան Սերգեյ Ոսկանյանի հետ: 

Ոսկանյանը մեզ հետ զրույցում հայտնեց, որ շուտով կլրանա երկրորդ տարին, ինչ Մանուկյանի խափանման միջոց կալանքը փոխելու միջնորդություն է ներկայացվում դատարան, սակայն դատարանն անփոփոխ է թողնում այն: Փաստաբանի կարծիքով` գործի շրջանակներում առանձնահատուկ կարևորություն ունեցող ձայնագրությունները դատարանում որոշակի կասկածի տեղիք են տվել, քանզի հնչում է հարց, իսկ պատասխանը տրվում է երեք րոպե անց, ինչը տեխնոլոգիաների այս ժամանակաշրջանում կարող է պարզագույն մոնտաժի արդյունք լինել. «Խափանման միջոց փոխելու համար վերջին անգամ դատարան միջնորդություն էինք ներկայացրել մայիսին, սակայն դատարանը կրկին մերժեց, տվյալ միջնորդությունը դատարանը ոչ մի անգամ այս ընթացքում չի բավարարել: Նշված քրեական վարույթի շրջանակում կա չորս մեղադրյալ, որոնցից միայն Մանուկյանն է կալանավորված: Մեկը տնային կալանքի մեջ է, մյուսը ստորագրությամբ դրսում է, մյուսն էլ լրիվ այլ գործի շրջանակներում դատապարտյալ է: Հաջորդ միջնորդությունը կարող ենք ներկայացնել օգոստոսին: Դատարանը նշում է, որ Սուրեն Մանուկյանն ունի ամուր սոցիալական կապեր, լայն ընկերական շրջապատ, ուստի ազատության մեջ գտնվելու պարագայում կարող է խոչընդոտել գործի քննությանը, իբրև այնպես կարող է անել, որ իր օգտին ցուցմունքներ տան, կամ փոխեն արդեն իսկ տրված ցուցմունքները», - նշեց փաստաբանը: 

Ըստ նրա` այս գործի շրջանակներում կալանքը որպես խափանման միջոց տեղին չէ.

«Կալանավորումը հանդիսանում է ամենախիստ խափանման միջոցը և պետք է կիրառվի բացառապես այն դեպքերում, երբ ողջամտորեն կարծիքներ հնչեն այն մասին, որ մյուս խափանման միջոցներն ի զորու չեն ապահովել գործի ընթացքը, տվյալ պարագայում չկա նման հստակ փաստարկ»: Չորեքշաբթի օրը տեղի ունեցած դատական նիստը, որը վերաբերում էր առկա փաստերին` ձայնագրությունների հետազոտությանը, ի՞նչ հարցերի պատասխաններ կոնկրետացրեց. «Շատ հետաքրքիր հանգամանքներ կան, պարզվեց, որ ինչ-որ մեկը գաղտնի քննչական գործողությունների ընթացքում ձայնագրվել է, սակայն հիմա մանրամասներ չեմ ասի այդ մասին, գործին չվնասելու նպատակով: Կան էպիզոդներ, որտեղ մարդուն հարց են տալիս ձայնագրության մեջ, իսկ նա հարցին պատասխանում է երեք րոպե անց: Կարծում եմ` բոլորի համար հասկանալի է, որ մարդը երեք րոպե չի մտածում, նոր խոսքն արտաբերում: Այսինքն` հիմնավոր ենթադրություններ ունենք, որ ձայնագրությունները մոնտաժված են և ամեն ինչ ներկայացված է մեղադրող կողմին ձեռնտու տարբերակով:  Թեպետ անգամ դրանց իրական լինելու պարագայում Սուրեն Մանուկյանի մեղքն ապացուցված չէ: Դատարանն այժմ դրան գնահատական չի տվել: Երբ հետազոտությունների ընթացքն ավարտվի, մենք այս հանգամանքին հղում անելով նոր միջնորդություն կներկայացնենք, որին պետք է դատարանը գնահատական տա: Դրա համար կա հատուկ փուլ, ընդհանուր գործը դեռ մոտ ութ ամիս կարող է տևել: Դրանից հետո էլ կարող է արդեն փոխվել խափանման միջոցը, հիմա եթե բոլոր վկաների ցուցմունքները հետազոտեն, չի մնում գեթ մեկ անձ, ում վրա կարող է ազդել Մանուկյանը», - եզրափակեց փաստաբանը: