Բռնությունների դեպքում քարոզչությունը լռում է

Բռնությունների դեպքում քարոզչությունը լռում է

«Արցախը Հայաստան է և վերջ» գոռացողի և «Ակնան իմ հայրենիքն է» գրությամբ լուսանկարներ շրջանառող նրա ենթականների կողմից մեր հասարակության պառակտվածության նոր ձևաչափ ակտիվացվեց 44-օրյա պատերազմից հետո: Ակտիվացվեց, քանի որ այն կար նաև նախկինում. խոսքն արցախցի-հայաստանցի բաժանման մասին է: 2023 թվականի Արցախի հայաթափումից հետո այն ընդլայնվեց. սկսվեց շրջանառվել «Արցախը հանձնել են տեղի իշխանությունները» դատողությունը: Եվ երբ խոսք է գնում Արցախի հայաթափման մասին՝ այդ դատողությունն անընդհատ կրկնվում է ՀՀ վարչապետի աթոռից կառչած՝ 44-օրյա պատերազմի խայտառակ պարտության խորհրդանիշ անձի ենթականների կողմից: 

Մի դիտարկում անեմ. այդ դատողությանն ավելի մեծ զգացմունքայնություն հաղորդելու նպատակով Արցախն անվանում են իր պատմական ու սահմանադրական անվանումով և ոչ թե թուրքական տարբերակով՝ Լեռնային Ղարաբաղ: Մնացած բոլոր դեպքերում Արցախը կրկին դարձել է Լեռնային Ղարաբաղ: Հիշենք նիկոլականներից մեկի՝ «Արցախ» անվանումը տալուց հետո ներողություն խնդրելն ու ինքն իրեն «ուղղելը»: Կարծես թե այդ անձը հայ չէր և ելույթ էր ունենում ոչ թե Հայաստանի, այլ Ադրբեջանի խորհրդարանում:  

Ինչևէ, վերադառնալով վերը նշված դատողությանն, ասենք, որ դրանում օգտագործված են գեբելսյան (հիշեցնեմ՝ Յոզեֆ Գեբելսը (1897-1945) գերմանական Երրորդ Ռեյխի պրոպագանդայի նախարարն էր) քարոզչական մեթոդներից երեքը: Առաջին մեթոդը կարճ, կոնկրետ և լսարանի զգացմունքներին ուղղված հաղորդագրությունն է: Երկրորդը բացահայտ սուտն է: Հիմնավորեմ՝ Արցախը հանձնվել է երեք փուլով՝ երեքն էլ Նիկոլի «կնքահայրությամբ»: Առաջին փուլը 44-օրյա պատերազմում Նիկոլի գլխավոր հրամանատարությամբ պարտությունն էր: Որի դեպքում, նախ, ՀՀ-ում մոբիլիզացիա չկատարվեց: Եվ պարտությունն էլ մեզանում ընդունելի դարձնելու համար հայտարարվեց, թե ինչ էլ պատահի՝ մենք մեզ պարտված չենք ճանաչելու: 

Երկրորդ փուլը եվրոպական մայրաքաղաքներում Լեռնային Ղարաբաղը (նիկոլական տերմինաբանությամբ) Ադրբեջանի մաս ճանաչելն էր: Երրորդն Արցախի 9-ամսյա շրջափակման ու դրան հետևած հայաթափման ընթացքում անգործություն դրսևորելն էր: Եվ բնական է, որ Հայաստանի օգնությունից զրկված ու շուրջ մեկ տարի շրջափակման մեջ մնացած երկրամասը չէր կարող չենթարկվել կապիտուլյացիայի: Հակառակն ասողները կա՛մ նիկոլական են և կա՛մ մտածելու ունակությունից զուրկ անձինք: Ի դեպ, ավելացնեմ, որ մեկ-երկու օրվա մարտերի ընթացքում Ադրբեջանը կրել է զգալի մարդկային կորուստներ: Իշխանափոխությունից հետո այդ մարտերն իրենց պատվավոր տեղն են զբաղեցնելու մեր հերոսական բանակի փառապանծ տարեգրությունում: 

Երրորդ մեթոդը կրկնությունն է. որքան այն երկարատև է ու անընդհատ, այնքան բարձր է արդյունավետությունը: Ենթադրում եմ, որ դա իրականացվում է գիտակցաբար, ու իրենք լավ գիտեն իրենց անելիքը: Բայց ենթադրում եմ նաև, որ իրենք բաց են թողել գեբելսյան քարոզչական մեթոդներին առնչվող չափազանց կարևոր մի հանգամանք: Դա այն է, որ, ի տարբերություն նախորդ դարի 30-ականների Գերմանիայի կանցլեր Ադոլֆ Հիտլերի, 2021 թվականից սկսած Փաշինյան Նիկոլը պարտության խորհրդանիշ է: Եվ այն, ինչ հեշտությամբ տրվում էր վերելքի փուլում գտնվող գերմանական նացիոնալիստ-սոցիալիստներին, շատ մեծ դժվարությամբ ու բարդությամբ է այսօր տրվում քպականներին: 

Պատճառն այն է, որ քարոզչական մեթոդներն, իմ կարծիքով (կամ էլ այլոց կարծիքով, որ վաղուց դարձել է իմը), ունեն կարևոր մի հատկանիշ: Դա այն է, երբ պայմաններից որևէ մեկը մեկ այլ վայրում և/կամ այլ ժամանակահատվածում բացակայում է, ապա տվյալ քարոզչամեթոդը մեծ հավանականությամբ կարող է արդյունավետ չլինել: Դա աչքաթող է արվել գործող իշխանության կողմից, ինչը ստիպված կոմպենսացվում է ոստիկանական վայրագ բռնություններով: Իսկ որտեղ գործում են բռնությունները, այնտեղ քարոզչությունը ստիպված է լռել: Ճիշտ այնպես, ինչպես ասվում է մուսաների առումով՝ երբ որոտում են թնդանոթները, մուսաները լռում են: