Որ մարդիկ չզզվեն մարդ լինելուց

Որ մարդիկ չզզվեն մարդ լինելուց

Փաշինյանը եզակի է իր տեսակի մեջ, մի ունիկալ երևույթ, որի ինչ լինելը բացահայտելու համար մարդկությունից՝ ներառյալ հայերից, դեռ երկար տարիներ կպահանջվեն: Այդ բացահայտումը հնարավոր է տեղի ունենա 22-րդ դարում, կամ ավելի ուշ, որովհետև խնդիրն իսկապես բարդ է: Հոմո սապիենսից հարյուրավոր, նույնիսկ հազարավոր տարիներ են պահանջվել, որպեսզի նա հասկանա կրակի էությունը, ծագումը, էլ չեմ ասում՝ կարողանա ինքնուրույն կրակ ստանալ: Եվ ի՞նչ պետք է անի խեղճ հոմո սապիենսն այսօր, որ հասցրել է ըստ էության և ամբողջությամբ բացահայտել բնությունը, ու հանկարծ առերեսվում է մի աննախադեպ երևույթի, որ կոչվում է Նիկոլ Փաշինյան, կարճ՝ Նիկոլ:

Ինձ թվում է՝ մինչև ծանոթանան իրողությանը, մինչև գիտական խմբեր ձևավորեն, մինչև փորձարարական լաբորատորիաներ հիմնեն, մի հարյուր տարի կանցնի: Մյուս կողմից էլ հոմո սապիենսը դեռ ուրիշ հարցեր ունի լուծելու, որոնք խլում են նրա ժամանակի մեծ մասը: Գլոբալ տաքացում, օզոնային շերտի պատռվածքների կարկատում, Իրանի միջուկային ծրագիր, ռուս-ուկրաինական կոնֆլիկտ, Պաղեստինի հիմնախնդիր, Հայաստանի՝ ՆԱՏՕ-ին և ԵՄ-ին անդամակցություն, Հայաստանի՝ ՀԱՊԿ-ից, ԵԱՏՄ-ից և ԱՊՀ-ից դուրս գալու ծրագրի մշակում, խաղաղության խաչմերուկի հարցում Հայաստանի հեղինակային իրավունքի ճանաչում և այլն և այլն: Մեր տեղեկություններով՝ մինչ այս պահը միայն բրիտանացի գիտնականներն են հետաքրքրվել Նիկոլ երևույթով, այն էլ Հայաստանից Անգլիա փախած Արմեն Սարգսյանի հորդորով: Նրանք նույնիսկ խումբ էին ձևավորել և որոշել խնդրին տեղում ծանոթանալու նպատակով մի հաստատություն հիմնել Հայաստանում, բայց ստիպված եղան չեղարկել այդ հանդուգն ծրագիրը, երբ Նիկոլ Փաշինյանը հանդես եկավ թշնամուց խուսափելու նպատակով սահմանին ծառեր տնկելու իր հանրահայտ առաջարկով: Բրիտանացիներն իսկույն հասկացան, որ ֆիզիկոսներից, աստղաֆիզիկոսներից, քիմիկոսներից, կենսաբաններից և նույնիսկ քվանտային մեխանիկայի բնագավառի հայ մասնագետներից կազմված գիտնականների խումբը անզոր է բացահայտել մի երևույթ, որ ավելի շատ մոտ է հեգեբանության և հոգեբուժության գիտաճյուղերին: Լավ սկսված գործը, փաստորեն, միառժամանակ կանգ առավ՝ ճանապարհային քարտեզի ոչ ճիշտ ընտրության պատճառով:
Ի՞նչ ասեմ, ստիպված ենք սպասել: Աշխարհը բրիտանացի գիտանականներով չի ավարտվում: Ամերիկացի գիտնականներ էլ կան, չէ՞, որոնք չճանաչված թռչող օբյեկտներով են զբաղվում, անորսալի Ջոյի պրոբլեմով, լուսին են թռչում վերջապես: Նրանք, որ հասկացել են Բայդենի ու Թրամփի տարբերությունը, Նիկոլ երևույթի բացահայտումն ի՞նչ է նրանց համար, այնպես չէ՞: Զուտ ժամանակի հարց է, կարծում եմ, միայն թե նրանք կարողանան համաշխարհային պրոբլեմների ու համատարած այս թոհուբոհի մեջ Նիկոլով զբաղվելու պատուհան գտնել:

Կարող է հարց առաջանալ՝ իսկ Նիկոլն ո՞վ է, որ նրան բացահայտելու համար միջազգային հանրությունն այդքան ջանք ու եռանդ պետք է ներդնի: Լավ հարց է, իհարկե, բայց կա այդ հարցի նաև մյուս կողմը՝ չէ՞ որ երկրագունդը կլոր է, և Նիկոլ երևույթը, ինչպես կորոնավիրուսը, կարող է գլորվելով հասնել իրենց մոտ՝ ԱՄՆ, Անգլիա, ԵՄ, արաբական աշխարհ, Հնդկաստան, Չինաստան… Եվ ուրեմն Նիկոլ երևույթը (ոչ նրա անձը) պետք է ուսումնասիրել հենց օրորոցում և միջոցներ ձեռք առնել, որ այն չտարածվի ողջ մարդկության մեջ:

Եթե կուզեք իմանալ, մենք՝ հայերս, կարող ենք մեր ակնառու ներդրումն ունենալ մարդկությանն այդ երևույթից զերծ պահելու գերհումանիտար գործում: Այլապես Նիկոլն արդեն սկսել է հեծանիվ քշել: Պատկերացնո՞ւմ եք, թե ինչ կարող է տեղի ունենալ, երբ նա սկսի ուրիշ բան քշել, ասենք՝ անօդաչու թռչող սարք, վերջին մոդելի СУ: Մի պահ պատկերացրեք նրա օդային էսկորտը, որ, սիրենաները միացրած, իր կողքով թռչող բոլոր ինքնաթիռներին հրահանգում է՝ «աջ քաշեք, կանգնեք, արա, աջ քաշի ասում եմ, կանգնի…»: Մինչև հասկանան ինչ է կատարվում, Նիկոլը դուրս կգա Հայաստանի օդային սահմաններից ու կհայտնվի Աստված գիտի որտեղ: Մենք, եթե դեռ ուզում ենք ինչ-որ կերպ մաս կազմել համամարդկային արժեքներին, պետք է անենք մարդասիարական այդ քայլը՝ Նիկոլին պահենք մեզ մոտ և թույլ չտանք նրա տարածումը երկրագնդով մեկ: Մեկ էլ տեսար հայտնվեց Ամերիկա մայր ցանաքում ու խաղաղության խաչմերուկ հիմնեց ԱՄՆ-ի և Կանադայի  միջև: Ֆրանսիայում, չի բացառվում, սկսի ժողովրդավարության բաստիոն կառուցել, Հյուսիսային Կորեայում՝ իրական Կորեա, հայտարարի, որ Իսրայելի կադաստրի թուղթը չի համապատասխանում ՄԱԿ-ի բանաձևերին և այսպես շարունակ: Իսկ ի՞նչ պետք է անի «հարիֆ» Եվրամիությունը, երբ Նիկոլը նրան առաջարկի ամեն ինչ թողնել և արագ անդամակցել իրական Հայաստանին…

Մեկ-մեկ մտածում եմ՝ միջազգային հանրության հերն էլ անիծած, Նիկոլին բաց թողնենք, թող գնա: Դրանց տեղն է, թող մի քիչ էլ իրենք տանջվեն: Բայց հետո հումանիզմս էլի բռնում է՝ ախր նրանք հայ չեն, չեն դիմանա այդ հարվածին: Կգնա, Մակրոնի հետ Անգլիային պատերազմ կհայտարարի, խայտառակ պարտություն կկրի, հետո էլ Փարիզում կսկսի մեծ-մեծ խոսել, որ Ֆրանսիան հաղթել է, ու ինքն ու Մակրոնն իրենց պարտված չեն ճանաչում: Վստահեցնում եմ՝ աշխարհին Նապոլեոն ու Դյումա տված ազգը տեղում կխելագարվի: Գերմանիայում իր նման մեկը կար, որ եթե 1945-ին ինքնասպան չլիներ, կարող էր կապիտուլյացիա ստորագրել և, մնալով ղեկավար պաշտոնում, հայտարարել, որ այդպես է պահանջում իրական Գերմանիայի շահը: Այդ մարդու անունը Հիտլեր էր: Այդ մարդը, սակայն, այնպես էր սիրում իր ազգն ու հայրենիքը, որ… Մի խոսքով՝ ինքնասպան եղավ, բայց իր ձեռքով կապիտուլյացիա չստորագրեց: Դրանից հետո գերմանացիները ինքնակազմակերպվեցին, ուրիշ բանակցողներ եկան, վիճակը փրկեցին: Հիտլերի տեղը Նիկոլը լիներ՝ առը հա, թե կփրկվեին, առը հա թե այսօր աշխարհի քարտեզին միացյալ Գերմանիա կլիներ:

Այսօր, երբ նայում եմ Հայաստանի իրական պատկերին, ուզում եմ հիանալ մեր ժողովրդով, նրա կամքով, համառությամբ: Մենք միակ ժողովուրդն ենք, որ հանուն Նիկոլի սիրում ենք թշնամուն և թքած ունենք դաշնակիցների վրա: Մենք ամբողջ ուժով պահում ենք մեզ բաժին հասած կապիտուլյացիան, միայն թե Նիկոլը շարունակի մնալ վարչապետ: Մենք համակերպվում ենք մեր երկրի սուվերեն տարածքների կորստին, միայն թե Նիկոլը մնա վարչապետ, մենք հալածում ենք բոլոր ընդդիմադիրներին, արդարացնում ոստիկանական համազգեստ հագած հրեշ-տակների վայրագությունները, միայն թե Նիկոլը մնա վարչապետ… 

Ինչո՞վ է պայմանավորված մեր այդ սերն առ Նիկոլ և առ Նիկոլ երևույթ: Կդժվարանամ ասել: Հատուկ պատճառ չկա: Ավելին, մենք առանձնապես չենք էլ փայլել ղեկավար սիրելու մեր դարավոր հատկանիշով: Ի՞նչ է տեղի ունեցել մեզ հետ՝ չեմ հասկանում: Ոչ տեսքն է մի բան, ոչ ասել-խոսելը, ոչ նստել-վերկենալը: Հիմա էլ հեծանիվ է քշում: Ինչքան դեգեներատ կա՝ հետևից ընկած հեծանիվ է քշում… Վերջին մշակութային օջախը որ այցելել է, չեմ հիշում որ մարզում, ինչ-որ մի խելացի գոմ էր, որտեղ սովորական կովեր էին կապված: Մի երկու օր առաջ էլ իր խելացի կառավարության նիստում հայտարարեց, որ դպրոցը ուսուցչի համար չէ: Եվ մի ամբողջ ժողովուրդ այս ապուշություններին ծափահարում է. ինչո՞ւ, պատճառն ի՞նչն է: Մի ամբողջ ժողովուրդ կարո՞ղ է դեգեներատ լինել: Ոչ, ես դրան չեմ հավատում: Իսկ գուցե մենք չափից ավելի հումանիստ ենք և մտածում ենք համայն մարդկության ճակատագրի՞ մասին՝ Վույ աման, չէ, մեր խայտառակությունը պահենք մեզ, մեր յուղով տապակվենք, մեր կեղտոտը լվացքը փողոցում չփռենք, որ մնացյալ աշխարհի մարդիկ ևս չզզվեն մարդ լինելուց: