Նիկոլ Փաշինյանի եւ Լարա Ահարոնյանի` ժողովրդավարությունից խոսելը նույնն է, որ Ադրբեջանը խոսում է մարդասիրությունից

Նիկոլ Փաշինյանի եւ Լարա Ահարոնյանի` ժողովրդավարությունից խոսելը նույնն է, որ Ադրբեջանը խոսում է մարդասիրությունից

Ընդամենը 20 օր առաջ ցուցարարների վրա նռնակներ նետելու հրաման արձակած Նիկոլ Փաշինյանը շարունակ խոսում է ժողովրդավարության եւ մարդու իրավունքների մասին: Այսօր Երեւանում «Ժողովրդավարության հայկական ֆորում» էին կազմակերպել: Կազմակերպիչներից մեկը` Freedom House միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը, մի քանի օր առաջ էր իր տարեկան զեկույցում արձանագրել, որ Հայաստանում ժողովրդավարությունն անկում է ապրում: Ֆորումը կայացավ «Մարիոթ» հյուրանոցում, որին ոչ մի ընդդիմադիր եւ լրատվամիջոց չէր մասնակցում: Մասնակցում էին կարկառուն գրանտակերներ, մարդիկ, ովքեր կեղծ քաղհասարակության անուն են վաստակել այս տարիներին` աջակցելով իշխանությունների յուրաքանչյուր քայլին: Լարա Ահարոնյանին, Դանիել Իոաննիսյանին, Աշոտ Մելիքյանին, Արթուր Սաքունցին,  Տիգրան Խզմալյանին եւ այլ անձանց տեսանք լուսանկարներում: Միջոցառմանը ներկա էին նաեւ իշխանության ներկայացուցիչները` Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ: Մեզանում ոստիկանական մեքենայից մարդ են իջեցնում` խոշտանգում, պատերազմի մասնակից Աշոտ Երկաթին են դաժան ծեծի ենթարկում` ցույցի մասնակցելու համար, առանց դատավճռի 2-3-4 տարի նստած մարդիկ կան, որոնց մեղադրանքները չեն հաստատվում դատարանում, իսկ արեւմտամետները` իրենց կողմից սնվող գրանտակերների հետ, Երեւանի կենտրոնում խոսում են ժողովրդավարության հաղթանակի մասին: Եվրոպական կառույցներն ու քաղհասարակությունը ոչ թե իշխանությանը սատարելու համար են, այլ հասարակությանն իշխանությունից պաշտպանելու: Եվ ժողովրդավարության թեմայով միջոցառում, որը փակ է ընդդիմության եւ լրագրողների համար, արդեն նոնսենս է:

Զրուցել ենք ռեժիսոր, հանրային գործիչ Հովհաննես Իշխանյանի հետ:

-  «Ժողովրդավարության հայկական ֆորում» է Երեւանում` Լարա Ահարոնյանի կողքին նստած է Նիկոլ Փաշինյանը: Դահլիճում են Արթուր Սաքունցն ու Դանիել Իոաննիսյանը, Անդրանիկ Քոչարյանն ու Վլադիմիր Վարդանյանը: Այս մարդիկ, ներառյալ Նիկոլ Փաշինյանը, ի՞նչ կապ ունեն ժողովրդավարության եւ մարդու իրավունքների հետ:

- Նիկոլ Փաշինյանի եւ Լարա Ահարոնյանի կողմից ժողովրդավարությունը շահարկելը նույն բանն է, ինչ, օրինակ, այն, որ Ադրբեջանը խոսում է մարդասիրությունից եւ օրենքից: Հայաստանում ժողովրդավարությունը երբեք` ոչ մի իշխանության ժամանակ այսքան վատ վիճակում չի եղել թե՛ իշխանական ճյուղերի, թե՛ ապօրինաբար քրեական վարույթների առումով: Ժողովրդավար ղեկավարն ինչպե՞ս կարող էր Արցախը ճանաչել Ադրբեջանի բռնապետության կազմում: Եթե մի մարդ ժողովրդավար է, խոսում է մարդու իրավունքների մասին, ինչպե՞ս կարող է բռնապետին ենթարկվել: Իհարկե, այս ամենին կա բացատրություն: 2300 տարի առաջ Արիստոտելը խոսում էր այն մասին, որ դեմագոգները գալու են օլիգարխիայի ժամանակ, խաղալով հասարակության հույզերի վրա՝ վերցնելու են իշխանությունը, բայց հաջորդիվ հաստատելու են ոչ թե ժողովրդավարական ռեժիմ, այլ ամեն բան բարդեն ժողովրդի վրա, մեղադրեն նրանց եւ խոսեն ժողովրդավարության մասին: Դա բնույթով ոչ թե ժողովրդավարություն է, այլ՝ բռնակալություն: Ոչ մի տարբերություն չկա, ուղղակի անունը սրանք դրել են ժողովրդավարություն եւ ի՞նչ են անում: Ընդամենը մի քանի ամիս առաջ խախտելով մեր սահմանադրական իրավունքները՝ Տավուշից Ադրբեջանին տարածքներ տվեցին` Կիրանցից, Ոսկեպարից: Սա կոնկրետ սահմանադրական իրավունքի խախտում է, ինչպե՞ս կարող է ժողովրդավար ղեկավարը նման բան անել: Ժողովրդավար երկրներում ցանկացած նման հարց դրվում է հանրաքվեի, մեզանում չեղավ նման բան: Այժմ ինչքան ուզում են ֆորումներ անել, խոսել մարդու իրավունքների մասին, բնակչությունն արդեն գիտի, որ դրանք դատարկ խոսքեր են: Հայաստանն այսօր իրական ժողովրդավարության կարիք ունի` բռնակալ դեմոկրատիայից ազատվելուց հետո: Այդ օրը գալու է, ամեն մի համակարգ, որը գալիս է, իր հետ բերելով անարդարությունների շղթա, մի օր դատապարտված է հեռանալ: Նմանատիպ միջոցառումներ կազմակերպողները բռնակալության հովանավորներն են: Դրանց էլ կարելի է հասկանալ` եթե չլինի Նիկոլ Փաշինյանը, չեն լինի նաեւ իրենք: Այս տարիների ընթացքում իրենք ապացուցեցին, թե ովքեր են: Օրինակ` Լարա Ահարոնյանը մի առիթով ասել է, որ չի պաշտպանելու բոլոր կանանց իրավունքները, այն բոլոր կանայք, ովքեր ազգային հարցերով են զբաղված, իր տեսադաշտից դուրս են: Նախորդ իշխանություններն էլ ունեին պրոպագանդիստներ, ովքեր այսօր չկան ասպարեզում, նույնն էլ սրանց հետ է լինելու, որովհետեւ իրենք ոչ թե քաղաքացու շահերի համար են պայքարում, այլ իրենց` նեղ անձնական:

- Ի դեպ, նմանաբնույթ միջոցառումների ժամանակ ինչո՞ւ չեն ներգրավում հակակշիռ ուժերի, որպեսզի գոնե միջոցառումը ժողովրդավարության իմիտիացիա ստեղծի:

- Բայց իրենց ինչի՞ն է պետք դա: Հավաքվում են, որպեսզի նույն երգը երգեն ու գնան: Եթե իրենք հակակշիռ խոսքի կարիք ունենային, այս օրին չէինք հասնի: Մեկընդմիշտ պետք է հասկանալ, որ այս մարդիկ քաղհասարակության հետ կապ չունեն, քաղհասարակությունը քաղաքացիների հանդեպ իշխանության անարդարությունները բարձրաձայնելու համար է: Տեսե՞լ եք՝ մեկ անգամ այս մարդիկ խոսեն Արմեն Աշոտյանի, Մամիկոն Ասլանյանի ապօրինի քրեական վարույթների մասին: Ոչինչ չեն խոսում, ուրեմն ի՞նչ քաղհասարակություն: Բերձորում Փաշինյանի վրա հովանոց նետած կինը պայմանական ազատազրկվել է` երեք տարով: Մարդուն սարքել են հանցագործ, ո՞ւր են այս իրավապաշտպանները: Կինը պարզապես քաղաքական դիրքորոշում է հայտնել ու դատապարտվել: Մի՞թե նա կին չէ, չունի իրավունքներ:

- Freedom House իրավապաշտպան կազմակերպությունը հայտարարել էր, որ Հայաստանում ժողովրդավարությունը նահանջում է: Իսկ հիմա գալիս են՝ այդ անկման մեղավորի հետ համագործակցում:

-  Freedom House-ն օգտագործում է կառավարությանը: Բայց եկեք մի բան հասկանանք` այս իշխանությունը ձեւավորվել է Freedom House-ների շնորհիվ: Այս մարդիկ իրար հետ կապեր են ունեցել, ճամփորդել են, իրար հետ պոնչիկ են կերել, ջան-ջիգյար են արել.... հիմա էլ այս իմաստով շարունակում են պահել անձնական կապերը, եւ դրանց հաշվին էլ տեղի են ունենում նման պարադոքսալ երեւույթներ: