Պարզ կանոններ աղիքային հիվանդություններից խուսափելու համար

Պարզ կանոններ աղիքային հիվանդություններից խուսափելու համար

Վերջին շրջանում Հայաստանում աղիքային վարակների և այլ վիրուսային հիվանդությունների կտրուկ աճ է նկատվում: Հիվանդների քանակը մեր շուրջն աճում է: Մարդիկ անբացատրելի ջերմում են, դիարեա, ականջի բորբոքումներ, մեջքի եւ այլ օրգանների ցավեր, քրոնիկ հիվանդությունների սրացումներ: 

Բժիշկների մի մասը սա բացատրում է ընդհանուր նյարդային խնդիրներով, ջրի վտանգավոր բաղադրությամբ, տարբեր չբացահայտված վարակների տարածումով, վատ սննդով ու էկոլոգիայով, իմունիտետի անկմամբ: Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնի հսկողության և խորհրդատվության բաժնի համաճարակաբան Քրիստինե Լալայանը «Հրապարակի» հետ զրույցում ասում է, որ ամռան ամիսներին ամեն տարի պատկերն այսպիսին է լինում: Աղիքային վարակները հիմնականում կապված են սննդի և հիգիենայի ոչ պատշաճ պահպանման հետ. 
«Ինչպես գիտենք աղիքային վարակիչ հիվանդությունները հիվանդությունների մի մեծ խումբ է, որն առաջին հերթին անդրադառնում է մարդու աղեստամոքսային համակարգի վրա: Վարակումը տեղի է ունենում այն դեպքում, երբ հարուցիչը բերանի մջոցով ներթափանցում է օրգանիզմ` աղտոտված սննդի, ջրի, կեղտոտ ձեռքերի միջոցով:

Հարուցիչները օրգանիզմում սկսում են ինտենսիվ կերպով բազմանալ` 6-ից 48 ժամ հետո: Օրգանիզմում բազմանալուց հետո ի հայտ են գալիս առաջին գանգատները` թուլություն, ախորժակի բացակայություն, ջերմություն, գլխացավ, որովայնի շրջանում ցավեր, արյունային և լորձային լուծ: Հատկապես ցանկանում եմ նշել, որ երեխաների և ծերերի մոտ հաճախակի փսխումները և լուծը կարող են հանգեցել ջրազրկման, ինչն էլ իր հերթին կարող է հղի լինել լրջագույն վտանգներով: Նման դեպքերում խորհուրդ ենք տալիս անհապաղ բժշկի դիմել: Ինչ վերաբերում է նրան, թե ինչու են վարակները շատանում ամռանն ու խոնավ եղանակներին, ապա նշեմ, որ ամռանը նպաստավոր պայմաններ են ստեղծվում նման հարուցիչների բազմացման համար: Սննդամթերքի ոչ ճիշտ մշակման և պահպանման դեպքում հարուցիչները բազմանում են: Որքան պարզ է վարակման մեխանիզմը, նույնքան էլ պարզ է դրանց կիրառմամբ վարակի տարածումը կանխելը: Պետք է պահպանել տարրական հիգիենան, ձեռքերը լվանալ հաճախակի` հատկապես սնունդ ընդունելուց առաջ: Զուգարանից, հանրային տրանսպորտից օգտվելու հետո, դրսից տուն մտնելիս և այլն: Մրգերը, բանջարեղենը ուտելուց առաջ պարտադիր պետք է լվանալ, եթե ջուրը կասկածելի է, ապա եռացրած, սառեցրած ջրով: Երեխաներին այս ընթացքում չպետք է տալ ծորակի ջուր և հում կաթ: Կաթնամթերքն էլ պետք է պահել հատուկ պայմաններում, դրանց ժամկետներին պետք է շատ ուշադիր լինել: Խորհուրդ չի տրվում օգտվել կասկածելի ֆասթֆուդի կետերից, փողոցներում, կասկածելի վայրերում վաճառվող սնունդը կարող է վտանգավոր լինել: Կրեմային հրուշակեղեն, մայոնեզային աղցաններ, սրանք նույնպես կարող են վտանգավոր լինել», - նշեց մեր զրուցակիցը: 

Հունիս ամսին սուր աղիքային վարակներով քանի՞ քաղաքացի է դիմել Ձեզ. «Ավելի քան 200 քաղաքացի: Օրական միջինը 7-ից 8 պացիենտ: Նախորդ տարի այս շրջանում թվերը գրեթե նույնն են եղել` մայիս-հունիս ամիսներին», - ասաց նա: