Սրբազանը երգում է Նժդեհի շիրիմի մոտ․ «Նորից գարուն գայ Հայոց»

Սրբազանը երգում է Նժդեհի շիրիմի մոտ․ «Նորից գարուն գայ Հայոց»

Պատահական չէր Խուստուփ լեռան լանջին, որտեղ թաղված է հայ մեծ զորավար Գարեգին Նժդեհը, Բագրատ Սրբազանը երգեց  «Գողթնի քնարը»։ Խուստուփ լեռը գտնվում է Սյունիքի մարզի արևելյան մասում, Կապան քաղաքից 10 կմ հարավ-արևմուտք, Խուստուփ-Կատարի լեռնաշղթայում։ Ինչու՞ հենց «Գողթնի քնարը» երգեց։ Նա հայ ժողովրդի պատմական հիշողությունն էր ուզում արթնացնել․ Գեղեցիկ և բարեբեր է Հին Հայաստանի Գողթն գավառը։ Իր գրաված տարածքով, պատմական անցյալով ու մշակույթով այն էական դեր է խաղացել հայ ժողովրդի պատմական անցայլում՝ մինչև XX դ. սկզբները։

Գողթն տեղանվանումը, ըստ լեզվաբան Է. Աղայանի ստուգաբանության,  հնում նշանակել է պատմություն, երգ, վիպասանություն։ Ըստ մատենագիր Կորյունի՝ Մեսրոպ Մաշտոցը որոշ ժամանակ բնակվել է այս գավառում, որը նրա ամենասիրելի գավառներից մեկն է եղել։ Հենց այս գավառում է, որ հայոց գրերի ստեղծման համար Մաշտոցը «տրտմական հոգսերով պաշարված ու թակարդապատված և մտածմունքների ծփանքի մեջ էր ընկած»։ Գողթն գավառը, որն իր մեջ հնում ընդգրկել է նաև Սյունաց Արևիք գավառը (այժմյան ՀՍՍՀ Մեղրու շրջան) VIII դարի կեսերից հետո փաստորեն գտնվել է Սյունիքի կազմի մեջ։ Դա մեր պատմությունն է, հայոց պատմությունը, որը հիշեցնում է Բագրատ Սրբազանը։ Ուսումնասիրեք, խորացեք, մի մոռացեք։ «Գողթնի քնար»-ը ավելի քան 155 տարվա պատմություն ունի։ Երգի հեղինակն է հայ հոգևորական, բանասեր, բանահավաք, ազգագրագէտ եւ հասարակական գործիչ Գարեգին Եպս. Սրուանձտեանց-ը․ 


ԳՈՂԹՆԻ ՔՆԱՐ
Թէ հայրենեաց պսակադիր 
Գողթնի քնարք լռեր են, 
Երկնից թող գան անմահ հոգիք 
Հայոց քաջեր պսակեն:
Փախէք, ամպեր, Շաւարշանա, 
Ա՛լ մի ցողէք ձեր ցօղեր.
Շաւարշանը ոռոգուած է 
Հայոց քաջաց արիւնով։
Մասեաց ճակատ եկան բազմին
Երկնուց գունթ գունթ հրեշտակներ
Աստուած իջէ ի Հայաստան, 
Հայոց արիւն հոտոտէ:
Արծուիք, բազէք Հայաստանի
Եւ արագիլք, ամրան հիւր,
Դուք հսկեցէք մեր աշխարհին, 
Ժառանգեցէք հայոց տուն:
Մոխիրներու վրայ հիմնենք,
Աւերակներ դարձնենք բոյն.
Որ ծիծեռնակ գայ ու երթայ, գայ ու երթայ
Նորից գարուն գայ հայոց։