2018-ին տեղի է ունեցել հետադիմական բնույթի հեղաշրջում

2018-ին տեղի է ունեցել հետադիմական բնույթի հեղաշրջում

Ինչպես ասվում է՝ լրատվամիջոցները հասարակության հայելին են: Դա լրացնեմ համանման մեկ այլ ասույթով՝ պետական հեռուստատեսությունը գործող իշխանության իրական հայելին է: Հաշվի առնելով, որ Հանրային հեռուստաընկերությամբ տեղեկատվություն է ստանում հիմնականում հասարակության տարեց, նաեւ ոչ այնքան գրագետ հատվածը, գործող իշխանությունն այն վերածել է քարոզչական գործիքի: Ինչը նշանակում է, որ երկրորդական կամ չորրորդական պլան է մղվել հասարակությանն օբյեկտիվ տեղեկություններ տրամադրելու՝ Հանրային հեռուստաընկերության պարտականությունը: Չմոռանանք, որ այն սնվում է պետական բյուջեից, այսինքն՝ մեր բոլորի վճարած հարկերից: Ի՞նչ է ստացվում: Ստացվում է, որ հարկատուների հաշվին գոյատեւող հանրայինը գիտակցաբար հիմարի տեղ է դնում նույն այդ հարկատուներին:

Այս երեւույթը գոյություն է ունեցել նախկինների օրոք: Գոյություն է ունեցել նախկինների նախկինների օրոք եւ շարունակում է գոյություն ունենալ «նոր» կամ «իրական» Հայաստանում, ինչը վկայում է, որ 2018-ի գարնանային իրադարձությունները ոչ թե հեղափոխություն էին, այն էլ՝ «թավշյա», այլ ընդամենը փողոցի ուժով կատարված բռնի հեղաշրջում: Որովհետեւ հեղափոխությունը, որպես կանոն, իր հետ բերում է արժեքային փոփոխություններ, իսկ հեղաշրջումը՝ իշխանական առանձնասենյակներում իրենց կարգավիճակը վայելող անձանց փոփոխություն: Նախկինների օրոք տեղի էին ունենում բազմաթիվ ընդդիմադիր շարժումներ: Հանրայինը լռում էր կամ փորձում էր անվանարկել դրանք: Այսօր ծավալվում են նույնատիպ շարժումներ, բայց իրավիճակը մնացել է նույնը: Էլ չասած պարտության խորհրդանիշ անձի կողմից Հայաստանի անկախության ու ինքնիշխանության առումով գեներացված սպառնալիքի մասին: Սակայն եթե մարսեցիները, օրինակ, հետեւեին Հանրային հեռուստաընկերությանը, նրանց կթվար, թե Հայաստանն օրեցօր ծաղկում եւ զարգանում է: Եվ միակ լուրջ խնդիրը, ասենք, մայրաքաղաքի կենտրոնի «ծեր ծառերը նորերով փոխարինելն է» կամ դրա նման մեկ այլ երեւույթ:

Եթե հեղափոխություն լինեին, ապա պետք է հեղափոխվեր նաեւ Հանրային հեռուստաընկերությունը: Եվ այն պետք է օբյեկտիվորեն ներկայացներ նախ այն, ինչ տեղի է ունենում հանրապետությունում: Երկրորդ․ պետք է ներկայացներ ոչ միայն իշխանության՝ ի դեմս Նիկոլի ու նիկոլականների, այլեւ ընդդիմության տեսակետները: Դրանք պետք է ներկայացվեին հավասարակշռված՝ թե՛ ժամանակային եւ թե՛ հաղորդավարների վերաբերմունքի առումով: Այսինքն՝ եթե Ղազարյան Պետրոսը քլնգում կամ փորձում է քլնգել ոչ նիկոլական իր հյուրերին, ապա նույնը պետք է արվեր նիկոլականների եւ հատկապես Նիկոլի նկատմամբ: Այն, ինչ տեսականորեն հատուկ է ժողովրդավարությանն ու ժողովրդավարական երկրի հանրային հեռուստատեսությանը: Հատկապես որ մենք ապրում ենք ոչ թե ընդհանրապես ժողովրդավարական երկրում, այլ «ժողովրդավարության բաստիոնում»: Կամ, ինչպես անվանել են արեւմտյան գործիչները, «ժողովրդավարության փայլուն աստղ» երկրում:

Արեւմտյան դրամաշնորհներով ու վարկերով «բարեփոխված» ոստիկանությունը եւս մնացել է նույնը: Կասեի ավելին՝ ավելի է հակաժողովրդականացվել: Պատճառը հասկանալի է՝ ՀՀ վարչապետի աթոռից կառչած՝ խայտառակ պարտության խորհրդանիշ անձի միակ հենարանը մնացել է իրավապահ համակարգը եւ հատկապես ոստիկանությունը՝ իր սեւ ու կարմիր բերետավորներով: Ի դեպ, գործող իշխանությունը հայաստանյան ամեն ոչ ընդունելի երեւույթի մեղքը գցում է նախկինների վրա: ՀՀ երկրորդ նախագահի օրոք, որպես բողոքավոր, առնչվել եմ բերետավորների հետ: Ու կարող եմ անձնական փորձառության հիման վրա պնդել, որ «նախկին» բերետավորները շատ ավելի մարդկային էին, քան «ժողովրդավարական» բերետավորները: Ինչը հերթական անգամ վկայում է, որ 2018-ին տեղի է ունեցել ոչ թե հեղափոխություն, այլ բռնի ուժով հեղաշրջում: Այն էլ՝ հետադիմական բնույթի հեղաշրջում: