Մեր թշնամի պետությունը գիտակցում է, որ միջազգային իրավունքը բացարձակապես իր օգտին չի գործում ու գործելու

Մեր թշնամի պետությունը գիտակցում է, որ միջազգային իրավունքը բացարձակապես իր օգտին չի գործում ու գործելու

«Հրապարակի» զրուցակիցն է ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը:

-Բագրատ սրբազանը Սյունիքում է՝ հասել է  Մեղրի: Նոր փու՞լ է մտցրել Սրբազանը շարժումը: Արդյունքն իրեն ե՞րբ զգացնել կտա:

 - Այո, շարժումը նոր փուլ է մտել: Սա դիտարկում եմ մեր ժողովրդի արթնացման, ինքնագիտակցման, սեփական կարողությունների ու ինքնության արժեւորման, դրանց պահպանման համար անհողդողդ առաջ գնալու կամքի զորացմանն ուղղված քայլ: Շատ կարևորում եմ շարժման ղեկավարների այդ նախաձեռնությունը՝ գնալ մարզեր, հանդիպել ժողովրդի հետ, քանի որ սա միայն մայրաքաղաքի հարց չէ, սա համայն հայության, ազգի պահպանման հարց է: Գործող իշխանությունները շատ կցանկանան, որ մեր հանրությունը մարտահրավերներն ու սպառնալիքները դիտարկի պարզապես այս կամ այն գյուղի, տարածքի կամ ոլորտի խնդիր: Այդպես հեշտ է մարդկանց համոզել, փաստացիորեն, բողոքի ձայնը լռեցնել և թշնամական օրակարգով թելադրված սեփական հանձնառություններն իրագործել՝ ի վնաս մեր ազգային շահերի ու պետության: Հանրապետության տարբեր ծեգերում ապրող մարդիկ պիտի գիտակցեն, որ խնդիրները համընդհանուր են, այսօրվա մեր դժբախտությունների աղբյուրն էլ կառավարության շենքում նստած անձն ու նրան սատարող խմբակն են: Միայն այդ պարագայում հնարավոր կլինի հասնելու համազգային համաձայնության դրանց իշխանությունից հեռացնելու հարցում: 

 -Սրբազանը գնում է ընտրությունների ճանապարհո՞վ: Հայաստանում հնարավո՞ր է ընտրություններով հաղթել իշխանություններին:

-Չեմ կարծում, որ Սրբազանը նման հարց է դնում այս պահին իր ու շարժման առջև: Այո, շարժումն իր տրամաբանական զարգացումը պիտի ապրի, քաղաքական օրակարգի ձևավորման գործընթաց պիտի անցնի, սակայն չեմ կարծում, որ մենք այսօր կանգնած ենք արտահերթ ընտրությունների առջև: Ենթադրում եմ, որ գործող իշխանություններն իրենց իրականացնելիք զիջումների ու հանձնումների համար ավելի խոտոր ճանապարհ են ընտրել՝ կրկին անգամ խաբեության դիմելով, այլ պատրվակով ժողովրդի ձայնը ստանալու, և այն որպես սեփական քաղաքականության հանդեպ վստահություն ներկայացնելու միջոցով: Սա անազնիվ վարքագիծ է, նման քաղաքական ուժը պետք է կիլոմետրերով հեռու լիներ իշխանության գալու հնարավորությունից: Սակայն մենք տեսել են նման խաբեության, սեփական ծրագրերն ու հանձնառությունները կոծկող, ժողովրդին ականջահաճո խոստումների միջոցով, նախ, իշխանության գալը, ապա՝ իշխանության մնալն ազգակործան պարտությունից հետո՝ չնայած տապալված ներքին ու արտաքին քաղաքականությանը:  Կարծում եմ, որ հնարավոր է ընտրությունների միջոցով հաղթել գործող իշխանություններին, չնայած հայկական իրականությունն այլ տրամաբանություն է ավանդաբար դրսևորել: Սակայն, դրա համար կա նախապայման. այդ ընտրությունները չպիտի անցկացվեն գործող իշխանության ղեկին նստած անձի ղեկավարությամբ: Մենք արդեն բազմիցս տեսել ենք, թե ինչպես են կոպտագույն կերպով խախտվում ժողովրդավարության սկզբունքները, բոլոր մոռացված ընտրախախտումները «վերակենդանացվել» են, իսկ ի հեճուկս իշխանության ընտրված ընդդիմադիրները ենթարկվում են քաղաքական հետապնդման: Ժողովրդավարությունից միայն անունն է մնացել մեր հանրապետությունում, էությունը խեղվել ու խեղաթյուրվել է, իսկ նման պայմաններում ազատ ու արդար ընտրությունների մասին խոսելն անմտություն կլինի: 

- «Սրբազան պայքարի»՝ դիվանագիտական աղբյուրներից հասած տեղեկությունների համաձայն, Ադրբեջանը նոր պահանջներ է ներկայացրել Հայաստանին, մանսավորապես՝ հրաժարվել Ադրբեջանի դեմ ներկայացված բոլոր պահանջներից ոչ միայն արցախահայության մասով, այլ նաև ՀՀ օկուպացված տարածքներից դուրս գալու և գերիների մասով: Ի՞նչ գործընթացներից է ինքն իրեն ապահովագրում Ադրբեջանը:

-Այս պայմանը նոր չէ, անգամ գործող իշխանության ղեկին նստած անձը բացահայտորեն ընդունել է Հայաստանի միջազգային հայցադիմումներից հրաժարումը, եթե այսպես կոչված «խաղաղության պայմանագիրը» կնքվի: Սա, իհարկե, ներկայացվելու է որպես խաղաղության հաստատմանը նպաստող բարի կամքի դրսևորում: Սակայն, դա լինելու է Հայաստան պետության ու մեր ժողովրդի հանդեպ մեծագույն հանցագործություն: Ինչ վերաբերում է Ադրբեջանին, ապա, իհարկե, վերջինս ամեն ինչ անում է մաքրագործվելու իր կողմից գործած միջազգային հանցագործություններից՝ ագրեսիայից, պատերազմական հանցագործություններից մինչև մարդկության դեմ գործած հանցագործությունը՝ արցախահայերի ցեղասպանությունն էթնիկ զտման միջոցով:  Մեր թշնամի պետությունը գիտակցում է, որ միջազգային իրավունքը բացարձակապես իր օգտին չի գործում ու գործելու, և փորձում է այդ խնդիրներին քաղաքական լուծումներ տալ: Միջազգային արդարադատության դատարանի որոշումը միայն այդ շարքում առաջինն է: Հայաստանի կողմից գործող ու ցանկալի դատական հայցերին հետամուտ լինելու պարագայում՝ վաղ թե ուշ միջազգային հանրությունն ինքն է պահանջելու արցախահայերի՝ սեփական հայրենիք վերադարձի ապահովում՝ աներկբա երաշխիքների տրամադրմամբ, և պարտադրելու է դրա իրականացումը: Ալիևը շատ լավ գիտակցում է, որ ներկայումս վայելում է որոշակի ինդուլգենցիա՝ արևմտյան աշխարհաքաղաքական ծրագրերի իրականացման առումով սեփական հանձնառությունների կատարման ակնկալիքից բխող, սակայն այդ ժամանակը հավերժ չի տևելու և վաղ թե ուշ անիվը ետ է պտտվելու ու բումերանգով հարվածելու է իրեն: Բոլորը շտապում են. արևմուտքը փորձում է իր հանգրվանին հասցնել նախաձեռնված աշխարհաքաղաքական վերաձևումները, Ադրբեջանը փորձում է հնարավորինս առավելագույնը քաղել Հայաստանից՝ մինչև վերջ ստորացնելով հայ ժողովրդին ու թուլացնելուվ մեր պետությունը, հընթացս ազատվելով գործած հանցագործությունների համար պատասխանատվությունից: 

 -Այս նոր պահանջը դրվում է խաղաղությո՞ւն կնքող կողմերի միջև, թե կապիտուլացված երկրի առաջ: Միջազգային պրակտիկայում ինչպե՞ս են անվանում նման փոխհարաբերությունները և որքանո՞վ է սա տարածված կամ ընդունելի գործելաոճ:

-Սա սողացող կապիտուլյացիա է, որևէ առնչություն չունի իրական խաղաղության կամ հարևան պետությունների միջև հարաբերությունների նորմալացման հետ: Մեր դժբախտությունը նրանում է, որ գործող իշխանության ղեկին նստած անձը վաղուց է համաձայնել այդ պայմաններին և մաս-մաս իրականացնում է այն՝ արտաքին ճնշման ներքո, իսկ հանրության համար այդ քայլերը փորձում մարսելի դարձնել խաբեության, կեղծիքի, իրականության խեղաթյուրման միջոցով ու օրեցօր ձևախեղվող և փոփոխվող խոսույթներ հրամցնելով:  

-Ուրսուլա ֆոն դեր Լայենը կշարունակի պաշտոնավարել, իսկ Բորելն ու Շառլ Միշելը՝ ոչ։ Եվրամիության քաղաքականության մեջ որևէ փոփոխություն կարո՞ղ ենք ակնկալել, թե այնտեղ անձերը ոչինչ չեն  փոխում և կա հաստատված օրակարգ:

-Փոփոխություններ կլինեն, սակայն այդ փոփոխություններն ավելի տեսանելի կդառնան ԵՄ անդամ երկրներում մոտ մեկուկես տարվա ընթացքում կայանալիք ազգային ընտրությունների անցկացման ու նոր կառավարությունների ձևավորման արդյունքում: Ամերիկյան թելադրանքով հլու-հնազանդ գործող եվրաչինովնիկների ժամանակը սպառվում է: Սակայն, դա միանգամից տեղի չի ունենալու: Արևմտյան գլոբալիստական կենտրոնները տասնամյակների ջանքեր են գործադրել այսօրվան հասնելու համար և հեշտ ու հանգիստ դիրքերը չեն զիջելու: Գործընթաը շատ ծանր ու ցավոտ է լինելու թե՛ եվրոպական հանրությունների, թե՛ այդ տրամադրություններին տուրք տված երկրների համար: Մենք տեսնում ենք դրա կործանարար հետևանքներն Ուկրաինայում, հայ ժողովուրդը ևս ծանր գին է վճարել իր դյուրահավատության ու սեփականը չգնահատելու և օտարինը սրբացնելու արդյունքում: Բայց մենք դեռ բավարար դասեր չենք քաղել մեզ պատուհասած դժվախտություններից: 

-Հայաստանի կողմից Պաղեստինի ճանաչումը ինչո՞ւ հիմա արվեց, և ի՞նչ արդյունք դա մեզ համար կարող է ունենալ։ Շատերը զուգահեռ են տանում, որ Փաշինյանը հանձնեց Արցախն ու ճանաչեց Պաղեստինը՝ դրանով ավելի զազրելի ձևով ընդգծելով իր հակահայկական բնույթն ու քաղաքականությունը: Համամի՞տ եք, թե այստեղ այլ ենթաշերտեր կային:

-Հայաստանը մշտապես հանդես է եկել պաղեստինցիների իրավունքների պաշտպանության և «երկու պետության» սկզբունքով հակամարտության կարգավորման օգտին: Սակայն, հայկական կողմը զերծ է մնացել Պաղեստինի պետության ճանաչումից, հաշվի առնելով այն հանգամանքը, որ, Լեռնային Ղարաբաղի հակամարտության շուրջ ընթացող բանակցությունները չխոչընդոտելու պատճառով, չի ճանաչել Արցախի Հանրապետության անկախությունը, հետևաբար չէր կարող նման քայլի դիմել այլ հակամարտությունների պարագայում: Դրան հավելվել է նաև Իսրայելում հայկական համայնքի գոյությունը և Երուսաղեմի հայկական թաղամասի հարցը, որը քաղաքի կարգավիճակի բանակցություններում էական տարր է: Այս ամենի համատեքստում հայաստանյան իշխանությունները մշտապես խուսափել են լրացուցիչ սրացումներ առաջացնել: Ներկա պահին գործող իշխանությունների կողմից ճանաչումը կարելի է մի քանի ասպեկտով դիտարկել: Նախ, Թուրքիայի նախագահին «միավոր» նվիրելու՝ իսլամական աշխարհում սեփական դիրքերն ամրապնդելու համար, ինչի վերաբերյալ հայտարարությունները չուշացան: Մյուս կողմից, զայրացնելով իսլայելական կողմին, արդարացնող պատճառ ունենալու վերջիններիս կողմից է՛լ ավելի մեծացնելու հարձակումները հայկական եկեղեցու և նրա սեփականության վրա, հարվածելով Հայ առաքելական եկեղեցուն, և խրախուսելու իսրայելական կողմից հայկական սեփականության յուրացմանն ուղղված տասնամյակների ջանքերը: Իսրայելը ներկայումս ռազմական ներկայություն ունի Արցախի օկուպացված տարածքներում և չի հապաղի հերթական անգամ առիթն օգտագործելու՝ վնասելու Հայաստանին: Ստացված քաղաքական դիվիդենտը շատ փոքր է հայկական շահերին հասցված վնասի համեմատ: Ինչ վերաբերում է Արցախին, ապա այս իշխանությունների համար այդ հարցը վաղուց է փակ: Այդ նպատակով են նրանք բերվել իշխանության արևմուտքի կողմից և պահվել իշխանության ղեկին: Ուղղակի իրենք փորձում են այդ հարցը փակել նաև հայ ազգի ու հայաստանյան հանրության համար՝ ինքնության ոչնչացման միջոցով, որն իրականացվում է պատմության վերաձևմանը, իրականության խեղաթյուրմանը և հիշողության ջնջմանն ուղղված քայլերով: