Հայաստանը ստանձնել է ծաղրածուի դերը` ՌԴ-ին ծաղրելու, իսկ Արեվմուտքին զվարճացնելու համար

Հայաստանը ստանձնել է ծաղրածուի դերը` ՌԴ-ին ծաղրելու, իսկ Արեվմուտքին զվարճացնելու համար

Ալեն Սիմոնյանը բացահայտում է, որ ԵՄ անդամակցության հայտին համաձայնություն տալու առիթով հանրաքվե կազմակերպելու պահանջով իրենց դիմած կուսակցությունները եւ հասարակական կազմակերպությունները գործել են իշխանության պատվերով: «Կարծում եմ, որ մոտ ապագայում մենք կունենանք այս հանրաքվեն, եւ վստահ եմ, որ մեր ժողովուրդը կասի «այո»»,- ասել է Սիմոնյանը՝ նկատի ունենալով, որ ԵՄ-ին Հայաստանի անդամակցությունը պարտադիր է: Սիմոնյանի կարծիքով՝ Հայաստանը կիսում է ԵՄ արժեքները եւ ցանկանում է ԵՄ մաս դառնալ: 

Ստացվում է, որ Նիկոլ Փաշինյանն էր հանձնարարել Արամ Սարգսյանին, Տիգրան Խզմալյանին եւ կուսակցություն ու հասարակական կազմակերպություն ներկայացող մյուս անհատներին՝ նման միջոցառում կազմակերպել, որի նպատակը հանրային պահանջ բեմականացնելն էր: Նշանակում է, որ այդ կուսակցությունների եւ ՀԿ-ների ներկայացուցիչները, մասնակցելով այդ բեմականացմանը, առաջնորդվել են ոչ թե իրենց գաղափարներով ու ծրագրերով, այլ իշխանության կողմից իջեցված պատվերով: Սրանք ոչ թե քաղաքական գործիչներ են, այլ թատրոնի դերասաններ, որոնցից յուրաքանչյուրը խաղում է իրեն տրված դերը՝ իմպրովիզի թույլատրելի սահմաններում: Բեմն էլ Հայաստանի խորհրդարանի դահլիճն է, որը վաղուց է վերածվել թատրոնի, ուղղակի մի քանի օր առաջ այն հյուրախաղերով ընդունել էր այլ թատերական կոլեկտիվի: Նիկոլ Փաշինյանը կամ գոնե Ալեն Սիմոնյանն այդ թատերական ներկայացման սցենարի մասին չէին տեղեկացրել իրենց կուսակից, ԱԺ պատգամավոր, Եվրաինտեգրման հարցերի հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանին, ով, հակադրվելով ներկայացման ընդհանուր սցենարին, ասում էր. «Թեկնածուի կարգավիճակի համար պետք է Հայաստանի Հանրապետությունը դիմի՞, թե՞ չէ, եթե պիտի դիմի, ապա մինչեւ հանրաքվեն, ոչ թե հանրաքվեից հետո»: Ի տարբերություն Սիմոնյանի, Եղոյանն ասում էր, որ Հայաստանի Հանրապետության իշխանությունը նախ պետք է թեկնածուի կարգավիճակ ստանալու հարցով դիմի ԵՄ-ին, ստանա համաձայնություն, եւ դրանից հետո երկրում հանրաքվե անցկացվի: Թե չէ՝ ի՞նչ իմաստ ունի Հայաստանում հանրաքվե անցկացնել, եթե տեղյակ չես՝ պատրա՞ստ է ԵՄ-ն քննարկելու Հայաստանի հայտը, թե՞ ոչ: Բացի այդ, եթե Սիմոնյանը Հայաստանի անունից հայտարարում է, որ Հայաստանը կիսում է ԵՄ արժեքները եւ ցանկանում է դառնալ Եվրամիության անդամ, այդ դեպքում ինչի՞ համար է հանրաքվեն: Սրան դեռ կանդրադառնանք:

Բայց զավեշտը նույնիսկ այն չէ, որ ՀՀ ԱԺ ղեկավարը մի բան է ասում, իսկ խորհրդարանական հանձնաժողովի նախագահը՝ ճիշտ հակառակը: Հայաստանի իշխանության ներկայացուցիչն ասում է, որ Հայաստանում շուտով ԵՄ-ին անդամակցության հարցով հանրաքվե կանցկացվի, այն դեպքում, երբ Հայաստանը ԵԱՏՄ անդամ է, Հայաստանում գործում են ԵԱՏՄ բոլոր կարգավորումները, Հայաստանը ԵԱՏՄ-ում նախագահող երկիր է: ԵԱՏՄ-ին եւ ԵՄ-ին միաժամանակյա անդամակցությունն անհնար է, սրանք փոխբացառող կազմակերպություններ են: Սովորական տրամաբանությունը հուշում է, որ Հայաստանը նախ պետք է դուրս գա ԵԱՏՄ-ից, նոր հետո որոշի՝ միանո՞ւմ է Եվրամիությանը, թե՞ չի միանում: Եթե, ըստ Ալեն Սիմոնյանի, Հայաստանը կիսում է ԵՄ արժեքները եւ ցանկանում է անդամակցել ԵՄ-ին, ինչո՞ւ իրենք որոշում չեն կայացնում դուրս գալ ԵԱՏՄ-ից, որի արժեքները կարելի է չեն կիսում: Արդյո՞ք հանրաքվեի դրվելու է երկու հարց` համաձա՞յն եք, որ Հայաստանը դուրս գա ԵԱՏՄ-ից, որին անդամակցում է 2015 թվականից։ Եվ հարց երկրորդ․ համաձա՞յն եք, որ Հայաստանը ԵՄ-ին անդամակցելու հայտ ներկայացնի: Թե՞ հանրաքվեի դրվելու է միայն մեկ հարց. ԵՄ-ին անդամակցելուն հավանություն տալու հարցը:

Բայց եթե Հայաստանը դուրս չի եկել կամ դուրս չի գալիս ԵԱՏՄ-ից, ինչո՞ւ են Հայաստանի իշխանությունները եւ նրանց սատարող ուժերը ԵՄ-ին անդամակցելու հարցով հանրաքվե կազմակերպում: Սրա բացատրությունը կարող է այն լինել, որ Արեւմուտքը Նիկոլ Փաշինյանին, Ալեն Սիմոնյանին, Հայաստանի իշխանությանը եւ նրանց միջոցով Հայաստանն ընդհանրապես օգտագործում է որպես ծաղրածու՝ ԵԱՏՄ-ին եւ հատկապես Ռուսաստանին ծաղրելու համար: Նրանք Հայաստանի միջոցով ուզում են ցույց տալ՝ տեսեք, թե ինչպիսի զվարճալի ծամածռություններ եւ խեղկատակություններ է անում Հայաստանը, կարող է գլխի վրա քայլել` լինել ԵԱՏՄ անդամ, բայց ԵՄ-ին անդամակցության հարցով հայտ ներկայացնել, կարող է մի ոտքի վրա ցատկոտել` կարող է լինել ՀԱՊԿ անդամ, բայց ՌԴ-ին իր անվտանգությանը սպառնալիք հռչակել, տարբեր հիմար եւ անհեթեթ մտքեր արտահայտել: Բոլորը նայում են այս հիմար եւ զվարճալի տեսարանն ու ծիծաղից փորները բռնում, իսկ Հայաստանը շարունակում է արեւմտյան երկրների հրահանգով տարբեր անտրամաբանական մտքեր դուրս տալ, քայլեր անել: Հանրաքվեն այն միջոցն է, որով հնարավոր է այս կրկեսը դարձնել համազգային, ցույց տալ, որ միայն մի քանի իշխանավորներ չեն, որ պատրաստ են ծաղրածուի դեր կատարել, այլ մի ամբողջ ազգի կարելի է հիմարեցնել ու ծիծաղել:

Արեւմուտքին` ԵՄ-ին, Հայաստանի նման խեղկատակ երկրներ պետք չեն, ծամածռությունների համար վճարն արդեն խոստացել են 270 միլիոն եվրո`4 տարվա համար: Այդ ընթացքում ՀՀ իշխանությունները եւ դրա ներկայացուցիչները պետք է ամեն ինչ անեն՝ իրենց խոստացված աշխատավարձը վաստակելու համար, որովհետեւ եթե կրկեսի տնօրենին դուր չեկավ սրանց աշխատանքը, կարող են գործի վերցնել մի որեւէ կապիկ կամ կատու վարժեցնողի․ գազանանոցում հերթ է՝ կրկես տեղափոխվելու համար:

Ավետիս Բաբաջանյան