Արթուր Սուքոյանն ազատ արձակվեց

Արթուր Սուքոյանն ազատ արձակվեց

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանի օգնականը՝ Արթուր Սուքոյանը, ազատ կարձակվի։ Երևանի ընդհանուր իրավասության քրեական դատարանը՝ դատավոր Վարդան Գրիգորյանի նախագահությամբ, նախնական դատալսումների ընթացքում որոշեց վերացնել և փոխել Արթուր Սուքոյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց տնային կալանքը՝ որպես խափանման միջոց կիրառելով վարչական հսկողությունը և բացակայելու արգելքը։

Հիշեցնենք, որ իշխանական կայքի լրագրողի և Ռոբերտ Քոչարյանի որդու՝ ԱԺ պատգամավոր Լևոն Քոչարյանի օգնական Արթուր Սուքոյանի մասնակցությամբ միջադեպ է տեղի ունեցել, որի ընթացքում Սուքոյանն իբրև հարվածել է «Civic.am»-ի լրագրողին, որը ստահոդ լուրեր է տարածում Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ Սրբազանի դեմ։ Միջադեպից հետո լրագրողը հաղորդում է ներկայացրել, նախաձեռնվել է քրեական վարույթ, որով ինքը տուժող է ճանաչվել։ Արթուր Սուքոյանը մայիսի 1-ին ձերբակալվել է, ապա՝ կալանավորվել։ Հետագայում նրա նկատմամբ որպես խափանման միջոց էր կիրառվել տնային կալանքը, որը նախնական դատալսումների փուլում ևս փոխվել է՝ վարչական հսկողությամբ։