Ինչու՞ է Իրանի փոխնախագահը դուրս եկել նախագահական մրցապայքարից

Ինչու՞ է Իրանի փոխնախագահը դուրս եկել նախագահական մրցապայքարից

Իրանի փոխնախագահ Ամիր Հոսեյն Ղազիզադե Հաշեմին հայտարարել է, որ հանել է իր թեկնածությունը նախագահական ընտրություններից։ Նա համապատասխան հայտարարություն է հրապարակել X սոցիալական ցանցի իր էջում։

«Հեղափոխության ուժերի միասնությունը պահպանելու համար և ի պատասխան Իսլամական հեղափոխության ուժերի կոալիցիոն խորհրդի, ինչպես նաև որոշ ուլեմաների և համախոհների խնդրանքին, ես հրաժարվել եմ շարունակել ճանապարհը և հուսով եմ, որ իմ ևս 3 եղբայրներ կօգտվեն առիթից՝ համախմբվելու և հեղափոխության շարժումը ամրապնդելու համար»,- ասված է ուղերձում։

Ղազիզադե Հաշեմիի խոսքով՝ այժմ իր պարտականությունն է «պահպանել երկրի շահերը»։
Իր հայտարարության վերջում նա նաև շնորհակալություն է հայտնել Իրանի ժողովրդին, իր համախոհներին, նախընտրական շտաբի անդամներին և հույս հայտնել, որ երկիրը կշարունակի մահացած նախագահ Էբրահիմ Ռայիսիյի որդեգրած քաղաքական կուրսը։

Այպիսով, հունիսի 28-ին կայանալիք արտահերթ նախագահական ընտրություններում նախագահի պաշտոնի համար կպայքարի 4 թեկնածու: