Վրաստանում արգելվել է ԼԳԲՏ-ի քարոզչությունն ու սեռափոխությունը

Վրաստանում արգելվել է ԼԳԲՏ-ի քարոզչությունն ու սեռափոխությունը

Վրաստանի խորհրդարանն առաջին ընթերցմամբ աջակցել է ԼԳԲՏ քարոզչությունն արգելող օրենսդրական փոփոխությունների փաթեթին։ Նիստն ուղիղ հեռարձակվել է օրենսդիր մարմնի կայքում, գրում են վրացական լրատվամիջոցները։

«Ընտանեկան արժեքների և անչափահասների պաշտպանության մասին» հիմնական օրինագծին կողմ է քվեարկել 78 պատգամավոր՝ 50 ձայնի քվորումով։ Խորհրդարանականները պաշտպանել են նաև փաթեթով նախատեսված տարբեր օրենքների փոփոխությունները։ Ընդդիմության մեծ մասը չի մասնակցել օրինագծի քննարկմանը և քվեարկությանը` բոյկոտելով նիստը։
Փոփոխությունները նախատեսում են նաև այլ ամուսնությունների գրանցման արգելք, բացի տղամարդու և կնոջ միությունից, ինչպես նաև միասեռական զույգերի կողմից անչափահասների որդեգրումը։

Ներդրվում է սեռափոխության վիրահատության արգելք, որի համար նախատեսված է քրեական պատիժ՝ ազատազրկում 1-ից 4 տարի ժամկետով։ Ուսումնական հաստատություններում ԼԳԲՏ քարոզչության համար ֆիզիկական անձինք կտուգանվեն 1,5 հազար լարիով (մոտ 532 դոլար), իրավաբանական անձինք՝ 4 հազար լարիով (ավելի քան 1,4 հազար դոլար)։ Հեռարձակողներին կարգելվի հեռարձակել նույնասեռական ինտիմ տեսարաններ կամ նմանատիպ բովանդակությամբ գովազդ։ ԼԳԲՏ թեմա պարունակող գովազդ տարածելու համար ֆիզիկական անձը կտուգանվի 800 լարիով (մոտ 284 դոլար), իրավաբանական անձը՝ 2,5 հազար լարիով (մոտ 886 դոլար)։

Անչափահասների շրջանում սեռափոխության կամ միասեռական հարաբերությունների մասին նյութեր տարածելը ֆիզիկական անձանց համար տուգանվում է 1 հազար լարիով (մոտ 355 դոլար), իսկ իրավաբանական անձանց համար՝ 3 հազար լարիով (ավելի քան $1 հազար): Արգելվելու են նաև հանրային հանդիպումները կամ ցույցերը, որոնք ուղղված են ԼԳԲՏ-ի խնդիրների խթանմանը։ Քրեական օրենսգրքում կատարված փոփոխությունների համաձայն՝ տուգանք ենթադրող խախտումները սպառնում են նաև մինչև երկու տարի ազատազրկմամբ։