Լավ է, որ գոնե Իսրայելի հարցում Հայաստանը կարողացել է սկզբունքային դիրքորոշում հայտնել

Լավ է, որ գոնե Իսրայելի հարցում Հայաստանը կարողացել է սկզբունքային դիրքորոշում հայտնել

Հայաստանի ԱԳ նախարարությունը երեկ հայտարարություն տարածեց այն մասին, որ Հայաստանի Հանրապետությունը ճանաչում է Պաղեստինի անկախությունը: Իսկ Նեթանյահուն շտապեց հայտարարել, որ Հայաստանի և Իսրայելի հարաբերությունների վրա դա կունենա լուրջ հետևանքներ:

Քաղաքագետ Սարո Սարոյանը «Հրապարակի» հետ զրույցում ասաց, որ վերջին տարիներին հարաբերությունները երկու երկրների միջև քաղաքականապես ծանրաբեռնված են եղել:

«Հայտնի է Իսրայելի ներգրավվածությունը Ադրբեջանի հետ ռազմավարական գործակցության մեջ մտնելու հետ կապված և ռազմական օգնություն ցուցաբերելու և այլն:

Այնպես որ Իսրայելն իր դիրքորոշումը Հայաստանի հանդեպ նոր չէ, որ ցուցաբերել է, և նոր չէ, որ ցուցաբերում է: Եվ այս դեպքում խոսքն այն մասին չի կարող լինել, որ Հայաստանի կողմից Պաղեստինի ճանաչման հետևանքով կարող են հարաբերությունների շատ ավելի վատ հետևանքների բերել, որովհետև այդ վատ հետևանքները արդեն իսկ այնպիսին, ինչպիսին որ կան՝ դրանք շատ վատ հետևանքներ են: Եվ հակառակը, կար բոլորովին այլ պահանջարկ, որպեսզի Հայաստանը Իսրայելի հետ հարաբերություններում կարողանա ցույց տալ որոշակի տեղեր, որտեղ որ ինքը Իսրայելին կհակադարձի նրա պրոադրբեջանական ձեռնարկումներում: Եվ այդ տեսանկյունից ես հակված չեմ մտածել, որ այնպիսի քաղաքականությունը, որը միտված է շարժվել վախերով, ինչ-որ առիթներ չտալու քաղաքականությամբ և այլն, եթե այլ պետություններ ունեն որոշակի քաղաքականություն՝ այդ առիթները իրենք ստեղծում են, և այստեղ առիթ տալ կամ չտալու որևէ խնդիր չի կարող լինել»,-ասաց Սարոյանը:

Իսրայելն իր դիրքորոշումը Հայաստանի հանդեպ մեկ տարի չի, երկու տարի չի, որ ցուցաբերել է, հայտնում է և այլն: Այդ տեսանկյունից Հայաստանը խնդիր ունի Իսրայելի հետ ձևակերպելու այնպիսի հարաբերություններ, որտեղ որ Իսրայելը կաշկանդված կլինի չանելու այնպիսի քայլեր, որոնք մեր պետական շահերին դեմ են գնում:

«Եվ այս տեսանկյունից հակառակը՝ Հայաստանը խնդիր ունի իսկապես ձևակերպելու Իսրայելի հետ այնպիսի հարաբերություններ, որտեղ որ Իսրայելը կաշկանդված կլինի չանելու այնպիսի քայլեր, որոնք մեր պետական շահերի դեմ են գնում: Եվ այս տեսանկյունից պետք է հասկանալ, մտածել, որ միգուցե և առաջին անգամ Հայաստանը Իսրայելի հետ հարաբերություններում ցույց է տալիս, որ ինքը նույնպես կարող է սկզբունքային դիրքորոշում ցուցաբերել: Հարցը հետևյալի մեջ է, կրկին անգամ նման կարգի դիրքորոշումը հայտնում կամ ներկայացնում է այնպիսի թիմ, այնպիսի իշխանություն, որը հայ հանրության մոտ, հայ ազգի մոտ վստահություն չունի: Եվ այդ ձեռնարկումն է , որ ստիպում է մեզ կասկածի տակ դնել այդ ձեռնարկումը, կամ այդ դժգոհ կամ լեգիտմիությունը, վստահության պաշարը կորցրած կառավարության քայլերը քննադատության ենթարկել հանրության առանձին շերտերի կողմից և այլն: բայց ինքնին, Իսրայելի հետ բոլորովին այլ քաղաքականությունը դա Հայաստանի իսկապես պահանջն է, պահանջված է, և այդ պահանջվածությունից է թելադրված»,-ասաց քաղաքագետը:

Սարոյանը նշեց, որ այդ տեսանկյունից ողջունելի է, որ գոնե այդ հարցում Իսրայելի հետ հարաբերություններում Հայաստանը կարողացել է որոշակի սկզբունքային դիրքորոշում հայտնել: