Ռուսաստանում խստացնում են լեզվին տիրապետելու պահանջը

Ռուսաստանում խստացնում են լեզվին տիրապետելու պահանջը

Ռուսաստանի Կրթության եւ գիտության վերահսկողության դաշնային ծառայությունը` «Ռոսօբրնադզորը», ստուգումներ է անցկացնելու՝ պարզելու, թե ինչպես է պատահում, որ միգրանտը, որը ժամանել է Ռուսաստան՝ աշխատելու, բավարար չափով չի տիրապետում ռուսաց լեզվին, սակայն ունի լեզվի իմացությունը փաստող համապատասխան հավաստագիր։ Սրանով եւս մեկ քայլով խստացվում է միգրացիոն վերահսկողությունը Ռուսաստանում:

Ռուսական իշխանությունը լեզվի չիմացությունը եւ լեզուն տիրապետելու մասին կեղծ տեղեկանքներ բերելը դասակարգել է որպես միգրացիոն պետական վերահսկողության համար սպառնալիք հանդիսացող ինդիկատորներ։ Հիշեցնենք, որ, 2014 թվականից սկսած, աշխատելու համար ՌԴ ժամանած միգրանտները պետք է ռուսաց լեզվի, ռուսական հիմնական օրենսդրության մասին եւ «Ռուսաստանի պատմություն» առարկայից քննություն հանձնեն եւ ստանան համապատասխան հավաստագիր։ Առանց այդ հավաստագրի նրանք չեն կարող ստանալ կեցության իրավունք, քաղաքացիություն կամ աշխատանքային պատենտ։ Եվ քանի որ կեղծ տեղեկանքներ են հայտնաբերվել, ռուսական միգրացիոն ծառայությունը որոշել է խստացնել վերահսկողությունը: