Էկվադորից օրինակ վերցրեք. ԱԺ-ն ներողություն է խնդրում նախագահի փոխարեն

Էկվադորից օրինակ վերցրեք. ԱԺ-ն ներողություն է խնդրում նախագահի փոխարեն

Աշխարհում տեղի են ունենում իրադարձություններ, որոնք վկայում են իրական ժողովրդավարության, մարդկային արժեքների, ժողովուրդների բարեկամության եւ պետական շահի մասին, այն, ինչի մասին տարփողում են Փաշինյանն ու նրա իշխանական խումբը: Օրերս Նիկոլ Փաշինյանն անսպասելի հայտարարություն արեց՝ հավաստիացնելով, որ ինքն ու Հայաստանի որեւէ այլ պաշտոնյա այսուհետ չեն այցելի Բելառուս, քանի դեռ այդ երկրի նախագահն Ալեքսանդր Լուկաշենկոն է: ՀՀ վարչապետի վրդովմունքը պայմանավորված էր Լուկաշենկոյի՝ Ադրբեջանի, Իլհամ Ալիեւի եւ օկուպացված Արցախի մասին ասված խոսքերով: Հաշտության նախապայմանը, ըստ Փաշինյանի, կարող են լինել միայն Բելառուսի առաջնորդի՝ ներողություն խնդրող խոսքերը հայ ժողովրդից: Ավելի վաղ ՀՀ վարչապետն ակնարկել էր, թե արցախյան 44-օրյա պատերազմի ժամանակ ՀԱՊԿ-ի անդամ առնվազն երկու երկիր աջակցել է Ադրբեջանին: Ասել է թե՝ այդ ամենը տեղի է ունեցել տվյալ պետությունների առաջնորդների անմիջական շահագրգռվածությամբ եւ համաձայնությամբ:

Փաստորեն, Փաշինյանը մեղադրանքներ է հնչեցնում երկու երկրի նախագահի հասցեին, անկախ այն հանգամանքից, թե որքանով է արդարացի նրա դեմարշը: Ժամանակ առ ժամանակ տարբեր պետությունների, հատկապես Ռուսաստանի եւ Բելառուսի ղեկավարների եւ տարբեր պաշտոնյաների վերաբերյալ կոշտ ու վիրավորական արտահայտություններ են անում նաեւ Փաշինյանի անմիջական զինակիցները՝ ԱԺ խոսնակ Ալեն Սիմոնյանից մինչեւ ՔՊ-ական շարքային պատգամավորներ եւ այլն: Եվ ոչ մի ներողություն՝ թեկուզ բարեկամական մթնոլորտն ու քաղաքական էթիկան պահպանելու նկատառումով:

Իսկ տեսեք, թե, օրինակ, ինչ է կատարվում Էկվադորում. այդ երկրի Ազգային ասամբլեան (ժողովը) որոշել է ներողություն խնդրել Լատինական Ամերիկայի մի շարք երկրների ղեկավարներից նախագահ Դանիել Նոբոայի վիրավորական արտահայտությունների համար։

Հայտարարության մեջ նշվում է, որ «Ազգային ժողովի նիստը 86 ձայնով կողմ է քվեարկել The New Yorker ամսագրում հրապարակված Էլ Սալվադորի, Կոլումբիայի, Չիլիի եւ Արգենտինայի առաջնորդների մասին՝ նախագահ Դանիել Նոբոայի հայտարարությունները դատապարտող բանաձեւի ընդունմանը»։ Խորհրդարանականները պետության ղեկավարից պահանջում են «ձեռնպահ մնալ անձնական կարծիք հայտնելուց», քանի որ նման հայտարարությունները «վնասում են Էկվադորի միջազգային հեղինակությանը եւ երկկողմ հարաբերություններին»։

Նրանք նաեւ որոշել են հրապարակավ ներողություն խնդրել Էլ Սալվադորի, Կոլումբիայի, Չիլիի եւ Արգենտինայի նախագահներից, ինչպես նաեւ այս երկրների բնակիչներից։ The New Yorker-ին տված հարցազրույցում Նոբոան Կոլումբիայի նախագահ Գուստավո Պետրոյին անվանել է «ձախ պճնամոլ», Սալվադորի առաջնորդ Նայիբ Բուկելեին՝ ամբարտավան, իսկ Արգենտինայի առաջնորդ Խավիեր Միլեյին՝ «իր անձից կառչած մեկը»: Նա նշել է, որ Չիլիի նախագահ Գաբրիել Բորիչի հետ ամեն ինչ կարգին է, սակայն նրա գործողությունները սահմանափակվում են ծայրահեղ ձախակողմյան դաշնակիցների կողմից։ Փաստ է, որ, ուզենք-չուզենք, Մոսկվան եւ Մինսկը Հայաստանի դաշնակիցներն են ՀԱՊԿ-ում, ԵԱՏՄ-ում եւ ԱՊՀ-ում, Ռուսաստանն ընդհանրապես ռազմավարական դաշնակից է: Ակնհայտ է նաեւ, որ հայ-ռուսական հարաբերությունները վերջին շրջանում բարդ շրջան են ապրում, ինչի մասին խոստովանում են թե՛ Երեւանում, թե՛ Մոսկվայում: Բայց Էկվադորի օրինակը ցույց է տալիս, որ անկախ քաղաքական ու անձնական համակրություններից եւ հակակրություններից, գոյություն ունեն ժողովուրդների բարեկամություն ու պետական շահ:

Ավելին, ժողովրդավարությունը որպես գործունեության այցեքարտ հռչակած Փաշինյանն ու նրա ռեժիմը վաղուց են հեռացել այդ արժեքաբանությունից՝ հին բարեկամներին դարձնելով նոր թշնամիներ, համանման քաղաքականություն վարելով նաեւ երկրում իրենց ընդդիմախոսների նկատմամբ: Եվ, ահա, այստեղ է իշխանափոխության իրական հրամայականը. Հայաստանի ինքնուրույնության, ինքնիշխանության մասին անընդհատ բարձրագոչելու փոխարեն կամ առնվազն դրան զուգահեռ՝ պետք է խոսել մեր երկրի միջազգային հեղինակության ու կշռի բարձրացման մասին՝ առանց այսրոպեական ջղաձիգ արձագանքների եւ արձանագրումների...