Ինչու է Բլինքենը շտապեցնում Երեւանին եւ Բաքվին

Ինչու է Բլինքենը շտապեցնում Երեւանին եւ Բաքվին

Ինչպես արդեն հայտնի է, տեղի է ունեցել ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի եւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հեռախոսազրույցը։ Ադրբեջանական կողմի հաղորդագրությունից կարելի է հասկանալ, որ հեռախոսազրույցը տեղի է ունեցել ամերիկյան կողմի նախաձեռնությամբ։ Պետդեպարտամենտի տարածած տեղեկատվության համաձայն, ուշագրավ է այն, որ Միացյալ Նահանգները նախ արձանագրել է, որ շարունակվում է առաջընթացը Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղության համաձայնագրի կնքման գործընթացի շրջանակում, եւ ապա պետքարտուղար Բլինքենն ընդգծել է, որ հարկավոր է անհապաղ կնքել խաղաղության համաձայնագիրը՝ միաժամանակ նաեւ հավաստիացնելով, որ Միացյալ Նահանգները նախկինի նման պատրաստ է աջակցելու Բաքու-Երեւան շփումներին՝ ցանկացած ձեւով, որը ձեռնտու կլինի կողմերին։

Ըստ էության, կարող ենք արձանագրել, որ Միացյալ Նահանգները որոշել է որոշակիորեն արագացնել Երեւան-Բաքու խաղաղության գործընթացը, ինչը պայմանավորված է թե՛ ներամերիկյան քաղաքական գործընթացներով, թե՛ նաեւ արտաքին քաղաքական ու միջազգային իրավիճակով։ Նախ չմոռանանք, որ Միացյալ Նահանգները գտնվում է նախագահական ընտրությունների շեմին։ Այս տարվա նոյեմբերին այդ երկրում սպասվում են նախագահական ընտրություններ, եւ հայտնի չէ, թե ով կհայտնվի Սպիտակ տանը։ Բոլորին է հայտնի, որ ամերիկահայ համայնքը բավականին ազդեցիկ է, եւ ամերիկահայ ընտրողների ձայները, Բայդենի՝ ներկայում ունեցած ոչ այնքան հուսադրող վարկանիշի պայմաններում, ինչպեսեւ ամերիկաբնակ մյուս ազգային համայնքների ներկայացուցիչների ձայները, կարեւոր են Սպիտակ տան գործող վարչակազմի համար՝ առաջիկա նախագահական ընտրություններում հաղթելու համար։
Ամերիկյան վարչակազմը ենթադրում է, որ եթե մինչ ընտրությունները հնարավոր լինի կնքել հայ-ադրբեջանական խաղաղության համաձայնագիրը, ապա այն հնարավոր կլինի կապիտալիզացնել եւ նախընտրական արշավում օգտագործել որպես դիվիդենտ` ամերիկահայերին սիրաշահելու եւ նրանց քվեն ստանալու համար։ Բացի այդ, որեւէ կերպ երաշխավորված չէ Բայդենի վերընտրությունը, եւ եթե Թրամփը նորից վերադառնա Սպիտակ տուն, այս գործընթացը կարող է պարզապես կա՛մ առկախվել, կա՛մ «գրվել սառույցին»։ Միջազգային ասպարեզում կամ արտաքին քաղաքական ոլորտում էլ իրավիճակը բավարար նպաստավոր չէ։

Պուտինի այցերը Հյուսիսային Կորեա, Վիետնամ, Չինաստանի հետ հարաբերությունների էլ ավելի սերտացումն արդեն իսկ վկայում են այն մասին, որ Մոսկվան սկսում է խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում ճնշել Միացյալ Նահանգներին։ Նպատակը հասկանալի է՝ հասնել նրան, որ տեղի ունենա Մոսկվա-Վաշինգտոն գործարք, պայմանավորվածություն։ Իսկ դա կարող է Հարավային Կովկասում իրավիճակը բերել այն դրությանը, որպիսին միշտ եղել է։ Իսկ դա նշանակում է, որ Միացյալ Նահանգները կարող է կորցնել իր ազդեցությունը, եւ Երեւանի ու Բաքվի միջեւ խաղաղության համաձայնագրի շուտափույթ կնքումը գոնե որոշակի երաշխիքներ կտա, որ, որպես խաղաղարար, Միացյալ Նահանգները որոշակի ազդեցություն կկարողանա պահպանել Հարավային Կովկասում՝ հնարավոր Մոսկվա-Վաշինգտոն գործարքից հետո էլ։ Սրանք թերեւս այն պատճառներն են կամ այդ պատճառներից մի քանիսը, որոնք պայմանավորել են, որ պետքարտուղար Բլինքենը որոշի շտապեցնել Երեւանին եւ Բաքվին։