Հարցազրույց

Որպես հրեա և իսրայելցի, ուզում եմ շնորհավորել Հայաստանի կառավարությանը. Իսրայելցի վերլուծաբան

Որպես հրեա և իսրայելցի, ուզում եմ շնորհավորել Հայաստանի կառավարությանը. Իսրայելցի վերլուծաբան

Հայաստանի Հանրապետությունը ճանաչեց Պաղեստինի անկախությունը: Այս մասին «Հրապարակը» զրուցել է իսրայելցի քաղաքական ակտիվիստ, քաղաքական վերլուծաբան Յարոն Վեյսի հետ:

-Ինչպե՞ս եք գնահատում Պաղեստինի ճանաչումը ՀՀ-ի կողմից:

- Ուզում եմ շնորհավորել Հայաստանի կառավարությանը: Որպես հրեա և որպես իսրայելցի ես հավատում եմ, որ Պաղեստինի ճանաչումը խաղաղության ու արդարության հաստատմանն ուղղված արտահայտում է: Հայաստանը 145-րդ պետությունն է, որ ճանաչում է Պաղեստինը: Այս որոշումը պետք է իրականացվեր շատ վաղուց։ Ես հակված եմ մտածել, որ դա ավելի վաղուց չէր արվում Հայաստանի կողմից՝ Իսրայելի հետ հարաբերությունները բարելավելու անկեղծ մղումներով պայմանավորված: Հայաստանի կառավարությունը հիմա հանգեց այն ակնհայտ եզրակացության, որ Իսրայելը ցանկություն չունի հարաբերությունների բարելավման և մտադիր է շարունակել ոչ միայն զինել Ադրբեջանին, այլև կախված լինել ադրբեջանական նավթից: Պետք է ընդգծել, որ Հայաստանի կառավարությունը անհրաժեշտ քայլը կատարեց:

-Իսրայելը ՀՀ դեսպանին կանչել է ԱԳն և բողոքի նոտա հղել: Պաղեստինի ճանաչումն ինչպե՞ս կազդի Իսրայել- Հայաստան հարաբերությունների վրա:

-ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան, դոկտոր Արման Հակոբյանը Թել Ավիվում  մի քանի տարի շարունակ ջանասիրաբար աշխատում էր տարբեր բնագավառներում  հայ-իսրայելական հարաբերությունների բարելավման ուղղությամբ:  Շնորհիվ նրա ջանքերի, և ոչ միայն նրա, Հայաստանը Իսրայելի հանրության շրջանում մեծ համակրանք է վայելում: Սակայն ի հակադրություն դրան, Իսրայելի կառավարությունն ու գործարար շրջանակները բիզնես շահեր ունեն Հայաստանի թշնամի Ադրբեջանի հետ: Հետևաբար, Հայաստան- Իսրայել հարաբերությունները չեն բարելավվում հենց այդ պատճառով և չեն էլ բարելավվի, քանի դեռ Իսրայել պետությունը չընդունի այն փաստը, որ երկարաժամկետ ձևաչափում Ադրբեջանին զինելը ստրատեգիական վտանգ է ներկայացնում հենց Իսրայել պետության համար: Ուզում եմ հիշեցնել, որ չնայած Հայաստանը Իսրայելում դեսպանություն բացեց չորս տարի առաջ, որպես բարի կամքի դրսևորոււմ, Իսրայելը դեռ դեսպանություն չի բացել Երևանում: Նույնիսկ հիմա, Իսրայելը հատուկ դժվարություններ է ստեղծում Հայաստանի քաղաքացիների համար՝ Իսրայել այցելելու համար վիզա ստանալու հարցում և շարունակում է խթանել Ադրբեջանի հետ զենքերի մատակարարման գործարքների կնքումը: Վերջերս հրապարակումներ եղան այն մասին, որ Հայաստանը հետաքրքրված է իսրայելա-հնդկական սպառազինության համակարգերի ձեռքբերմամբ: Ես կարծում եմ, որ եթե այդ գործարքը տորպեդահարվի ու չկայանա, ապա դա կլինի ոչ թե Պաղեստինի անկախության ճանաչման հետևանքով, այլ Ադրբեջանի հետ հարաբերությունների վատթարացման՝ Իսրայելի վախի պատճառով:
Այդ իսկ պատճառով ես չեմ կարծում, որ Իսրայելի կողմից Հայաստանի հետ հարաբերությունների էլ ավելի վատթարացման տեղ կա, քանի որ այդ հարաբերություններն արդեն իսկ  ցածր նշաձողի վրա են և հիմնականում կախված են Իսրայել-Ադրբեջան հարաբերություններից։

-Պաղեստինի ճանաչման որոշման հարցում արտաքին ուղղորդում տեսնո՞ւմ եք:

-Ենթադրում եմ, որ նկատի ունեք Իրանը։ Հայաստանը Իսրայելի հետ հարաբերություններում արդեն իսկ դրսևորել է անկախ արտաքին քաղաքականություն՝ Թել Ավիվում դեսպանատուն բացել՝ ի հակառակ Թեհրանի դիրքորոշման: Բացի այդ, Հայաստանը միշտ լավ հարաբերություններ է ունեցել արաբական երկրների հետ, ուստի Պաղեստին պետության ճանաչումը կավելացնի և կամրապնդի Հայաստանի դիվանագիտական ​​հարաբերությունները իսլամական աշխարհի հետ։

-Հնարավո՞ր է, որ այս որոշումը ինչ-որ առումով կապ ունենա նաև Արցախի հարցի հետ:

-Միանշանակ։  Արցախահայությունը խաղաղ բնիկ բնակչություն էր, որը բռնագաղթվեց իր հայրենիքից։  Պաղեստինցի փախստականները տուժել և տառապում են նմանատիպ ողբերգությունից։ Ես միշտ պնդել եմ, որ առանց արդարության խաղաղություն չի կարող  լինել, ուստի Ադրբեջանի հետ խաղաղություն կլինի միայն հայ փախստականների Արցախ վերադարձից և ինքնորոշման շնորհումից հետո։ Նմանապես, Մերձավոր Արևելքում խաղաղություն կլինի միայն պաղեստինցիների վերադարձի իրավունքի ճանաչումից և Իսրայել պետության կողքին պաղեստինյան պետության ճանաչումից հետո:

-Իսրայելում հայկական համայնքի վրա ինչպիսի՞ ազդեցության կարող է ունենալ այս որոշումը:

-Ցավոք, Երուսաղեմի հայ համայնքը տարիներ շարունակ տառապում է ծայրահեղական հրեաների ոտնձգություններից։ Վերջին մի քանի տարիներին ճգնաժամը բռնկվեց Կովերի այգում, որը սպառնում է հայերի հարյուրամյա ներկայությանը Սուրբ Երկրում։ Համայնքի երիտասարդները, ովքեր ամուսնանում են հայաստանցի հայերի հետ, դժվարությամբ են իրենց ամուսիններին Իսրայել բերել։ Եվ ավելի ու ավելի շատ դժվարություններ են արհեստականորեն ստեղծվում Իսրայելի հայերի համար: Բայց հայ համայնքի վիճակը եզակի չէ.  Մոտ մեկուկես տարի առաջ ծայրահեղական կառավարության իշխանության գալուց ի վեր, էթնիկ և կրոնական փոքրամասնությունները, ինչպես նաև ազատական ​​և խաղաղասեր հրեա քաղաքացիները ավելի ու ավելի են արժանանում իշխանությունների թշնամանքին:  Բարեբախտաբար մեզ համար Իսրայելի իրավական համակարգը դեռևս անկախ և ուժեղ է, ինչպես նաև բազմակարծիք քաղաքացիական հասարակությունը, որն աջակցում է փոքրամասնություններին, այդ թվում՝ հայկական փոքրամասնությանը: Հուսով եմ, որ Իսրայելի քաղաքացիական և իրավական հասարակությունը համատեղ ուժերով կկանխեն հայ համայնքի դեմ իրագործվելիք հետագա ոտնձգությունները ևս:  

Լրահոս

Ամենաընթերցված

Ջուր չի լինի․ հասցեներ

Ջուր չի լինի․ հասցեներ

Վթարային ջրանջատում Արմավիրի մարզի Մերձավան գյուղում հունիսի 14-ին «Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկ...

×
Gallery Image