Հարգելի՛ պարոն Աբրահամյան, բա այս գործով ինչո՞ւ այդպես օպերատիվ չեք գործում

Հարգելի՛ պարոն Աբրահամյան, բա այս գործով ինչո՞ւ այդպես օպերատիվ չեք գործում

Երեկ Կոմիտասի պողոտայում 2 արցախցու բիտայով ծեծի ենթարկելու դեպքի առթիվ առայժմ որևէ մեկին ձերբակալած չլինելու վերաբերյալ գրառումս քննչական կոմիտեի խոսնակը դիտարկում է իբրև անհիմն ու մանիպուլյատիվ։

Այդ նույն անձը հրապարակավ հայտարարում է, որ մեկ օրվա ընթացքում քննիչը հասցրել է նախաձեռնել քրեական վարույթ, անձանց ճանաչել տուժող, հանձնարարություն տալ վերցնել տարածքի տեսաձայնագրող սարքերի պարունակությունը, հրամայել հայտնաբերել հանցագործություն գործած անձին և ներկայացնել վարույթն իրականացնող մարմին, նշանակել փորձաքննություն և այլն։
Կարծում եմ, որ այս տրամաբանությամբ խոսնակը կարող էր ավելացնել, որ քննիչը հասցրել է նաև մտածել, տպել իր որոշումները, ստորագրել դրանք, հեռախոսազրույցներ ունենալ, տպիչ սարքի կարտրիջը փոխել և այլն։

Հարգելի՛ պարոն Աբրահամյան, ուղղակի համեմատեք քաղաքական հետապնդումների մասով ձեր փաստացի կատարած աշխատանքի ծավալը այս վարութով  իրականացրած աշխատանքների հետ։ Երկու հարյուր հոգանոց քննչական խումբ էիք ձևավորում, մինչև գիշերվա երեքը-չորսը մարդկանց հանգիստ չէիք տալիս, քրեական հետապնդում հարուցելու միջնորդություն ներկայացնում,  նրանց որպես մեղադրյալ ներգրավում,  դեմքի ճակատային հատվածը թաղայինի օգնությամբ նույնականացնելու միջոցով հեռավոր գյուղերից նրանց ձերբակալում, այն էլ՝ 24-ժամյա ռեժիմով, այսինքն՝ դատարան ներկայացնելու նպատակով, կալանավորման միջնորդությամբ դատարան դիմում և այլն։
Բա այս գործով ինչո՞ւ այդպես օպերատիվ չեք գործում։ Որ մարդու արարքը ձեր գրառմամբ արդեն իսկ հանցագործություն եք որակում ու նրան հանցագործ անվանում, նրա նկատմամբ հանրային քրեական հետապնդում իրականացնելու միջնորդություն ներկայացրե՞լ եք, մեղադրյալ նեգրավե՞լ եք, ձերբակալելու որոշում կայացրե՞լ եք, հետախուզում հայտարարե՞լ եք։

Ինչ վերաբերում է տուժողների արցախցի լինելուն՝ նշեմ, որ շեշտադրումը կատարվել է զուտ ձեր աշխատանքի համեմատությունը ցույց տալու նպատակով։
Հա, մեկ էլ, պարոն Աբրահամյան ջան, հայոց լեզուն «տեւժողներ» բառ չի ճանաչում, ուղղեք ձեր տեխնիկական սխալը, թե չէ, մեկ էլ տեսար, քաղաքապետի պես ձեր գրածում էլ տեխնիկական սխալը կեղծիք կդիտարկեն։

Փաստաբան Ռոման Երիցյան