Ծայրահեղ քայլեր

Ծայրահեղ քայլեր

10-15 տարի առաջ համացանցում 60-65 էջանոց նյութ կարդացի Չինաստանում ույղուրների իրավիճակի մասին (ըստ 2021 թ.-ի մարդահամարի, շուրջ 13 միլիոնանոց մահմեդական թյուրքախոս ժողովուրդ է): Բավական ծանր հոդված էր՝ օտար տիրապետության ներքո այդ ժողովրդի իրական կյանքը ներկայացնող: Կարդացի մեկ շնչով և ավարտելուց անմիջապես հետո հավանումի նշանը դրեցի: Իսկ հետո երկար մտածեցի ու, եթե հիշողությունս ինձ չի դավաճանում, նշանը հանեցի: Դա այն ժամանակ էր, երբ Նիկոլն ընդամենը ընդդիմադիր պատգամավոր էր: Եվ, բնականաբար, Հայաստանի արտաքին հարաբերությունների վրա ազդեցություն թողնել չէր կարող: Վարչապետ Տիգրան Սարգսյանի շնորհիվ էլ զարգանում էին հայ-չինական հարաբերությունները: Որքան էլ ճշմարիտ ու արդարացի լիներ հոդվածը՝ այն հայերին ու չինացիներին թշնամի ժողովրդի մի հատվածի մասին էր:

Այդ դեպքը հիշեցի՝ երբ «Հրապարակ»-ի կայքում կարդացի քաղաքագետ Արթուր Խաչիկյանի հետ հարցազրույցը: Արդեն երկրորդ դեպքն է, որ իմ կողմից հարգված անձնավորության մտքերն ինձ դուր չեն գալիս: Առաջինը, հիշեցնեմ, Հ1-ի Ղազարյան Պետրոսի հետ հարցազրույցն էր, որ ավելի լավ էր չլիներ: Խաչիկյանը չէր կարողանում պատասխանել բազմաթիվ հեշտ հարցերի, իսկ Պետրոսը նրան անընդհատ որպես ընդդիմադիր էր ներկայացնում: Երկրորդը Պաղեստինի անկախությունը ճանաչելու մասին Նիկոլի (կամ ԱԳՆ-ի, ինչը նույն բանն է) որոշումը ողջունելն էր: Դրա հիմքում, ինչպես ներկայացրեց ինքը, պաղեստինյան ժողովրդի տառապանքներն էին վերջին ութ ամսում: Անկեղծ ասած, ես նրան հասկանում եմ. արևմտյան փայլուն կրթություն ստացած ու բարձր արժեքներ դավանող անձը չէր կարող չպաշտպանել պաղեստինցի արաբների կյանքի և առողջության իրավունքը: Բայց չմոռանանք, որ իր կամքով կամ անկախ իր կամքից պարոն Խաչիկյանն իրեն դիրքավորել էր որպես ընդդիմադիր վերլուծաբան: Իսկ դա, նախ, նշանակում է, որ ոչ մի դեպքում չպետք է ճիշտ համարվի ՀՀ վարչապետի աթոռից կառչած անձի որևէ քայլը, երբ նրա մնալն իր պաշտոնին սպառնալիք է ներկայացնում Հայաստանի համար:

Երկրորդ, զգացմունքայնության համատեքստում ողջունելով այդ որոշումը՝ պարոն Խաչիկյանը չփորձեց նույնիսկ կատարել մի փոքր վերլուծություն: Օրինակ այն, որ արտաքին հարցերում Նիկոլի որոշումները ծայրահեղական են ու միմյանց հակադիր: Մեկ-երկու տարի առաջ, երբ դրա կարիքը բացարձակ չկար, Նիկոլը որոշեց դեսպանատուն բացել Իսրայելում: Դա, բնականաբար, ծայրահեղ վատ ընդունվեց մեզ հարևան ու բնական դաշնակից (Սյունիքի հարցում) Իրանում: Իսկ հիմա էլ ընդունում է Պաղեստինի անկախությունը՝ երբ իր իշխանության հիմնական հովանավոր երկիրը՝ ԱՄՆ-ը, շարունակում է պաշտպանել Իսրայելին: Ճիշտ է, եվրոպական մի քանի երկիր ևս կատարել են նույն քայլը, սակայն դրանք, նախ, փոքրամասնություն են ԵՄ-ում: Եվ, ինչն ավելի կարևոր է, նման քայլ չի կատարվել Եվրամիության կողմից: Դեպի ուր, ինչպես ակնհայտ դարձավ վերջին երկու օրը, ձգտում են Նիկոլի ու հայաստանյան այլ արևմտամետների հոգիները: 

Բայց այս հարցում էականն այն է, որ Նիկոլի քայլը ողջունել է Թուրքիան, ինչը նշանակում է, որ կարևորը Եվրոպան չէ, այլ Թուրքիան: Եվ իր այդ քայլով էլ Նիկոլը շարունակում է Թուրքիայի հետ մերձեցման քաղաքականությունը: Կրկնվեմ, եթե չբացվեր դեսպանատունը Թել Ավիվում, ինչը ոչինչ չտվեց Հայաստանին, ապա Պաղեստինի անկախությունը ճանաչելը ողջունելի կլիներ: Այն նույնիսկ ուշացած քայլ էր՝ կարող արվել նախորդ տարվա վերջին կամ գոնե ընթացիկ տարվա սկզբին: Ու այդ դեպքում կլիներ շատ ավելի ազդեցիկ: Ինչևէ, ինչպես ցույց է տալիս իրադարձությունների զարգացումը, մեզ դեռևս սպասվում են բազմաթիվ չկշռադատված ու ծայրահեղ քայլեր՝ քանի դեռ վարչապետի պաշտոնին է մնում երբեմնի «դուխով ու ժողովրդի փրկիչ» Նիկոլը: Իսկ ծայրահեղ քայլերը՝ ինչպիսի սոուսով էլ դրանք մատուցվեն, սովորաբար վտանգավոր են լինում երկրի համար: