Ճանճը բաց վերքի վրա է կանգնում․․․

Ճանճը բաց վերքի վրա է կանգնում․․․

Գյուղում էինք ապրում։ Փոքր էի, ընկել, ձեռքս քերծվել ու վերք էր դառել։ Չէի կապել։  Նստում էինք բաց պաշտշգամբում, ուր անթիվ  ճանճեր էին վխտում։  Չէի հասկանում, թե ինչու՞ են բոլոր ճանճերը՝ խոսքները մեկ արած, գալիս բաց վերքիս վրա ու ավելի ցավացնում այն։ Լկստված, այդ աստիճան լկստվա՞ծ․․․ Զայրանում, ու ինչ ընկնում էր ձեռքս, դրանով հարվածում էի նրանց, ավելի շատ վնասելով ինձ, քան իրենց․․․ Տատս քթի տակ ժպտում ու ասում էր՝ ճանճը չար մարդու պես է, մարդու վերքի վրա է գալիս․․․ Ասում ու փաթաթում էր վերքս։  Որ ճանճն այդպիսին է, ես դեռ փոքրուց գիտեի, բայց որ չար մարդը թշնամին էլ  է ճանճի նման բաց վերքի վրա գալիս ու ցավացնում, հետո իմացա։

Սկբից իմացա, երբ մոտիկ մարդիկ «նստում էին իմ բաց վերքի վրա» ու կսկծացնում, ավելի ցավացնում,  հետագայում քաղաքականության մեջ էլ ճանճի սինդրոմ գտա։ Օրինակ շատ եք ասում՝ ինչու՞ է հակառակորդը տարածվում, մինչև ու՞ր պիտի հասնի․․․  Ո՞նց չհիշեմ այն ճանճերին, որոնց անխնա «ջարդում էի» , ինձ էլ հետը վնասելով, բայց նրանք չէին հեռանում, ավելի նպատակասլաց էին գրոհում վերքիս վրա․․․ Աչքդ փակում, ականջովդ է մտնում, ականջդ փակում քթովդ է մտնում։ Ճանճային նման գրոհի դեպքում վերքդ պիտի փակես՝ մինչև ապաքինումը։ Բաց վերքի վրա նրանք գրոհում են պարսով։  Իսկ ո՞րն է հայի բաց վերքը, որ ամեն օր ցավացնում են, որ սպիանալու փոխարեն ամեն նոր վերք է բացվում․․․ Ո՞վ է բացել այդ վերքը։ Ինչ որ բան արվու՞մ է ցավը, տառապանքը մեղմելու համար։ Գոնե նվազագույն  նորմերը պահպանվու՞մ են՝ թեկուզ պատշգամբդ փակելու կամ արյան հոտով նրանց չգայթակղելու  համար․․․ Կամ թեկուզ տատիս մեթոդով՝ վերքը փակելու ու ապաքինելու առումով։