Չի թույլատրվում հարվածել ՌԴ օդակայաններին. ԱՄՆ-ի «կարմիր գիծը»՝ Կիևին

Չի թույլատրվում հարվածել ՌԴ օդակայաններին. ԱՄՆ-ի «կարմիր գիծը»՝ Կիևին

Ամերիկյան զենքի օգտագործման սահմանափակումները, որոնք սահմանվել են Միացյալ Նահանգների վարչակազմի կողմից, թույլ չեն տալիս Ուկրաինային հարվածներ հասցնել ռուսական մի շարք իմնական օդանավակայանների վրա: Այս մասին հայտնում է The Washington Post (WP) թերթը՝ հղում անելով իր աղբյուրներին։

Նրանց տվյալներով՝ ԱՄՆ-ն սահմանափակել է իր զենքի օգտագործումը սահմանից ավելի քան 100 կմ հեռավորության վրա։ Հիմնական օդանավակայանները, որոնց ուղղությամբ չի թույլատրվում հարվածել ամերիկյան զենքով, «լուրջ առավելություն են տալիս Ռուսաստանին», գրում է հրատարակությունը։
Պենտագոնի խոսնակ մայոր Չարլի Դիտցը նշել է, որ Միացյալ Նահանգները թույլ է տվել Ուկրաինային ԱՄՆ-ի տրամադրած զենքերից կրակել Ռուսաստանի տարածքի «այն վայրերում, որտեղ ռուսական զորքերը փորձում են գրավել ուկրաինական տարածքը»:

«Սա աշխարհագրության կամ որոշակի շառավղի մասին չէ, բայց եթե Ռուսաստանը հարձակվի կամ պատրաստվում է հարձակվել Ուկրաինայի վրա իր տարածքից, ապա Կիևը հնարավորություն ունի պատասխան հարված հասցնել այն ուժերին, որոնք հարձակվում են նրա վրա սահմանից այն կողմ: Ուկրաինային թույլատրվում է նաև օգտագործել Վաշինգտոնի կողմից տրամադրված հակաօդային պաշտպանության համակարգերը ռուսական ինքնաթիռներին հարվածելու համար, եթե նրանք մտադիր են կրակել Ուկրաինայի օդային տարածքի վրա»,- ասել է նա։

Պարբերականն ընդգծում է, որ Ուկրաինայի Զինված ուժերը չեն հավատում, որ հարվածներ հասցնելիս ունեն գործողությունների զգալի ազատություն, ինչը երևում է Սպիտակ տան և Պենտագոնի պաշտոնյաների հայտարարություններից։