Բավրայի կողմը մի հատ սադրանք կանեն, կփակեն ճանապարհը, ու կդառնանք լրիվ անկլավ 

Բավրայի կողմը մի հատ սադրանք կանեն, կփակեն ճանապարհը, ու կդառնանք լրիվ անկլավ 

Հարցազրույց գրող, հրապարակախոս Դավիթ Սարգսյանի հետ

- Պարոն Սարգսյան, Տավուշում սկիզբ առած «Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը մայիսի 9-ին եկավ հասավ Երեւան ու որպես պահանջ ձեւակերպեց Նիկոլ Փաշինյանի հրաժարականը: Ձեզ համար սպասելի՞ էր նման ընթացքը, եւ ինչպե՞ս եք գնահատում վերջին 2 շաբաթների զարգացումները:

- Ես կուզեմ, որ մեր ժողովուրդն ու սրբազանը երբեք չհանձնվեն, ավելին, կարծում եմ` այդպես էլ տրամադրված են, որովհետեւ այն, ինչ կատարվում է մեր երկրում, ակնհայտ է: Եթե մի ժամանակ կարկամած էին անում ու արտահայտում այդ ամենը, հիմա այլեւս` բացահայտ: Վերջին դեպքերը ցույց տվեցին, որ մեր զորքը կանգնում է ոչ թե թշնամու ու ժողովրդի արանքում, այլ մեր ժողովրդին է բաժանում 2 մասի, չի թողնում, որ մարդիկ ազատ տեղաշարժվելու իրենց իրավունքից օգտվեն, ու դա անում է լրիվ կամայական ձեւով: Մնում է ցանկապատել երկիրը, փշալար քաշել, սյուները տեղադրել ավելի մեծ երկայնքով եւ կոչել այլեւս Հայաստանի Հանրապետություն համակենտրոնացման ճամբար։ Կոպիտ եմ ասում, բայց սա է իրականությունը, եւ այն, ինչ կատարվում է հիմա, լավ առումով սպասելի էր, որովհետեւ մենք ապրող ժողովուրդ ենք: Չի պայքարում եւ չի ըմբոստանում նա, ով մեռած է, նաեւ այն կարծիքին եմ, որ մենք փառահեղ ժողովուրդ ունենք: Հետո, գիտե՞ք՝ ժողովուրդը շատ հարցերում տեղեկացված չէ, իրեն ապակողմնորոշել են տարբեր մանիպուլյացիաներով, բայց փառահեղ ժողովուրդ ունենք: Ես մի ժամանակ մտածում էի, որ սա մշակույթների կռիվ է, բայց հետո հասկացա, որ դիմացը մշակույթ չկա, նրանք տիրապետում են մի մշակույթի` ստի, խաբեության, որը կարողացան ներդնել մեր երկրում, ի վերջո` կոտորածի մշակույթին, որովհետեւ այնպիսի ձեւեր ունեն մարդ ոչնչացնելու, որ աներեւակայելի է ուղղակի: Այնպես որ, սա սպասելի էր, եւ ես ուրախ եմ, որ եկեղեցին առաջնորդում է մեզ, որովհետեւ ինչքան էլ կան լավ քաղաքական գործիչներ, բայց ազգային, պետական, հավաքական առումով քաղաքական մտքի այդ փիլիսոփայությունը մենք չունենք: Չունենք քաղաքական այն կամքը, որ քաղաքական գործիչները միավորվեն` ամեն մեկն իր տեսակետն ունենալով, քանի որ թշնամին արդեն դուռդ է թակում, ու ստացվում է՝ թե՛ ներսում, թե՛ դրսում դու կռիվ ունես:

- Սրբազանն այս օրերին առանձին-առանձին հանդիպում է մշակույթի, քաղաքական գործիչների հետ, ի՞նչ եք կարծում՝ կհաջողվի՞ հաշտության օրակարգն առաջ մղել եւ համերաշխության մթնոլորտ ձեւավորել:

- Կարծում եմ, որ մինչեւ այս պահը սրբազանն ամեն ինչ կատարում է տիեզերական լույսի ներքո, այսինքն` համաձայն եմ բոլորիդ հետ նստել-զրուցել, միայն թե միավորվեք: Ժամանակին Դարեհն էր, չէ՞, ասել՝ երբ հայերը միաբանվեն, իմ պարսպի պատերը փոշի կդարձնեն... այդ անմիաբանության վրա մարդիկ աշխատել են, մեծ գումարներ են ներդրել, այդ սեւ ու սպիտակ բաժանարար գծերը միամիտ բան չեն: Այսօր էլ կա իշխանական մի շերտ, որ բացարձակ կապ չունի այս ժողովրդի հետ: Աշխարհն անարդար ու անողոք է, եւ պետք է ուժեղ լինել, որպեսզի կարողանանք դիմակայել այս հեղեղին, որը, ցավոք սրտի, նաեւ ներսից է բխում:

- Չնայած սրբազանն ասում է, որ սա չակնկալիքների պայքար է, բայց Դուք ի՞նչ ակնկալիք ունեք այս պայքարից:

- Ոչ մեկս անձնական ակնկալություն չունի, սա համաժողովրդական ակնկալություն է եւ ոչ պաշտոնի կամ փառքի դափնիների կռիվ: Սա պայքար է, որը նպատակ է հետապնդում՝ իշխանությունը փոխելու նորմալ ազգային, պետական մտածողություն ունեցող իշխանությամբ: Եվ գոյաբանական է այս պայքարը. կամ-կամ-ի խնդիր է դրված: Ես զարմանում եմ, որ որոշ մտավորականներ, որոնք նույնիսկ գրչակ էլ չեն, փորձում են ինչ-որ բաներ, թերություններ գտնել, նույնը՝ ՔՊ-ական պատգամավորների դեպքում, որոնցից մեկի երազանքը բարձրագույնն ավարտելն էր.... ահա՝ այս մակարդակի մարդիկ մի քանի բուհ ավարտած մարդուն կարող են ասել` անգրագետ, գործակալ։ Ես կուզեի, որ շարժմանը կից գործող իրավաբանական խումբը դատի տար այդ մարդկանց եւ բոլորից պատիվ պահանջեր, որովհետեւ բավական է այս սանձարձակությունը, մարդկանց անվանարկելն ու վարկաբեկելը: Ասում ես` սրիկա է, ուրեմն ապացուցիր, այդ ո՞նց Ալեն Սիմոնյանը կարող է մի 10-15 թերթի, ամսագրի դատի տալ, իսկ իրենք` ոչ:

- Այս օրերին շատ են շեշտում, որ թշնամին հնարավոր է օգտվի ներքաղաքական այս իրավիճակից եւ նոր պատերազմ սկսի։ Ունե՞ք նման մտավախություն։

- Միայն, եթե հրավիրեն...: Գիտեք՝ կան միջազգային օրենքներ, օրինակ, երբ Սովետը մտավ Աֆղանստան, ասաց` գնում ենք եղբայրական ժողովրդին օգնության, կառավարությունը մեզ խնդրել է, ու գնացին, սկսեցին ջարդել աֆղանստանցի հայրենասերներին, որոնց կոչում էին ահաբեկիչ եւ այլն: Հիմա մենք ինչո՞ւ չենք ասում, որ մեր հարեւան երկիրը տեռորիստական պետություն է, երբ նրանք ահաբեկչության բոլոր նորմերն անցել են .... ու եթե մեր պետությունը հրավիրի, իրենք մեծ սիրով կբերեն իրենց «Յաշման», բայց ես որ նայում եմ մեր ոստիկաններին, հատկապես բերետավորների գործողություններին, ապա մեզ «Յաշմա» պետք էլ չէ, «Յաշման» ո՞ւմ շունն է, եթե այս տեսակը կա: Իհարկե, ոչ բոլորի մասին է խոսքը, ես տեսնում եմ, որ մեջները կան մարդիկ, ովքեր ամաչում են, գլուխները կախում են, բայց կան հրեշավոր կերպարներ, որոնք մարդ կուտեն, որովհետեւ մարդակերի նման հարձակվում ու մարդ են ծեծում: Մենք այդ մարդկանց փոքր ժամանակ ուրիշ կերպ էինք կոչում, երբ 10 հոգով մի մարդու էին ծեծում... չի կարելի այսպես, դա մեր ամոթն է: Էլ չեմ ասում, որ պաշտոնապես հայտարարեցին, որ եթե պետք լինի, օգնական ուժեր կուղարկենք Հայաստան` ի պաշտպանություն Փաշինյանի իշխանության, որն ուղղակի զավեշտ է` քո թշնամին օգնական ուժեր է ուղարկում՝ քո իշխանությունը պահպանելու համար, էլ չասեմ, որ քո ղեկավարի անունով թշնամի պետությունում օղի են արտադրում, երգեր են հյուսում....: Բայցեւայնպես, ես մեր ժողովրդի մասին բարձր կարծիքի եմ, մենք մեծ դժվարությունների միջով պետք է անցնենք, Աստված տա, որ այս ամենն առանց արյուն հեղելու հանգուցալուծվի, որը եւս հնարավոր բան է, որ կմղեն քաղաքացիական բախումների: Դրանից հետո էլ պետք է մտածենք, թե եկող իշխանությունն ինչպես պետք է աշխատի, ինչ ջանքեր պետք է թափվեն, որպեսզի կարողանան վերականգնել ու չեզոքացնել այս ամբողջ ամբարտավանությունը, հատկապես որոշների ներսում բուն դրած թշվառ քծնանքի, դեմագոգիայի դավադիր ախտը, նաեւ ախտահանենք այդ մարդկանց հոգիներն ու մտածողությունը: Այնպես որ, անելիքները շատ-շատ են լինելու: 

- Ժողովուրդն այդ համբերությունն ու հետեւողականությունը կունենա՞, որպեսզի քայլ առ քայլ` իրավական ճանապարհով անցնի այս ընթացքը: 

- Եթե սադրանքներ չլինեն, մեր ժողովուրդը համբերատար է... ես որ նայում եմ իմ ապրած կյանքը, էլ գոտիներս ձգեցինք, էլ ըմբռնումով մոտեցանք, էլ ինչ ասես, որ չարեց այս ժողովուրդը` համբերատար, հլու-հնազանդ տարավ իր խաչը հանուն Արցախի, հանուն Հայաստանի ամրապնդման, բայց ի՞նչ արեցին` ավերեցին ու ամբողջը ոչնչացրին, հիմա էլ Հայաստանի՞ն եք անցել, Հայաստանը կդառնա անկլավ, եթե այս ամեն ինչն իրականանա, մի հատ էլ Բավրայի կողմը սադրանք կանեն, կփակեն ճանապարհը, ու կդառնանք լրիվ անկլավ կամ էլ համակենտրոնացման ճամբար, որտեղ կան տերեր ու ստրուկներ: Ես կհավատայի, որ 1-2-ն իշխանությունում կարող են դավաճանել, այլ ուսմունքներ դավանել, բայց որ մի ամբողջ կառավարություն, Ազգային ժողով` չէի պատկերացնի, համատարած այս ի՞նչ բացիլ է, այդքա՞ն էլ ոչ հայ...։ Այդպես չի մնա, Աստված չի ների, բնությունը չի ների, որովհետեւ ազնիվ ու արդար չէ այն, ինչ կատարվում է, եւ սա ամեն կերպ պիտի կանխվի: