1+71 մարդու իշխանությունը

1+71 մարդու իշխանությունը

Փաշինյանին եւ նրա ՔՊ-ական խմբակցության պատգամավորներին թվում է, թե Հայաստանում իշխանությունը պատկանում է իրենց, որ եթե իրենք չցանկանան, այդ իշխանությունն իրենցից ոչ ոք չի կարող վերցնել: Փաշինյանը եւ նրա խմբակցության պատգամավորները համոզված են, որ բավարար է իրենք միասնականություն դրսեւորեն, չտրվեն հանրային ճնշմանը, չմիանան ընդդիմության կողմից առաջ քաշվող հրաժարականի կամ իմպիչմենթի պահանջին, իրենց ոչ ոք չի կարող պաշտոնազրկել: Սա է պատճառը, որ ՔՊ-ականներն իրար հերթ չտալով հայտարարում են, որ իրենց մեջ դավաճաններ չկան, իրենցից որեւէ մեկը չի միանա Փաշինյանի պաշտոնանկության պահանջին՝ այդպիսով իրենց անվերապահ հավատարմությունը հայտնելով Փաշինյանին: Փաշինյանն էլ ինքն իրեն դրանով հանգստացնում է՝ մտածելով, որ իրեն չեն կարող պաշտոնազրկել. Ինքը ոչ մի դեպքում հրաժարական տվող չէ, ՔՊ խմբակցության պատգամավորներն էլ չեն միանա իմպիչմենթի պահանջին, ու դրանով իրեն հեռացնելու հնարավոր տարբերակները կսպառվեն: 

Փաշինյանը սարսափելի վախ ունի, որ խմբակցության ներսում կարող են լինել մարդիկ, ովքեր կմիանան իմպիչմենթին: Դրա համար է անընդհատ խմբակցությանը բացատրում, որ միասնությունը միայն իրեն պետք չէ, որ վարչապետի աթոռը պահի, այդ միասնությունն առաջին հերթին պետք է պատգամավորներին, որ եթե ինքը չեղավ վարչապետ, բոլորին պահածո կիլկի են սարքելու, իսկ տրված երաշխիքները ջրելու են: Այնպես որ, իրենց փրկությունը Փաշինյան վարչապետի մեջ է: ՔՊ-ականներն էլ տրամաբանությունից հեռու մարդիկ չեն եւ ուզում են շարունակել իշխանության մնալ, պատգամավոր լինել ու դրանով իրենց պաշտպանված զգալ, ինչո՞ւ պետք է միանան Բագրատ սրբազանի պահանջած իմպիչմենթին: Այդպես կարող են 71 ՔՊ-ական պատգամավոր եւ մեկ վարչապետ դրսեւորել համառություն ու միասնություն եւ իշխանությունը պահել ու վայելել, որքան էլ հասարակությունը դեմ լինի իրենց, պահանջի իրենց հրաժարականը:

Իսկ ՀՀԿ-ականները 2018 թվականին չէի՞ն ուզում մնալ իշխանության, չէի՞ն ուզում պատգամավոր լինել, չէի՞ն ուզում իշխանությունը վայելել: Սերժ Սարգսյանը չէ՞ր ուզում վարչապետ մնալ: Չուզենար` չէր առաջադրվի վարչապետի պաշտոնում, չէր ընտրվի: Իսկ ինչո՞ւ հրաժարական տվեց` հոգնել էր իշխանությունից, իսկ Նիկոլ Փաշինյանը չի հոգնել, նրա եռանդը տեղն է դեռ, անելու շատ գործ ունի, շատ ծրագրեր ունի իրականացնելու: Կամ՝ ԲՀԿ-ականները, ՀՅԴ-ականները: Նրանք ինչո՞ւ միացան «Ելք»-ին ու վարչապետ ընտրեցին Նիկոլ Փաշինյանին: ՀՀԿ-ականները կարող էին, չէ՞, իրենց միջից ինչ-որ մեկին վարչապետ ընտրել: ՀՀԿ-ում էլ դավաճաններ, մեծ հաշվով, չկային: Մայիսի 1-ին, երբ Փաշինյանն առաջին անգամ վարչապետ առաջադրվեց, բավարար ձայներ չստացավ: ՀՀԿ-ականներն իրար մեջ պայմանավորվեցին, որ պետք է Փաշինյանի օգտին քվեարկել, որոշեցին` ով է քվեարկելու, եւ միայն մայիսի 8-ին երկրորդ քվեարկությամբ ընտրեցին: Ի՞նչ է` ՀՀԿ-ում իշխելու եւ իշխանության գինը հասկացող մարդիկ չկայի՞ն, չէի՞ն հասկանում, որ եթե իրենք միասնություն դրսեւորեին, իշխանությունն իրենցից օրինականորեն չէին կարողանալու վերցնել: Նրանք որոշեցին քվեարկել Փաշինյանի օգտին, որովհետեւ չէին ուզում երկիրը գցել ցնցումների մեջ, հասկանում էին, որ չնայած 2017-ին իրենք ստացել են ընտրողների մեծամասնության քվեն, բայց մեկ տարի հետո այդ մեծամասնությունը պահանջում է, որ իրենք հեռանան: Մարդիկ գտան ձեւը եւ արժանապատիվ հեռացան:

 2018-ի ու 2024 թվականի միջեւ տարբերությունը մեծ է: ՀՀԿ-ի իշխանության ժամանակ Արցախը չէր հայաթափվել, Հայաստանի տարածքի մի զգալի մասը չէր բռնազավթված թշնամու կողմից, ՀՀԿ-ական իշխանությունը հնազանդորեն չէր ենթարկվում թշնամի երկրի նախագահի պահանջներին եւ մաս-մաս երկիրը չէր հանձնում թշնամուն՝ խլելով իր քաղաքացիների հողն ու ունեցվածքը, քաղաքացիներին, գյուղերն ու ռազմավարական նշանակության ենթակառուցվածքները դնելով թշնամու վերահսկողության տակ: ՀՀԿ-ական իշխանության հանդեպ ունեցած միակ դժգոհությունն անարդար կառավարումն էր՝ կոռուպցիայի եւ հովանավորության տեսքով: Այդ առումով գործող իշխանությունը եւս ռեկորդներ է սահմանել՝ անցնելով նախորդներից, բայց քանի որ մարդիկ ունեն տարրական անվտանգության եւ ապրելու խնդիր, կոռուպցիայի եւ հովանավորության մասին ոչ մեկը չի էլ մտածում, չի էլ խոսում, դրանք համարվում են այնքան աննշան, այնքան ոչ էական, երբ վտանգված է մարդու եւ երկրի գոյությունը:
Այնպիսի հանրային ատելություն իշխանության նկատմամբ, ինչպիսի առկա է այսօր, չկար 2018-ին, չի եղել երբեք: Նման պայմաններում մտածել, որ 1+71 մարդով կարող են պահել ու հավերժացնել իրենց իշխանությունը, ոչ թե միամտություն է, այլ իրականության ընկալման բացակայություն, որը հղի է վատ հետեւանքներով, առաջին հերթին՝ հենց այդ մարդկանց համար:

Ավետիս Բաբաջանյան