Ինչ անել այս ոստիկանության հետ

Ինչ անել այս ոստիկանության հետ

Մաքսիմալիզմով երբեք չեմ տառապել: Ես քչով, մի փոքրիկ լավ բանով բավարարվող մարդ եմ: Կյանքում ո՛չ աշխատավարձի, ո՛չ պաշտոնի կռիվ չեմ տվել: Ինձնից համեստներին էլ երբեք վերեւից չեմ նայել: Ընդհակառակը, իջել եմ ավելի ներքեւ, փորձել նրանց բարձրացնել գոնե իմ համեստության աստիճանին: Հաճախ ստացվել է, հաճախ՝ ոչ, հաճախ էլ, ում մի անգամ բարձրացրել եմ, առաջ է անցել ինձնից, դարձել դրամի ու ինչքի տեր ու մոռացել իր երբեմնի համեստությունը: Աստված իրենց հետ: Բոլորի հետ:

Վերջին օրերի մեր ոստիկանության պահվածքը, սակայն, ինձ ստիպում է մեր կյանքին այլ հայացքով նայել: Հասկացա, որ այստեղ համեստություն անելու ո՛չ տեղն է, ո՛չ էլ ժամը: Մանավանդ Կիրանցի դեպքերն ինձ հուշում են՝ եղիր մաքսիմալիստ, ասա, արտահայտվիր ոստիկանության մասին այնքան, ինչքան ու ինչպես ճիշտ կհամարես: Իսկ եթե սխալվե՞մ… Խելացի մարդիկ ասում են՝ երբեք մի ասա «երբեք»: Բայց մի ներքին ձայն պնդում է՝ ասա, դու չասես՝ ուրիշն է ասելու, ախր, դա հիմա այնքան պետք է մեր ժողովրդին, ժողովուրդը պետք է ամեն ինչ իմանա իր ոստիկանության մասին: Ի՞նչ արած…

Եվ առաջին բանը, որ ուզում եմ ասել հայրենի ոստիկանության մասին, այն է, որ, իմ կարծիքով, սա ոստիկանություն չէ: Նայում ես՝ համազգեստով-բանով մարդիկ են, բայց ոստիկան չեն, չեն տեղավորվում ոստիկանի մասին իմ պատկերացումներում: Իսկական ոստիկանների ես տեսել եմ «Մենք ենք՝ մեր սարերը», «Մեր մանկության տանգոն», «01-99», «Խոշոր շահում», «Զգուշացիր ավտոմեքենայից» եւ այլ ֆիլմերում: Սրանք «կոպի» եւ «ժանդարմի» խառնուրդ են, այսինքն՝ մի տեսակ «միլիցա», որ չես հասկանում, թե ում կողմից են: Եղբայր, եթե դու օրենքի կողմից ես, իսկ օրենքն ասում է, որ ոստիկանն իրավունք չունի սեփական ժողովրդի դեմ կռվելու, ինչո՞ւ ես կռվում: Օրը ցերեկով թուրքը ՀՀ քաղաքացու ձեռքից տունն ու այգին տանում է, դուք ի՞նչ եք անում… ՀՀ քաղաքացո՞ւն եք բռնության ենթարկում, դուք հո ապո՞ւշ չեք: Կարճ ասեմ՝ Կիրանցի գործողություններին մասնակցած բոլոր ոստիկաններին, մեծից փոքր, բոլորին հանել համազգեստի միջից եւ ուղարկել հանրօգուտ աշխատանքների: Նրանք ՀՀ այս խայտառակ իշխանությունների հանցակիցն են, հետեւաբար՝ հանցագործ են եւ ոստիկան չեն: Ոստիկանը պետք է իր ուղեղում մի փոքրիկ դաշտ ունենա՝ բարոյականության դաշտը: Սրանց ուղեղում այդ դաշտն անվերադարձ «դիլեթ» է արվել: Ո՞վ է դա արել: Չէի ուզենա հոգուս վրա մեղք վերցնել, բայց պիտի ասեմ՝ Նիկոլը: Ես հիմնավոր կասկածներ ունեմ, որ հենց Նիկոլն է թիվ մեկ պատասխանատուն, եւ հենց նա է ջնջել այդ դաշտը՝ ոստիկանին դարձնելով կենդանի «տերմինատոր»: Կարող է հարց առաջանալ՝ լավ, այդ մարդիկ պիտի կարգ պահպանե՞ն, թե՞ չպիտի պահպանեն: Այս պահին ես ոստիկանների կողմից կարգ պահպանել-չպահպանելու մասին չեմ խոսում: Դրան կանդրադառնամ քիչ անց: Ես հիմա խոսում եմ Կիրանցի մասին եւ Կիրանցում, այսպես կոչված, հայ ոստիկանների պահվածքի մասին: Նրանք, ըստ էության, ադրբեջանցիների հայացքի ներքո ցույց տվեցին, թե ինչպես կարելի է վարվել հայերի հետ: Ես չասեմ, դուք ասեք, թե ինչ էր դա:

Այնպես էլ չէ, որ Հայաստանի ամենակենտրոնական՝ Երեւանի մարզում ոստիկան կոչվածների վրայից շնորհքը թափվում է: Նույն բանն են, գուցե ավելի վատը, քան Տավուշի գործողությունների մասնակից իրենց «յաշմա» գործընկերները: Նիկոլին իշխանության բերե՞լը չեմ տեսել, սրանց գործադրած բիրտ ուժի՞ն ծանոթ չեմ, թե՞ ուղեղի աշխատանքին ու գրագիտությանը: Երբ Նիկոլին զոռով մտցրին Եռաբլուր, երբ Եռաբլուրում քարշ էին տալիս զոհվածների ծնողներին, ո՞ւմ մեջ կասկած մնաց, որ սրանց ուղեղի համապատասխան դաշտն անվերադարձ «դիլեթ» է արվել: Ես ոչ մի անգամ չեմ բողոքել իմ հանդեպ ոստիկանության բիրտ պահվածքից: Համարել եմ՝ իրավապահ մարդ է դիմացս կանգնած, ինչքան չլինի, ինձնից մի բան ավել կիմանա: Բերման են ենթարկել, բաժին են տարել, դատի են տվել: Լուռումունջ տարել եմ իմ խաչը: Բայց ես չեմ կարողանում հասկանալ ոստիկանին, երբ նա, բառիս բուն իմաստով, գազանություն է դրսեւորում Եռաբլուրում հավաքված մարդկանց, զոհերի ծնողների, արցախցի անչափահասների հանդեպ: Ինչո՞վ բացատրեմ, որ սրանց «գազանությունը» բռնում է հատկապես այն ժամանակ, երբ բանը հասնում է այս իշխանությունների շարունակական կապիտուլյացիաներին, 44-օրյա պատերազմին, ՀՀ ոչ բարով գործող իշխանություններին ռադ անելուն: Նույնիսկ հավատներն են ուրանում: Ասել է, թե նաեւ Երեւանում եւ Հայաստանի մյուս մարզերում պետք է փոխել ոստիկանությանը: Մեծից փոքր, վերից վար, լայնքով ու երկայնքով:

Չարքից ու չարիքից պետք է մեկ անգամ եւ ընդմիշտ ազատվել: Չգիտեմ՝ այս մասին ինչ կարծիքի է Բագրատ սրբազանը, բայց ես նրան կխնդրեի՝ անհարկի պաշտպանության տակ չառնել ինչ-որ երեւույթների, որոնք, խելքը փողին տված, ձեռք են բարձրացնում հայ մարդու վրա՝ տնից քշված հայ մարդու, փախստական դարձած հայ մարդու, ոչ մի կերպ Նիկոլի թրի տակով չանցնող հայ մարդու, իր հայրենիքի փրկության համար ոտքի կանգնած հայ մարդու վրա: