Չի բացառվում, որ Էրդողանն է Փաշինյանին խնդրել Պաղեստինի հարցով

Չի բացառվում, որ Էրդողանն է Փաշինյանին խնդրել Պաղեստինի հարցով

ՀՀ ԱԳՆ-ն այսօր հայտարարություն տարածեց այն մասին, որ ճանաչում է Պաղեստինի անկախությունը: Պաղեստինի ճանաչման մասին «Հրապարակը» զրուցեց քաղաքական վերլուծաբան, արևելագետ, «ԱՊՐԻ Արմենիայի» աշխատակից Սերգեյ Մելքոնյանի հետ։

- Հայաստանի կողմից Պաղեստինի ճանաչումը ճի՞շտ որոշում էր և ինչ-որ առումով չի՞ նշանակում պաղեստինա-իսրայելական կոնֆլիկտի մեջ մտնել: 

- Հայաստանն այս հարցով իրականում հետևողական էր և աջակցում էր Պաղեստինի օրակարգին միջազգային հարթակներում։ Հիշենք ՄԱԿ-ում ոնց էր Հայաստանը քվեարկում դրական՝ հօգուտ Պաղեստինի: Իսրայելն այսօր գտնվում է պաշտպանողական դիրքում, որովհետև Արևմուտքում և Արևելքում Չինաստանը, Ռուսաստանը, արաբական աշխարհը՝ մի կողմից, Եվրոպան, ԱՄՆ-ն՝ մյուս կողմից, Լատինական Ամերիկան, բոլորն ավելի ու ավելի բարձր սկսում են խոսել այն մասին, որ Պաղեստինը պիտի ճանաչվի: 

- Հայաստանի այս քայլը դրսի՞ց էր թելադրված՝ աշխարհաքաղաքական կենտրոններից որևէ մեկի կողմից։ 

- Դժվար թե ինչ-որ մեկ կենտրոն թելադրեր, որ Հայաստանը նման քայլ աներ: Ես կուզեի, որ ուշադրություն դարձնեինք այն փաստին, որ մի քանի օր առաջ հեռախոսազանգ էր տեղի ունեցել Փաշինյանի և Էրդողանի միջև և այսօր Հայաստանն այսպիսի բարձր որոշում ընդունեց՝ սա մեկ: Երկրորդը՝ մենք տեսնում ենք, որ ընդհանուր Հայաստանի քաղաքականությունը կարծես վերաձևակերպման շրջան է անցնում՝ դա վերաբերում է Բելառուսին, դա վերաբերում է Իսրայելին, վերաբերվում է Պաղեստինին և այլն: Երրորդ, միջազգային մեծամասնության մեջ կա հասկացողություն, որ կոնֆլիկտի լուծման հիմնական ճանապարհներից մեկը դա Պաղեստինի ճանաչումն է: 

- Կուզեի Թուրքիայի մասով մանրամասնեիք, ինչի՞ համար էր Թուրքիային պետք, որ ՀՀ-ն ճանաչի Պաղեստինի անկախությունը: 

- Բացի ՀԱՄԱՍ-ից՝ Պաղեստինի ադմինստրացիայից հետո Թուրքիան ողջունեց Հայաստանի դիրքորոշումը: Հետևաբար սա մեզ համար ինդիկատոր է, որ այո, այս հարցը կարող էր քննարկվել այդ հեռախոսազանգի ժամանակ: Իսկ թե ինչու էր Թուրքիային սա պետք․ Թուրքիան ուզում է իսլամական աշխարհում դառնալ առաջնորդներից մեկը, ինքը նաև ցույց է տալիս, որ ինքը կարող է ընդհանուր իսլամական օրակագից հարց առաջ մղել այն երկրներում, որոնք իսլամական աշխարհի մաս չեն՝ ցույց տալով, որ ինքն այստեղ ունի ազդեցության գոտի և այն, ինչ-որ իր համար կարևոր է ու ոչ միայն իր, այլև ընդհանուրի համար, ինքը կարող է դա անել: 

- Պաղեստինի ճանաչումը բացասական չի՞ ազդի ՀՀ-ի վրա՝ Իսրայելի կողմից ճնշումներով, ՀՀ դեսպանին կանչել են ԱԳՆ՝ նոտա են տվել։ 

- Իսրայելը պաշտպանողական դիրքում է գտնվում, ինչ-որ բացասական հետևանք չի լինի Հայաստան-Իսրայել հարաբերություններում, որովհետև Իսրայելն իր որոշումն այս տարածաշրջանում արել է և լիովին աջակցում է Ադրբեջանի օրակարգին, որն, ըստ Իսրայելի ընկալման, ուղղված է Իրանի դեմ, բայց իրականում առաջին փուլում այն ուղղված է մեր դեմ: Դրական հետևանքներ էլ կարող են լինել՝ Հայաստանը կարող է ակնկալել աջակցություն արաբական և իսլամական աշխարհի կողմից՝ այն հարցերի շուրջ, որոնք վերաբերում են իր արտաքին քաղաքականության օրակարգին: Բայց, որպեսզի այս դրական էֆեկտը լինի՝ այս ուղղությամբ պետք է հետևողական աշխատանք ծավալվի, չգիտեմ ինչքանով են պատրաստ դա անել: Որովհետև եթե դու լուրջ քայլի ես գնում ու դա չես կապիտալիզացնում դրական իմաստով, ինքն այդքան էլ էֆեկտ կարող է չունենալ: 

- Կիլիկիո կաթողիկոս Արամ Առաջինը վերջերս հանդիպեց Հռոմի Պապին ու հաշվի առնելով Երուսաղեմում Իսրայելի կառավարության հովանավորչությամբ հայկական համայնքին պատկանող հողերի դեմ ոտնձգությունները, կարո՞ղ է այս դրվագները կապ ունենան իրար հետ: 

- Այս զուգահեռ գործընթացը, որը կապված է մեր հայկական թաղամասի հետ, ամենայն հավանականությամբ նպատակ ուներ քրիստոնյա աշխարհի ուշադրությունը քիստոնեական այդ համայնքում տեղի ունեցողի վրա սևեռել։ Սա կարող է նաև հիմքերից մեկը լինել լեգիտիմության համար, որ, այո, դուք դեստրուկտիվ քայլեր եք անում, դե մենք էլ կանենք այն քայլերը, որ գտնում ենք ճիշտ: Բայց ես չեմ կարծում, որ պետական մակարդակով կայացված որոշումները սրա վրա հիմնված լինեն, բայց եթե այդպես լիներ, ապա դա հավելյալ լեգիտմիություն կհաղորդեր: