ԱՄՆ Պետդեպը նաեւ Հայաստանի կրոնական կյանքին է միջամտում

ԱՄՆ Պետդեպը նաեւ Հայաստանի կրոնական կյանքին է միջամտում

ԱՄՆ Պետդեպարտամենտը հրապարակել է աշխարհի շուրջ 200 երկրում, ներառյալ՝ Հայաստանում, կրոնական ազատությունների մասին տարեկան զեկույցը: Զեկույցում անդրադարձ կա նաեւ Հայաստանում կրոնական ազատությունների վիճակին եւ անգամ այս թեմայում նկատելի է ԱՄՆ աջակցությունը ՀՀ իշխանություններին եւ քննադատությունն՝ ուղղված այս իշխանությանը չսատարողներին։ Իհարկե, այդ ամենն արվել է նրբորեն, ոչ շատ ցցուն, բայց միտումն ակնհայտ է։

Նախ խոսվում է այն մասին, որ Հայաստանում Սահմանադրությունը մի կողմից խոսում է կրոնական ազատությունների մասին, մյուս կողմից ճանաչում Հայ Առաքելական եկեղեցին՝ որպես ազգային եկեղեցի, իր բացառիկ դերակատարությամբ։ Ապա նաեւ նշվում է, որ Սահմանադրությունը թեեւ արգելում է հոգեւորսությունը, սակայն հստակ չի սահմանում թե ինչ բան է դա։ Զեկույցում բավականին շատ տեղ է հատկացված Հայաստանում գործող ինչպես զուտ կրոնական համայնքներին, այնպես էլ էթնիկ-կրոնական համայնքների գործունեությանը, նրանց խնդիրներին։ Զեկույցում որպես դրական ձեռքբերում է նշվում, որ 2023 թվականին Հայոց եկեղեցու պատմություն առարկան դուրս բերվեց պետական կրթական առարկայացանկից եւ ներառվեց պատմական առարկայացանկի նյութերի մեջ։ Ուշագրավ է, որ հատուկ շեշտել են, որ Հայաստանի եզդիները ողջունել են սա, չնայած քայլը քննադատության է արժանացել Առաքելական եկեղեցու կողմից։ Նշվում է, որ այս հարցով միմյանց հասցեին քննադատություններ են հնչեցրել Առաքելական եկեղեցու ղեկավար Գարեգին Բ-ն եւ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ 

Զեկույցում նշվում է, որ Հայաստանի իշխանություններն ու Առաքելական եկեղեցու հոգեւորականները քննադատել են միմյանց՝ Ղարաբաղյան հակամարտույան հարցում կառավարության ունեցած դիրքորոշման եւ գործողությունների մասով, ինչպես նաեւ քաղաքական գործընթացներում Առաքելական եկեղեցու ներգրավվածության մասով։ Այսուհանդերձ, Առաքելական եկեղեցու կրոնավորները ազատորեն շարունակում են մասնակցել հանրային-քաղաքական դիսկուրսներին։ 

Զեկույցում խոսվում է նաեւ Երեւանում միակ հրեական սինագոգի վրա հարձակման, Եհովայի վկաների համայնքի հետ կապված խնդիրների, նրանց ունեցած գանգատների մասին, որ իրենց խոսքով եւ ֆիզիկապես վիրավորելու դեպքեր են եղել եւ ոստիկանությունն իրենց անվտանգությունը բավարար չափով չի ապահովել, անգամ դեպք է եղել, որ ոստիկանները ներկա են եղել, բայց չեն միջամտել։ 

Ուշագրավ է, որ ծանրացել են կոնկրետ մի դեպքի վրա, երբ բապտիստական համայնքի ներկայացուցիչներից մեկի դեմ զինծառայությունից խուսափելու մասով քրգործ է հարուցվել եւ քննիչը փորձագիտական կարծիք ստանալու համար դիմել է ԵՊՀ Աստվածաբանության ֆակուլտետին, ինչը չի կարող անաչառ փորձագիտական կարծիք համարվել, քանի որ նշված ֆակուլտետը գտնվում է ՀԱԵ հսկողության ներքո։