Հրանուշ Հակոբյանի եղբոր որդին նշանակվել է «Թոքաբանության ազգային կենտրոնի» տնօրեն

Հրանուշ Հակոբյանի եղբոր որդին նշանակվել է «Թոքաբանության ազգային կենտրոնի» տնօրեն

«Հրապարակ»-ը տեղեկացավ, որ «Թոքաբանության ազգային կենտրոն» ՓԲԸ-ում կարմրուկի բռնկում է։ Տնօրինությունն այս տեղեկությունը գաղտնի է պահում: Վարակի փոխանցողները բուժաշխատողներն են՝ Մ.Լ-ն եւ Մ.Դ-ն, որոնցից՝ Մ.Լ-ն գտնվում է ծանր վիճակում եւ գտնվում է «Թոքաբանության ազգային կենտրոն» ՓԲԸ-ի վերակենդանացման բաժանմունքում, ինչը վտանգ է առաջացնում թոքերի հիվանդների համար:

Մենք փորձեցինք կապվել Թոքաբանության կենտրոնի տնօրենի հետ եւ տեղեկացանք, որ այստեղ վերջերս տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել: Նա ՀՀԿ-ական նախկին նախարար Հրանուշ Հակոբյանի եղբոր որդին է` Վահե Կորյունի Հակոբյանը:

Նախարարության մեր աղբյուրներն ասում են՝ Անահիտ Ավանեսյանը փոխել է «Թոքաբանության ազգային կենտրոնի» կազմակերպաիրավական ձեւը, որպեսզի «Թոքաբանության ազգային կենտրոն» ՓԲԸ-ի տնօրեն նշանակվելու շրջանակն ընդլայնվի: Եւ մայիսին արդեն մասնագիտությամբ վիրաբույժ, ՀՀ ԱՆ գլխավոր քարտուղարի տեղակալ Վահե Հակոբյանին նշանակել է Կենտրոնի տնօրեն։ Նորանշանակ տնօրենն ասում են՝ չէր կանխատեսել նմանատիպ խնդիրներ այս կենտրոնում: Սակայն Հակոբյանը` տնօրեն նշանակվելու հաջորդ օրվանից գործուղվել է «Կենտրոնական բժշկական հանձնաժողով», քանի որ նա 2024 թվականի զորակոչի «Կենտրոնական բժշկական հանձնաժողովի» նախագահն է (ՀՀ կառավարության 2024 թվականի ապրիլի 25 թիվ  589-Ն որոշում): 

Մենք զրուցել ենք Վահե Հակոբյանի հետ: Նա չհերքեց կարմրուկի մասին մեր տեղեկությունը։ «Ես հիվանդանոց չեմ գնում, գործուղման մեջ եմ, հիվանդանոցի տնօրենը չեմ, պաշտոնակատարն եմ, բայց, իհարկե, տեղյակ եմ, թե ինչ է կատարվում։ Բռնկում չի` 2 հոգի են հիվանդացել՝ մեկ բժիշկ եւ մեկ բուժքույր։ Մանրամասները խնդրում եմ ճշտեք նախարարության մամուլի ծառայությունից»,-ասաց նա։

Անդրադառնալով իր նշանակմանը՝ Հակոբյանն ասաց, որ ՓԲԸ տնօրենի կազմ-իրավական ձեւը սահմանափակում չի տալիս` կարող է վիրաբույժ էլ նշանակվել, իրավաբան էլ։ «ՓԲԸ-ի տնօրենի մրցույթը եղել է բաց, Դուք էլ կարող էիք մասնակցել»,-հավելեց Հակոբյանը։ 

Հիշեցնենք, որ 2023 թվականի մարտին Հայաստանում արձանագրվեցին կարմրուկի դեպքեր, որոնք տարածվել էին «Ուիգմոր» մանկական հիվանդանոցից՝ վարակի փոխանցողը եղել էր բուժքույրը: Մասնագետները բազմիցս բարձրաձայնել են շրջապատի համար վտանգ ներկայացնող «կարմրուկ» հիվադության հակահամաճարակային վերահսկողության հետ կապված խնդիրների մասին, սակայն ՀՀ առողջապահության նախարարությունն՝ ի դեմս նախարար Անահիտ Ավանեսյանի պնդում էր, թե ամեն ինչ վերահսկողության տակ է, չնայած դեպքերը 2024 թվականին կրկնակի ավելացել են: Փաստացի ՀՀ առողջապահության նախարարությունն ընդամենը տալիս էր տեղեկատվություն, իսկ ՀՀ առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմինը պասիվ հետևում էր վարակի տարածման ընթացքին: