Հեծանիվդ քշիր, քեզնից ի՜նչ ֆուտբոլ. վրացական դաս՝ Հայաստանի համար

Հեծանիվդ քշիր, քեզնից ի՜նչ ֆուտբոլ. վրացական դաս՝ Հայաստանի համար

Այն, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իշխանության գալուց հետո, և ոչ միայն, պարբերաբար ստել է ու նույնականացվում է ինչպես պոպուլիզմի, այնպես էլ՝ ստի ու կեղծիքի հետ, վաղուց գաղտնիք չէ:
«Կարեւոր եմ համարում, որ Հայաստանի մինչեւ 2050 թվականի վերափոխման ռազմավարության մեջ մենք ընդգծել ու ակնկալում ենք, որ Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը շատ կոնկրետ արդյունքներ արձանագրի: Մեր ակնկալիքն է, որ մինչ այդ ժամանակաշրջանը հավաքականը ոչ միայն դուրս կգա Եվրոպայի կամ Աշխարհի առաջնության եզրափակիչ փուլ, այլեւ կկարողանա դառնալ մրցանակակիր»:

Այս ամպագորգոռ հայտարարությունը Փաշինյանի հնչեցրել է 2021 թ. հուլիսին՝ ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանին և կառույցի փոխնախագահ Արմեն Նիկողոսյանին հյուրընկալելիս: Նա նաև ընդգծել էր, որ ֆուտբոլն այն ոլորտներից է, որտեղ հանրությունը տեսնում է իրական եւ էական փոփոխություններ: Թե ինչ եղան այդ փոփոխությունները՝ արդեն բոլորին է հայտնի: Թվում է՝ անշառ ու բազմահազար երկրպագուների համար արտաբերված տեքստ է սա: Բայց այստեղ էլ է իշխանությունից կառչած անձը խաղացել թիվ մեկ խաղի ֆանատների զգացումների և հույզերի հետ: Կարճ ասած՝ գոնե կարճաժամկետ և միջնաժամկետ հեռանկարում խաբել է, որովհետև Հայաստանի ֆուտբոլային ընտրանին, ցավոք, ֆուտբոլային աշխարհի լուսանցքում է:

Իսկ ի՞նչ է տեղի ունենում հարևան Վրաստանում. այդ երկրում չգիտեմ որչափ բարձր նշաձող են սահմանել կաշվե գնդակի հանրահայտ մարզաձևի հետ կապված, բայց փաստ է, որ վերջին զարգացումները հենց դրա մասին են վկայում: Վրացիները մեր աչքի առջև պատմություն են կերտում նաև ֆուտբոլում. այդ երկրի ազգային հավաքականը պատմական նվաճում է արդեն արձանագրել՝ առաջին անգամ մասնակցելով Եվրոպայի առաջնության եզրափակիչ փուլին: Ավելին, նրանց հաղթանակը Պորտուգալիայի ահեղ մրցակցի դեմ՝ 2:0 հաշվով, Վրաստանին բաղձալի ուղեգիր է պարգևել՝ խաղալու 1/8 եզրափակչում, որտեղ վրացական ազգային թիմի ախոյանը ոչ պակաս զորեղ մրցակից է՝ աշխարհի ու Եվրոպայի առաջատար ու տիտղոսակիր թիմերից մեկը՝ Իսպանիան: Ի դեպ, այս պահին, Գերմանիայում շարունակվող Եվրո-2024-ի լավագույն ռմբարկուն միանձնյա գլխավորում է Վրաստանի հավաքականի հարձակվողը:
Իրենց ընտրանու հավաքականը մեծ ցնծությամբ են նշել Վրաստանում, իսկ երկրի վարչապետ Իրակլի Կոբախիձեն երկրպագուներին հանդիպելուց և շնորհավորելուց հետո կոչ է արել բոլորին պատրաստվել Իսպանիայի հավաքականի հետ 1/8 եզրափակիչ խաղին։ Խոսելով իսպանացիների հետ առաջիկա հանդիպման մասին՝ նա հնչեցրել է հետևյալ կարգախոսը. «Անգամ ամենաուժեղ մրցակցի հետ խաղալիս պետք է հիշել, որ գնդակը կլոր է»։ 

Չե՛ս առարկի, բայց, ինչպես ասում են, կլոր է նաև երկրագունդը և ամեն ինչ ու ամեն ոք հիշվում է, այդ թվում՝ Փաշինյանը, որն այսօր տարվել է մեկ այլ մարզաձևով: Ֆուտբոլասերներին հուսախաբ արած վարչապետն այս անգամ էլ հանրահռչակում է հեծանվասպորտը՝ նույնքան սրտաճմլիկ տեքստեր արտաբերելով իր հեծանվային վոյաժների մասին, թե բա՝ հեծանիվը կյանք է...